Բաժիններ՝

«Միշտ չէ, որ անհրաժեշտ է ամեն ինչ բառերով ասել». Մարդկային ցավի, կորստի, անսահման գթասրտության ու հավատի խտացումը՝ «Զուլալի»  դրամայում

Օրերս Պարոնյան թատրոնում՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում տեղի ունեցավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։

Ներկայացումը մարդկային ցավի, կորստի, լռության ու ապրումակցման մասին է, թե ինչպես է հնարավոր ապրել սեփական ցավի ու կորստի հետ, մաքառել, ստանալ բազմաթիվ հարվածներ, բայց կյանքի ու մարդկանց հանդեպ չչարանալ, ներողամիտ լինել։ Այս ամենը հնարավոր է հաղթահարել, եթե նույնիսկ կա ցորենի հատիկի չափ գթասրտություն ու հավատ։

«Զուլալին» հերթական փորձն էր՝ բեմից խոսելու մարդկային ցավի, ներողամտության և հոգևոր վերածննդի մասին՝ հանդիսատեսին մղելով խորհելու կյանքի ամենաբարդ փորձությունների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ։

Կարդացեք նաև

Ներկայացման ռեժիսորը Գայանե Անդրասյանն է, ըստ նրա՝ «Զուլալին» բերմադրելու միտքը ծնվել է այն ժամանակ, երբ փնտրել է հայկական ժամանակակից ստեղծագործություն՝ բեմադրելու համար։ Տարբեր գործեր է ուսումնասիրել և այդ ճանապարհին էլ բոլորովին պատահական տեղի է ունեցել «հանդիպումը» «Զուլալին»։

«Գրքի տոնավաճառի ժամանակ այն հայտնվեց ձեռքիս, և հենց առաջին նախադասությունը, որ կարդացի, ինձ գրավեց։ Այդ պահին հասկացա, որ անպայման ցանկանում եմ բեմադրել այդ ստեղծագործությունը։ Այդպես էլ ծնվեց բեմադրության գաղափարը։

Դեռևս փորձերը չսկսած՝ արդեն հստակ պատկերացնում էի դերասանական կազմը։ Ի սկզբանե ընտրել էի հենց այս դերասաններին, և հետագայում որևէ փոփոխություն չի եղել։ Աշխատանքն ընթացել է շատ ներդաշնակ և արդյունավետ մթնոլորտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Պարոնյան թատրոնի տնօրինությանը, որի աջակցությամբ ամբողջ գործընթացը կազմակերպվեց շատ սահուն և հանգիստ։ Շնորհակալ եմ նաև դերասաններին՝ նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։ Ամբողջ ստեղծագործական աշխատանքի ընթացքում մենք որևէ լուրջ դժվարության կամ ստեղծագործական խնդրի չենք բախվել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գայանե Անդրասյանը։

Զուլալիին բեմում մարմնավորել էր Միլենա Ավանեսյանը, ով խոստովանեց, որ  համաձայնել է ստանձնել դերը, քանի որ վստահել է ռեժիսորին, միասին նախկինում էլ աշխատել են բեմում։

«Սա արդեն մեր չորրորդ համատեղ աշխատանքն է, և անկեղծ ասած՝ մեր չորս աշխատանքներից ամենասիրելին հենց սա է։ Գայանեի գաղափարով վարակվեցի դեռ այն ժամանակ, երբ նա ներկայացրեց, թե ինչ է ուզում անել։ Նրա տեսլականն այնքան համոզիչ էր, որ միանգամից համաձայնեցի՝ առանց որևէ երկմտանքի։ «Զուլալին» ինձ շատ բան սովորեցրեց։ Ամենակարևորը՝ սովորեցրեց ավելի խորությամբ զգալ։ Զուլալին չի խոսում, և այդ պատճառով իր բոլոր ապրումներն ու զգացմունքներն արտահայտում է ժեստերով, հայացքով և հույզերով։ Աշխատելով կերպարի վրա՝ որպես Միլենա, հասկացա, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է ամեն ինչ բառերով ասել։ Երբեմն բավական է պարզապես զգալ, և դա կարող է շատ ավելի խորն ու գեղեցիկ լինել, քան խոսքը»,- նշեց դերասանուհին։

Չխոսող կերպար մարմնավորելը դերասանուհու  համար ամենաբարդ խնդիրներից մեկն է եղել, այդ պատճառով էլ փորձել է ուսումնասիրել մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն խոսում, հասկանալ, թե ինչպես են նրանք արտահայտում իրենց հույզերն ու մտքերը։

Զուլալիի որդու՝ Նազարոսի դերակատարը Վազգեն Մկրտչյանն է, ով ասում է՝ պատասխանատվությամբ է մոտեցել իր դերին։

«Եթե խոսեմ այն մասին, թե ինչ է ինձ սովորեցրել այս ներկայացումը, ապա կպատասխանեմ իմ տեսանկյունից՝ այն, թե ինչպես եմ ես ընկալել կերպարիս և նրա գործունեությունը ստեղծագործության մեջ։ Իմ կարծիքով, ներկայացումը ցույց է տալիս, որ երբեմն որևէ խնդրի կամ կոնֆլիկտի լուծումը կարող է ծնվել այնպիսի իրադարձությունից, որն առաջին հայացքից միայն բացասական կամ անընդունելի է թվում։ Գործի ընթացքում տեսնում ենք, որ որոշ ողբերգական և ցավոտ դեպքեր հետագայում բերում են այնպիսի փոփոխությունների, որոնք մարդկանց կյանքում նոր շրջափուլ են բացում։ Օրինակ՝ այն իրադարձությունը, որը սկզբում ընկալվում է որպես ծանր և անթույլատրելի արարք, հետագայում դառնում է Նազարոսի ծննդի պատճառը։ Իսկ Նազարոսի ներկայությունն իր հերթին նոր շունչ ու կյանք է վերադարձնում ընտանիքին»,- շեշտեց դերասանը։

Նշենք, որ բեմի և զգեստների նկարիչը Սուսաննա Հախվերդյանն է, ներկայացման մեջ հանդես են գալիս Ռայա Հովհաննիսյանը, Միլենա Ավանեսյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Սերգեյ Ոսկանյանը, Վազգեն Մկրտչյանը, Իշխան Ղարիբյանը և Արման Սիմիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930