210 միլիոն եվրոյի գործարք. Ադրբեջանի և Սլովակիայի նախագահների ռազմական հայտարարությունները գործնական ուժ են ստանում

168.am-ը, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ (48 միավոր)։ Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Սլովակիան և Ադրբեջանը խոշոր գործարք են կնքել: Խոսքը 210 միլիոն եվրո արժողությամբ շրջանակային պայմանագրի մասին է, որով CAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։

Սոլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել է, որ համաձայնեցվել է մատակարարումների առաջին խմբաքանակը, որը ներառում է 96 ականանետ:

Կարդացեք նաև

Մենք դեռ 2025 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ Բաքուն մտադիր է Սլովակիայից հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերել:

Ավելին, հայտնել էինք, որ Ադրբեջանը և Սլովակիան քննարկում են ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում համագործակցություն սկսել՝ սլովակական տեխնոլոգիա՝ գումարած ադրբեջանական գումարներ: Այս տեղեկությունն անցած տարի դեկտեմբերին Բրատիսլավա կատարած այցի ընթացքում հաստատել էր անձամբ Իլհամ Ալիևը:

«Այստեղ խոսքը սիներգիայի ձևավորման մասին է, երբ սլովակական տեխնոլոգիաների և Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունների համատեղմամբ՝ հնարավոր է ստեղծել նոր արտադրանք, որը կհետաքրքրի նաև համաշխարհային շուկաներին: Ավելին, սա մեծ օգուտներ կբերի մեզ: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք կոնկրետ նախագծերի վրա»,- հրավիրված ասուլիսի ժամանակ շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:

Իր հերթին՝ հանդիպմանը ներկա Սլովակիայի նախագահ Պետեր Պելլեգրինին հավելել էր.

«Մենք հատկապես մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում և ոչ միայն: Մենք կարող ենք Ադրբեջանի հետ աշխատել, այն է՝ փոխանցել տեխնոլոգիաներ և օգտագործել ադրբեջանական ֆինանսական միջոցները՝ ստեղծելու ժամանակակից արտադրություն և վաճառելու այն երրորդ երկրների: Ուրախ եմ նաև, որ Ադրբեջանը հետաքրքրություն է դրսևորել հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերելու հարցում և արդեն հայտարարել է իր այս մտադրության մասին։ Վստահ եմ, որ այս տեսակի սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերը»:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-րդ տարվան նվիրված Բաքվի զորահանդեսին ներկա են եղել Սլովակիայի փոխվարչապետը և պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք նաև, որ երբ 2019 թվականին այդ ժամանակ Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն այցելել էր Հայաստան և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիս էր տվել, նրա ուշադրությունը հրավիրվել էր այն հանգամանքի վրա, որ իրենց սպառազինությունն Ադրբեջանում է հայտնվում ոչ թե ուղղակիորեն, այլ՝ միջնորդավորված, երրորդ երկրների միջոցով, մասնավորապես՝ Իսրայելի միջոցով:

«Սլովակիայի ու Իսրայելի միջև առանձին համաձայնագիր է եղել, առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողն Իսրայելն է։ Մենք այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք նաև նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կարծում եմ՝ գործը փակ է։ Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք միմյանց, հասկացել ենք միմյանց, կարծում եմ, որ այս քննարկումը դադարել է ու չի շարունակվելու, ինչպես նաև պայմանագիրը դադարեցված է»,- վստահեցրել էր Լայչակը:

Իսկ թե որքանով է այն գործնականում տեղի ունեցել, կարելի է միայն ենթադրություն անել:

Տեսանյութեր

Լրահոս