ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։

Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը։

1. Թեհրանը կարող է վերաիմաստավորել TRIPP նախագիծը կամ առնվազն դադարել այն դիտարկել որպես «կարմիր գիծ»։ Նոր կոնֆիգուրացիայի պայմաններում TRIPP-ը կարող է վերածվել Թուրքիայի էներգամատակարարման կարևոր ուղու, ինչը լուծում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդիրներ։ Ներկայում ՆԱՏՕ-ի օրակարգում է ավտոնոմ վառելիքային համակարգի ձևավորումը՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների մատակարարման նպատակով։ Այս համակարգի մեջ տեղավորվում է նաև Թուրքիայի և Արևելյան Եվրոպայի միջև նոր վառելիքային ենթակառուցվածքի կառուցումը (Թուրքիա–Ռումինիա նավթամուղ), որի մասին գրել էի օրերս:

Իմ կանխատեսմամբ՝ մոտակա շրջանում Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը, առանց որի ձևավորվող ամբողջ էներգետիկ-տրանսպորտային ճարտարապետությունը կդառնա խիստ խոցելի։ Այս համատեքստում Հարավային Կովկասը աստիճանաբար կարող է վերածվել ՆԱՏՕ-ի լոգիստիկ համակարգի կառուցվածքային տարրի։

2. Այս պայմաններում հնարավոր է իրանական էներգակիրների մատակարարումների աճ դեպի Թուրքիա: Նշենք, որ մինչև 2026 թ. հուլիսի վերջը Իրանի և Թուրքիայի միջև գործում է գազամատակարարման պայմանագիր՝ տարեկան 10 մլրդ խոր.մ ծավալով։ 2025 թ. փաստացի մատակարարումները կազմել են մոտ 7,7 մլրդ խոր.մ։ Թուրքիան արդեն հայտնել է պայմանագրի երկարաձգման պատրաստակամություն։

Սա կարող է ուժեղացնել մրցակցությունը Թուրքիայի շուկայում՝ թուլացնելով Բաքվի բանակցային հնարավորությունները Անկարայի հետ էներգետիկ երկխոսության շրջանակում։ Տվյալներն առավել քան խոսուն են. 2025 թ. Թուրքիայի խողովակաշարային գազի ընդհանուր ներմուծումը կազմել է շուրջ 57,9 մլրդ, որից Ռուսաստանից՝ 21,1 մլրդ, Ադրբեջանից՝ 11,9 մլրդ, Իրանից՝ 7,7 մլրդ խոր.մ։

3. Կովկասի նշանակությունը աճում է որպես Մերձավոր Արևելքի և եվրասիական քաղաքականության հատման տարածք։ Եթե Իրանը մասամբ դուրս է գալիս մեկուսացման ռեժիմից, ապա մրցակցությունը տեղափոխվում է ոչ թե նրա զսպման, այլ իրանական էներգակիրների և ապրանքների շարժման երթուղիների վերահսկման դաշտ։

Դա ինքնաբերաբար բարձրացնում է Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը բոլոր արտաքին դերակատարների համար։ Այլ կերպ ասած՝ Կովկասը աստիճանաբար դադարում է լինել գլոբալ գործընթացների ծայրամաս և վերածվում է նոր լոգիստիկ ու էներգետիկ հոսքերի վերահսկման համար ընթացող պայքարի առանցքային հարթակի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930