Եթե միջազգային դերակատարները դրա վրա աչք են փակելու, բնականաբար, իրենք էլ բացահայտվելու են՝ որպես ընտրակեղծիքների հովանավոր․ իրավապաշտպան
Նախօրեին ԿԸՀ-ն մերժել է ընդդիմադիր ուժերի միասնական պահանջը՝ ԲՀԿ-ին զրկելով խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորութունից։ Այսօր արդեն ի պատասխան հանրային, քաղաքական ու մասնագիտական շրջանակների քննադատությունների՝ Վահագն Հովակիմյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն»։
Իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը սա չի համարում ԿԸՀ-ի պաշտոնական դիրքորոշումը։
«ԿԸՀ կայքով Վահագն Հովակիմյանի՝ ինչ-որ մի տեղ ձևակերպած տեքստն է,- 168․am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Խուդոյանը, ապա նկատեց,- Այս հայտարարությունով Վահագն Հովակիմյանն ընդունում է, որ այս տեղամասերի վերաքվեարկությունն ընտրությունների արդյունքի վրա կարող էր ազդել, բայց նոր միտք է ծնել, որ՝ քանի որ այս պարագայում մարդիկ կգնային և հատուկ ինչ-որ ձևով քվեարկության կմասնակցեին՝ արդեն արդյունքներն իմանալով, ուրեմն իրենք չեն կարող դա թույլ տալ։
Բայց ադյ մեկնաբանությունը զրոյացնում է օրենսգրքի՝ վերաքվեարկության մասին կարգավորումը․ ցանկացած վերաքվեարկության հիմքն այն է, որ պետք է ազդի արդյունքների վրա, եթե չի ազդում, ուղղակի վերաքվեարկություն չի լինում ըստ օրենքի, և երկրորդ՝ ցանկացած վերաքվեարկություն ընտրություններից մի շաբաթ հետո է լինում, այսինքն` ցանկացած դեպքում այդ ընտրությունների ընդհանուր արդյունքները պարզ են լինում, ու ընտրողները կարող են կողմնորոշվել, գնալ արդեն ուրիշին ձայն տալ՝ ըստ նպատակահարմարության։
Այսինքն` նա որոշել է, որ Ընտրական օրենսգրքով, երբ մարդիկ ժամանակին ասել են` կարող է լինել վերաքվեարկություն, չի կարող լինել առհասարակ»։
Իրավապաշտպանը նկատեց՝ անգամ այս պարագայում պետք է ընտրությունների արդյունքներն այս կերպ չամփոփվեին․ պետք է լիներ համապետական վերաքվեարկություն։
Քանի որ մի շարք քաղաքական ուժեր հայտնել են Սահմանադրական դատարանում այս և այլ հանգամանքները վիճարկելու մասին, Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նույն պատկերը չենք ունենալու ՍԴ-ում։
«Բնականաբար, հասկանալի է, որ ՍԴ կազմն էլ առանձնապես ԿԸՀ-ի կազմից և մարդկային, և այլ որակներով չի տարբերվում, բայց գուցե քաղաքական նպատակահարմարությունը պահանջվի, որ պետք է դիմել ևս մեկ անգամ` ցույց տալու, որ ընտրությունների արդյունքները կեղծված են համակարգային ձևով»։
Արդյո՞ք միջազգային կառույցները համարժեք կարձագանքեն այսօր տեղի ունեցողին՝ մեր վերջին հարցին էլ Հովհաննես Խուդոյանը պատասխանեց դիտարկմամբ, որ ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, որ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով:
«Հիմա, եթե միջազգային դերակատարները դրա վրա աչք են փակելու, բնականաբար, իրենք էլ բացահայտվելու են՝ որպես ընտրակեղծիքների հովանավոր»,- հավելեց նա։

