Դարձ ի շրջանս յուր. վարչապետի տիկնոջ կարգավիճակով Աննա Հակոբյանի «վոյաժները» սկսվում են
Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ 2026 թվականի ապրիլին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր իր և Աննա Հակոբյանի վերամիավորման մասին:
«Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ։ Եվ ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի Ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել էր նա։
2026 թվականի փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ամուսնությունն» ավարտվել է, իսկ ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Տեսանյութ հրապարակեց, իբրև թե իրերը հավաքել է, արկղերով դասավորել և հեռանում է կառավարական ամառանոցից:
Հիշեցնենք, որ նրանց ամուսնությունը գրանցված չի եղել. «Ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք, մեր ամուսնությունը դե յուրե ամրագրված է մեր երեխաներով»,- Նիկոլ Փաշինյանը 2024-ին այսպես էր արձագանքել քննադատություններին, թե ինչո՞ւ նրանք դե յուրե ամուսիններ չեն, այն դեպքում, երբ Աննա Հակոբյանի հետ 27 տարի միասին են ապրում։
Նրանք իրենց ամուսնությունը, փաստորեն, պաշտոնապես գրանցել էին այս տարի՝ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ: 2026թ. փետրվարին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմամբ նրանց պաշտոնապես գրանցման և «ամուսնալուծության» մասին շատերը իմացան, երբ նա գրեց. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե՛լ զուսպ, լինե՛լ կոռեկտ։ Շնորհակալություն»։
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ հարգանքով է վերաբերվում Աննա Հակոբյանի որոշմանը։ Սակայն, ապրիլի 19-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի, նրան այցի ընթացքում ուղեկցում էր Աննա Հակոբյանը, ինչը տարբեր քննարկումների և խոսակցությունների առիթ էր տվել։ Նույն օրն, ի դեպ, Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում իր մեջքի հետևով անցնում է Աննա Հակոբյանը:
Ինչևէ, քչերը հավատացին այդ թատրոնին, շատերը հասկացան, որ տեղի է ունենում հերթական շոուն, որպեսզի լրատվամիջոցներին քննարկման նոր նյութ տան:
Իհարկե, նաև կային տեղեկություններ, որ Փաշինյանին աջակցող PR տեխնոլոգները նրան խորհուրդ էին տվել իր կողքից ժամանակավորապես հեռացնել Աննա Հակոբյանին, քանի որ նրա անտիռեյտինգը Փաշինյանի հակառեյտինգին նույնիսկ գերազանցում է:
Թատրոնը, շոուն ավարտվեց, հիմա նորից մարդ ու կին դերի մեջ են՝ որպես ամուսիններ:
Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է Աննա Հակոբյանին՝ որպես վարչապետի տիկնոջ, գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք):
3. Գործուղվողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- նշվում է Փաշինյանի որոշման մեջ:
Սրան զուգահեռ՝ Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ մեկնարկում է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլը կամ 2026-2030 թվականների ռազմավարական պլանը: Կարճ ասած՝ դարձ ի շրջանս յուր:

