Պաշտպանական սարքավորումներ և կատերներ՝ Բաքվին, V-BAT՝ Երևանին. ԱՄՆ առաջարկը ռազմաքաղաքական տարբեր նպատակներ է սպասարկում. Վիտալի Մանգասարյան

168.amգրել էր, որ Ադրբեջանը Սլովակիայի հետ 210 միլիոնի գործարք կնքեց, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։ Նույն ժամանակ տեղեկություն տարածվեց, որ Բաքուն ցանկանում է գնել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։ Իհարկե, դեռ պարզ չէ՝ ադրբեջանական մտադրության մասին տարածված տեղեկությունը կդառնա՞ ինչ-որ պահի շոշափելի պայմանագիր, թե՞ ոչ: Վերջին դեպքում մի նրբություն կա, ինչին անդրադարձել ենք մեկ այլ վերլուծությունում:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, հստակ է՝ Gripen կործանիչների ձեռքբերման դեպքում Ադրբեջանն անխուսափելիորեն բախվելու է  իրավաքաղաքական հավելյալ ֆիլտրերի, քանի որ ինքնաթիռը հագեցած է General Electric F414G ամերիկյան շարժիչով, ինչը ենթադրում է՝ ԱՄՆ-ի կողմից պիտի լինի թույլտվություն ռեէքսպորտի համար: Այսինքն, նշված հարցը դուրս է ադրբեջանա-շվեդական բանակցությունների շրջանակից և եռակողմ համաձայնության առարկա է դառնում այս դեպքում:

Ամեն դեպքում, այսօր ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը նման խոշոր գործարքներով:

Այս և անվտանգային այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:

Կարդացեք նաև

– Կարծում եմ, որ առաջին հերթին՝ Ադրբեջանը տարբեր գնումներով փորձում է մեծացնել սեփական զինված ուժերի կարողությունները միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ կտրվածքում: Ըստ որոշ տեղեկությունների, նախատեսվում է SAM-120 ավտոմատացված ականանետերի մատակարարում՝ սկսած 96 միավորից, իսկ այնուհետև այդ թիվը հնարավոր է մինչև 300-ի հասցնել: Միաժամանակ, այո, Բաքուն հետաքրքրություն է ցուցաբերում շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման նկատմամբ, որտեղ խոսակցություններ են ընթանում մինչև 48 ինքնաթիռի գնման շուրջ՝ ընդհանուր արժեքով շուրջ 6.5 միլիարդ դոլար։

Երկրորդ գործոնը զենքի միջազգային շուկայի բարձր գներն են, որոնք մերօրյա իրականության պայմաններում դարձել են չափազանց թանկ՝ հաշվի առնելով պահանջարկը, և բնական է, որ Ադրբեջանը փնտրում է օպտիմալ գին-որակ հարաբերակցություն։

Մեկ այլ կարևոր հանգամանք, որը կարելի է ավելացնել, դա մատակարարների դիվերսիֆիկացիան է: Ադրբեջանն ավանդաբար կախված է եղել ռուսական և իսրայելական զենքից, բայց վերջին տարիներին տեղափոխվում է դեպի եվրոպական աղբյուրներ, ինչպիսին Սլովակիան և Շվեդիան է, որպեսզի նվազեցնի կախվածությունը Մոսկվայից՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի հետևանքները և ռուսական սպառազինության հուսալիության խնդիրները:

Այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ Ադրբեջանին կվաճառեն ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորում, այդ թվում՝ զրահաբաճկոններ, կատերներ և այլն: Մարտական կատերների մատակարարման փաստը հաստատվեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Ադրբեջան այցի ընթացքում:

Իսկ Երևանում նրա այցի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը «V-BAT» հետախուզական ԱԹՍ-ներ է Հայաստանին մատակարարել, թեև ԱՄՆ փոխնախագահը հայտնել էր, որ 11 միլիոն դոլար արժողությամբ դրոնային տեխնոլոգիայի վաճառքի մասին է խոսքն ընդամենը: Ըստ էության, ԲՏԱ նախարարի հայտարարությունն ավելի շատ հաստատում է Վենսի ասածը: Ինչևէ, ո՞ր դեպքում Հայաստանն ավելի կշահի, և արդյո՞ք Ադրբեջանին միայն կատերներ մատակարարելով կսահմանափակվի ԱՄՆ-ը:

– ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանին ուղղված վերջին պաշտպանական նախաձեռնությունները՝ Ադրբեջանին պաշտպանական սարքավորումների և մարտական կատերների մատակարարման պատրաստակամությունը, իսկ Հայաստանին՝ «V-BAT» հետախուզական անօդաչու թռչող սարքերի առաջարկն առաջին հայացքից կարող են ընկալվել՝ որպես համեմատաբար հավասարակշռված քայլեր։ Սակայն բովանդակային առումով դրանք տարբեր ռազմաքաղաքական նպատակներ են սպասարկում և տարբեր ազդեցություն կարող են ունենալ կողմերի անվտանգության ճարտարապետության վրա։

Սահմանային վերահսկման, հետախուզության, թիրախների հայտնաբերման և տվյալների փոխանցման համար նախատեսված «V-BAT» տիպի հետախուզական ԱԹՍ-ների ձեռքբերումը տեսականորեն կարող է իրական արժեք ստեղծել Հայաստանի համար, եթե ճիշտ ինտեգրվեն կառավարման համակարգին, պատրաստվի անձնակազմը, և դրանք դառնան ոչ թե ցուցադրական, այլ իրական մարտավարական գործիք։

Իշխանության կողմից ոչ կոմպետենտ գնումների ծանր հետևանքները մենք, ցավոք սրտի, արդեն տեսել ենք՝ սկսած Սու-30 կործանիչներից մինչև «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգեր, երբ թանկարժեք տեխնիկան չօգտագործվեց ըստ նշանակության, կամ՝ դարձավ հեշտ թիրախ թշնամու համար։ Դժվարությամբ, բայց, ամեն դեպքում, ուզում եմ հույս ունենալ, որ գոնե այս անգամ ստեղծած հնարավորություններից հնարավորինս արդյունավետ կկարողանան օգտվել, այլ ոչ թե հերթական անգամ սահմանափակվել տարաբնույթ ֆոտոներով, որի պակասը վերջին շրջանում չկա։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Վենսի կողմից նշված 11 միլիոն դոլար արժողությամբ տեխնոլոգիան ինքնին հեղափոխական փոփոխություն չի բերելու Հայաստանի պաշտպանունակության մեջ։ Այն կարող է լինել օգտակար գործիք, բայց ոչ խաղի կանոններն արմատապես փոխող գործոն։ Առավել շահեկան սցենար Հայաստանի համար կլիներ ոչ միայն առանձին տեխնիկայի ձեռքբերումը, այլ համագործակցության խորացումը՝ ուսուցում, տվյալների փոխանակում, ծրագրային և կառավարման համակարգերի խորը ուսումնասիրություն և այլն:

Ադրբեջանի դեպքում պատկերն այլ է։ Մարտական կատերների և պաշտպանական ծովային սարքավորումների մատակարարումը պաշտոնապես ներկայացվում է՝ որպես տարածքային ջրերի պաշտպանության միջոց, սակայն, տարածաշրջանային համատեքստում այն ունի ավելի լայն նշանակություն։ Կասպից ծովը կարևոր հանգույց է Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ծովային հնարավորությունների ուժեղացումը փաստացի ստեղծում է տեխնիկական պլատֆորմ, որն ինչ-որ փուլում հնարավոր է գործարկվի նաև Իրանի դեմ՝ առնվազն հետախուզական, վերահսկողական սցենարներում։

Այս համատեքստում Հայաստանի գլխավոր մարտահրավերը ոչ թե այն է, թե ինչ են առաջարկում դրսից, այլ՝ թե արդյո՞ք մենք ի վերջո սովորելու ենք այդ առաջարկները խելամիտ, հաշվարկված և ազգային շահերին համապատասխան օգտագործել։

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի՝ Հայաստան այցի ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշեց հանրայնացնել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները: Դուք ի՞նչ եզրակացություններ արեցիք ներկայացվածից:

Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշների ֆոտոշարքը, անկասկած, հանրային ուշադրություն գրավեց։ Լավ է, որ վերջապես տեսանք «գեղեցիկ ֆոտոներ», որոնք ցույց են տալիս, թե ինչ է իրականում հայտնվում զինված ուժերի զինանոցում։ Դրական է նաև այն հանգամանքը, որ հնդկական զինտեխնիկայի կողքին հանրությանը ներկայացվեցին հայկական արտադրության որոշ նմուշներ։ Ցանկանում եմ նաև նշել, որ այդ նմուշների մի մասը նախագծվել և մշակվել է առնվազն 7-8 տարի առաջ, այսինքն՝ դրանք հանկարծակի առաջընթաց կամ վերջին մեկ-երկու տարվա բացառիկ ձեռքբերում չեն։ Սակայն, ցանկացած զինտեխնիկա միայն ցուցադրելու, «գեղեցիկ բանտիկներով կապելու» համար չէ։

Զենքի, այսպես ասած, հողի վրա իրական արժեքը սկսվում է նրա արագ և արդյունավետ ինտեգրումից զորքերում։ Առանց ուսուցման, մարտավարական ադապտացիայի և կիրառման մշակույթի՝ նույնիսկ ամենաժամանակակից համակարգը դառնում է «մետաղի ջարդոն»։

Այդ ինտեգրման լավագույն դրսևորումը լայնածավալ զորախաղերի անցկացումն է։ Ցանկալի է՝ հնարավորինս խոշորամասշտաբ, որպեսզի ոչ միայն գործող անձնակազմը ծանոթանա նոր զինտեխնիկային և խաղարկի դրա կիրառման տարբեր սցենարներ, այլ նաև մոբիլիզացիոն ռեսուրսը գոնե մոտիկից տեսնի, շոշափի և կիրառի այն։ Առանց ՄՈԲ ռեսուրսի պատրաստվածության՝ ցանկացած նոր սպառազինություն մնում է, այսպես ասած, թերի գործիք։

Վերջապես անհնար է շրջանցել 2020 թվականի և դրան հաջորդած իրողությունը, երբ հայկական կողմը հսկայական քանակի զենք-զինամթերք կորցրեց և փաստացի «նվիրեց» հակառակորդին։ Այդ մասշտաբի կորուստներից հետո այսօր որոշակի գնումները ներկայացնել որպես «աննախադեպ»՝ ինքնին աննախադեպ ձևակերպում է։

– Քանի որ անդրադարձանք Իրանի «ծովային» դիրքերը թուլացնելու ԱՄՆ մտադրությանը, չանտեսենք Իրանի դեմ հարձակման հավանականության խնդիրը, դեռևս հրապարակային փորձ է արվում բանակցային միջավայրը պահպանել, ինչի շուրջ ԱՄՆ նախագահ Թրամփը և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քննարկում են ունեցել, հստակ արդյունք չկա: Իր հերթին՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ Իրանի դեմ հարձակում տեղի չունենա, Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնում: Ավելին, վերջին օրերին ԻրանԱդրբեջան պաշտոնական տարբեր մակարդակի շփումներ են տեղի ունենում: Իրանը հավատո՞ւմ է Բաքվի խոստումներին և անկեղծությանը, ի՞նչ եք կարծում:

– Իրանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված և բազմաշերտ։ Վերջին շաբաթներին շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ-ը էականորեն մեծացրել է իր զինտեխնիկայի և զորքերի տեղաշարժերն Իրանի հարևանությամբ՝ ներառյալ նավատորմի ուժեր, հետախուզական և հարվածային ավիացիա։ Այս ֆոնին Իսրայելը, ինչպես բազմիցս ակնարկել է, «ատամները սրած» սպասում է «կանաչ լույսի»՝ իրանյան ուղղությամբ ավելի կոշտ գործողությունների համար։ Թեև ուղիղ բախման հավանականությունը, միանշանակ, կանխատեսել դժվար է, ակնհայտ է, որ իրավիճակը գնալով մոտենում է վտանգավոր սահմանագծի։

Այս համատեքստում ուշագրավ է Թուրքիայի և Ադրբեջանի վարքագիծը։ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես զսպող գործոն՝ ջանքեր գործադրելով, որ լայնամասշտաբ պատերազմ Իրանի դեմ չսկսվի, քանի որ դա հարված կհասցնի ամբողջ տարածաշրջանային կայունությանը։ Ադրբեջանն էլ հրապարակավ արտահայտում է իր «մտահոգությունները» հնարավոր էսկալացիայի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Իրանը հավատում է Բաքվի տարաբնույթ հավաստիացումներին, կարծում եմ, որ այդ խոստումներին լիարժեք հավատալը կլինի միամտություն Իրանի կողմից։ Իրանում շատ լավ հասկանում են, որ 2020 թվականից հետո Ադրբեջանում արագ տեմպերով կառուցված օդանավակայաններն առաջին հերթին կարող են ծառայել որպես պլացդարմ հենց Իրանի դեմ գործողությունների համար։ Թեհրանում նաև քաջատեղյակ են, որ իսրայելական հատուկ ծառայությունները փաստացի դիրքավորված են Իրանի և Ադրբեջանի սահմանային գոտիներում, ինչը չի կարող չընկալվել՝ որպես ուղիղ սպառնալիք ազգային անվտանգությանը։

Ավելին, համացանցում շրջանառվող կադրերի և տեղեկությունների համաձայն, դեռ նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի դեմ կիրառված ԱԹՍ-ների մի մասը գործարկվել է ադրբեջանական տարածքից, ինչը Թեհրանի համար պարզապես լրացուցիչ ազդակ է վտանգի իրական լինելու մասին։ Իրանական ռազմաքաղաքական էլիտան լավ է հասկանում, որ այս գործընթացները համակարգային են և պատահական չեն։ Հետևաբար՝ դժվար է պատկերացնել, որ պաշտոնական Թեհրանը կարող է երկարաժամկետ հեռանկարում աչք փակել այս ամենի վրա։

Այնուամենայնիվ, այս փուլում Իրանը շարունակում է համադրել դիվանագիտական ակտիվությունն ուժի ցուցադրման հետ՝ հստակ ազդակ ուղարկելով, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Թե ինչ բնույթի գործողությունների կհանգեցնի այս լարվածությունը, կանխատեսել դժվար է, սակայն մի բան միանշանակ է՝ տարածաշրջանային էսկալացիան չի բխում նաև Հայաստանի շահերից։ Մինչ տարբեր երկրներ առնվազն փորձում են մոդելավորել ու խաղարկել հնարավոր ամենավատ սցենարներն ու զարգացումները, ցավոք, հայաստանյան իշխանությունները շարունակում են առաջնորդվել միայն լավագույն սցենարի տրամաբանությամբ՝ ենթադրելով, թե «ոչ մի խնդիր էլ չկա», և բոլորը բոլորին միայն «ջան են ասում ու ջան լսում»։

– ԱՄՆ փոխնախագահ Վենսը Բաքվում հայտարարել է, թե Թրամփից հետո Ալիևը միակ ղեկավարն է, որը լավ հարաբերություններ ունի և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի հետ, սա մեսի՞ջ է, թե՞ պահի թելադրանքով թույլ տրված «անմեղ» ձևակերպում:

– Փաստացի ԱՄՆ փոխնախագահը միջազգային հանրության ընկալումներում փորձում է ամրապնդել մի ղեկավարի դիրքերը, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների պահպանման տեսանկյունից, մեղմ ասած, աչքի չի ընկել։ Ալիևի իշխանությունը միջազգային հանրության կողմից տարիներ շարունակ քննադատվում է ազատ ընտրությունների բացակայության, քաղաքական ընդդիմության ճնշման, անկախ մամուլի սահմանափակման և քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողության համար։ Սակայն Վենսի հայտարարության մեջ այդ ամբողջ իրականությունը մղվում է ետին պլան։

Սա նոր մոտեցում չէ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ։ Մենք նաև տեսել ենք, թե ինչպես է Վաշինգտոնը, սեփական ռազմաքաղաքական շահերից ելնելով, «ռեբրենդինգ» անում խնդրահարույց առաջնորդներին։ Սիրիայի փաստացի ղեկավարի պարագայում Թրամփի կողմից կիրառված մոտեցումը դասական օրինակ է․ նա փորձեց «օծանելիք ցանել» այն արյան հոտի վրա, որը տարիներ շարունակ կապված էր Սիրիայի ղեկավարության հետ՝ զանգվածային բռնությունների և պատերազմի հանցագործությունների համատեքստում։

Ալիևի դեպքում նույն տրամաբանությունն է գործում, երբ փաստացի անտեսվում են նաև մարդու իրավունքների կոպիտ խախտումները, որի վառ դրսևորումներից է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ գերիների առկայությունը։ Այնուամենայնիվ, նման հայտարարությունների ֆոնին գերիների թեման դիտավորյալ դուրս է մղվում օրակարգից՝ չխանգարելու «կառուցողական գործընկեր» կերպարի ձևավորմանը, թեև ամերիկյան աղբյուրներից տեղեկություններ կան, որ Բաքվում Վենսը քննարկել է գերիների ազատ արձակման հարցը, այլ մանրամասներ հայտնի չեն:

Տեսանյութեր

Լրահոս