ԱՄՆ զենքի արտահանման նոր ռազմավարությունը. Հայաստանն ու Ադրբեջանը՝ Թրամփի «պլաններում»

Այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ պատրաստվում են ամրապնդել Ադրբեջանի հետ իրենց ռազմավարական համագործակցությունը:

«Մենք Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորում, այդ թվում՝ զրահաբաճկոններ, կատերներ և այլն»,- մանրամասնել էր նա:

Նշված գրառման մեջ Թրամփը հայտնել էր նաև, որ Հայաստանի հետ էլ պատրաստվում են խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կնքել:

Ավելի ուշ այս ամենը գործնական տեսք ստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում. Երևանում Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրեցին միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն, իսկ Բաքվում Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են https://minval.az/news/124515952 ռազմավարական գործընկերության մասին խարտիա, որն ընդգրկում է մի շարք ոլորտներ: Մասնավորապես, ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական խարտիայում անվտանգության և պաշտպանության ոլորտին առնչվող հետևյալ կետերն են ամրագրված`

Կարդացեք նաև

– Ադրբեջանը և ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել պաշտպանական համագործակցության և անվտանգության ոլորտում փոխգործակցության շրջանակը, որը ներառում է նաև պաշտպանական արտադրանքի վաճառք կամ մատակարարում:

Ադրբեջանը և ԱՄՆ-ը, հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարին հավատարմությունը, մտադիր են ընդլայնել այս ոլորտում գոյություն ունեցող համագործակցությունը։

– Ադրբեջանը և ԱՄՆ-ը մտադիր են համագործակցել՝ հզորացնելու կիբերանվտանգության ներուժը և պաշտպանելու կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառուցվածքները (Ադրբեջանը կիբերանվտանգության ոլորտում երկար տարիներ ռազմավարական համագործակցություն ունի Իսրայելի հետ։- Մ.Պ.):

– Հաշվի առնելով ականների և այլ պայթուցիկ նյութերի հետ կապված Ադրբեջանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները, Ադրբեջանը և ԱՄՆ-ը մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման կարողությունների զարգացման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման տեսքով:

Նշվում է, որ Խարտիայի համատեքստում ստանձնած պարտավորությունների կատարումը ենթադրում է նաև աշխատանքային խմբերի ստեղծում, տվյալ դեպքում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում:

Բացի այս, Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանին մատակարարելու են նոր կատերներ, որպեսզի օգնեն երկրին պաշտպանել իր տարածքային ջրերը։

Այս համատեքստում մի դրվագ հավելենք: 168.am-ը, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, հայտնել է, որ Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ (48 միավոր)։ Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։ Իհարկե, դեռ պարզ չէ՝ ադրբեջանական մտադրության մասին տարածված տեղեկությունը կդառնա՞ ինչ-որ պահի շոշափելի պայմանագիր, թե՞ ոչ:

Բայց մի բան, ըստ ադրբեջանական աղբյուրների, հստակ է՝ Gripen կործանիչների ձեռքբերման դեպքում Ադրբեջանն անխուսափելիորեն բախվելու է  իրավաքաղաքական հավելյալ ֆիլտրերի, քանի որ ինքնաթիռը հագեցած է General Electric F414G ամերիկյան շարժիչով, ինչը ենթադրում է՝ ԱՄՆ-ի կողմից պիտի լինի թույլտվություն ռեէքսպորտի համար: Այսինքն, նշված հարցը դուրս է ադրբեջանա-շվեդական բանակցությունների շրջանակից և եռակողմ համաձայնության առարկա է դառնում այս դեպքում:

Իհարկե, Բաքվում գտնում են, որ Ալիևի և Թրամփի ջերմ հարաբերությունները կարող են դրական դեր խաղալ՝ դյուրացնելու ամերիկյան բաղադրիչների արտահանման լիցենզիայի ստացումը, հատկապես հաշվի առնելով Թրամփի ադմինիստրացիայի 907-րդ ուղղման կասեցումը, թեև Բաքուն ձգտում է հասնել սահմանափակումների ամբողջական և վերջնական բացառմանը:

Վերադառնանք Վենսի՝ երևանյան այցին: Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»: Ընդ որում, լուսանկարներ էին հրապարակվել:
Իսկ ԱՄՆ փոխնախագահը նույն ժամանակ մի փոքր այլ հայտարարություն է արել.

«11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար»:

Համաձայնեք, որ Փաշինյանի և Վենսի ասածների միջև տարբերություն կա, այսինքն՝ ԱԹՍ-ի և տեխնոլոգիայի վաճառքը նույնը չէ: Օրինակ, Սլովենիան Ադրբեջանին տրամադրել է ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության տեխնոլոգիան, Բաքուն էլ համապատասխան ֆինանսական միջոցներ է ներդնելու, որպեսզի կազմակերպվի դրանց արտադրությունը: Ընդ որում, այս սիներգիայի ձևավորման նպատակը համաշխարհային շուկաներին նոր արտադրանք տալն է: Արդյո՞ք Հայաստանի դեպքում նույն բանը կարող է տեղի ունենալ:

Ի դեպ, մի քանի օր է՝ Պաշտպանության նախարարությունից փորձում ենք ստանալ այս հարցի պատասխանը՝ մեզ տեխնոլոգիա են վաճառե՞լ, թե՞ ԱԹՍ, ոչ մի պատասխան դեռ չենք ստացել:

Նշենք, որ Ուկրաինայում ռազմական մկրտություն ստացած և ԱՄՆ զինուժի կողմից կիրառվող ամերիկյան «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքերը Հնդկաստանը ևս գնել է, իսկ հիմա արդեն տեղեկություններ կան, որ երկիրը թույլտվություն ունի այն արտադրելու՝ Shield AI ընկերության լիցենզիայով:

Հայաստանի դեպքում դեռ հստակեցումների անհրաժեշտություն կա՝ ԱՄՆ-ը ՀՀ-ին զուտ ԱԹՍ-նե՞ր է վաճառել, թե՞ կարող ենք հայ-ամերիկյան ձեռնարկության կամ ամերիկյան տեխնոլոգիայով ռազմական նշանակության արտադրության ստեղծման ակնկալիք ունենալ ապագայում:

Հավելենք, որ V-BAT-ը (ԱՄՆ զինված ուժերում կիրառվող պաշտոնական անվանումն է՝ MQ-35A) ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) անօդաչու օդային համակարգ է: V-BAT-ը ստեղծվել է Martin UAV ընկերության կողմից և հետո ձեռք բերվել Shield AI-ի կողմից։

Ի դեպ, մոտ երկու շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով հայտարարվում է ամերիկյան զենքի վաճառքի կամ արտահանման նոր ռազմավարության մասին։ Նշվում է, որ առաջնահերթությունը տրվելու է այն դաշնակից կամ գործընկեր երկրներին, որոնք զբաղված են սեփական պաշտպանության ամրապնդմամբ, և այս տրամաբանության մեջ են ներդրումներ անում, ինչպես նաև՝ գտնվում են աշխարհագրական առումով կրիտիկական կարևորություն ունեցող տարածաշրջանում, այսինքն, աշխարհագրական դիրքի առումով հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ ծրագրերի և գործողությունների տեսանկյունից, կամ՝ նպաստում են ամերիկյան տնտեսական անվտանգությանը: Սա, ըստ էության, առկա է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի դեպքում՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս:

Տեսանյութեր

Լրահոս