Pinaka-ից մինչև Gripen. Հայաստանը բացում է խաղաքարտերը, Ադրբեջանը գնում է 6,5 միլիարդանոց կործանիչներ

2026 թվականի հունվարի 18-ին հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հնդկաստանի Նագպուր քաղաքում՝ Solar Defence and Aerospace Limited (SDAL) գործարանից, տեղի է ունեցել «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։

Արդեն փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը, որը մի քանի օրերի ընթացքում կարևոր ռազմական հանդիպումներ է ունեցել:

Նախ Անիլ Չաուհանին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որի մասին պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցության ծրագրերը կանոնավոր են իրականացվում:

Ավելին, գեներալ Չաուհանը պատրաստակամություն է հայտնել ոչ միայն շարունակել համագործակցության զարգացումն առկա ուղղություններով, այլև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով համագործակցություն է նախաձեռնել:

Կարդացեք նաև

Իսկ Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբների պետերի հանդիպմանը նույնիսկ Հայաստանում և Հնդկաստանում հայ-հնդկական վարժանքներ ու զորավարժություններ անցկացնելու պլաններ են քննարկվել:

Այցի ընթացքում գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը հասցրել է հանդիպել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հեռանկարներ քննարկել:

Ի դեպ, Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան նաև ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները, որոնք մինչ այս գաղտնի էին պահվում և ցուցադրվում էին միայն փակ ձևաչափով:

Մասնավորապես, գեներալ Անիլ Չաուհանին ներկայացվել են Հայաստանի կողմից ձեռք բերված հնդկական սպառազինության նմուշները, այդ թվում՝ Akash-1S զենիթահրթիռային համակարգը, Pinaka ռեակտիվ համազարկային կրակի համակարգը, MArG 155-BR/39 155 մմ/39 ինքնագնաց հաուբիցը՝ 4×4 ավտոմոբիլային շասսիի վրա, ինչպես նաև՝ Trajan 155 մմ քարշակային հաուբիցները, որն արտադրվել է հնդկական L&T ընկերության կողմից՝ KNDS France-ի լիցենզիայով և հատուկ նախատեսված է Հայաստանի համար։ Հայաստանը դարձել է այս համակարգերի առաջին արտասահմանյան շահագործողը։

Նշենք, որ այցի ընթացքում ցուցադրվել են նաև հայկական արտադրության տարբեր անօդաչու թռչող սարքեր, և ոչ միայն:

Իսկ Հնդկաստանի և Հայաստանի արտադրության սպառազինության նմուշների հանրայնացումն անմիջապես իշխանական շրջանակները վերածեցին քաղաքական քարոզչության, ինչը կանխատեսել էինք նախքան դա:

Մասնավորապես, մենք տեղեկություն ենք ստացել, որ չի բացառվում՝ հենց մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը նախընտրական շահերի համատեքստում կազմակերպի նոր գնված սպառազինության ցուցադրություն-զորահանդես:

Մյուս կողմից, հնդկական սպառազինության նմուշների հանրայնացումն իշխանական շրջանակների կողմից օգտագործվեց հակառուսական տրամաբանության մեջ, այն դեպքում, երբ ռուս-ուկրաինական պատերազմից Ռուսաստանը դուրս է գալիս նոր որակի բանակով, ռազմարդյունաբերական նոր ծրագրերով, դեռ չենք նշում ուկրաինական պաշտոնական խոստովանությունների մասին, թե ինչպես արևմտյան զենիթահրթիռային համակարգերը չեն կարողանում որսալ ռուսական դրոններն ու հրթիռները: Հիշեցնենք, որ ՀՀ զինանոցում առկա է ռուսական սպառազինություն, ավելին՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1960-ականների զենք համարվող Դ-30 հաուբիցից չեն հրաժարվել, պարզապես ձեռք են բերել գործարանային արտադրության: Ինչևէ։

Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ դիլետանտության և քաղաքական համակրանքների կամ հակակրանքների տրամաբանության մեջ չի կարելի քննարկել բանակին և սպառազինությանը վերաբերող նուրբ հարցեր, առավելևս՝ առողջ քննադատությունը չի կարելի սրերով ընդունել:

Այս համատեքստում հարկ է նկատել, որ Հայաստանի ձեռք բերած հնդկական զենքի մասին անգամ մասնագիտական կարծիքները միանշանակ չեն, եղել են նաև բացասական գնահատականներ: Մեզ նույնիսկ տեղեկություններ էին հասել, որ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել էր նաև, որովհետև, այսպես ասած՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարության սրտով չի եղել կառույցի մասնագետների եզրակացությունը՝ կապված հնդկական սպառազինության հետ: Իսկ այստեղ աշխատել են փորձառու զինվորականներ, գեներալներ: Չխորանալով մանրամասների մեջ, քանի որ բավարար ապացույցների կարիք կա, մեկ բան, սակայն, փաստ է՝ ցանկացած ռազմական տեխնիկայի լավ կամ վատ, արդյունավետ և ոչ արդյունավետ լինելու լավագույն վկայությունը մարտական պայմաններին մոտեցված զորավարժություններն են, կամ՝ պատերազմը: Իհարկե, թող երբեք ՀՀ ձեռք բերված սպառազինությունը պատերազմի փորձություն չանցնի, բայց նշվածը պարզ ճշմարտություն է: Թեպետ նշենք, որ Հնդկաստան-Պակիստան ռազմական բախման ժամանակ Հնդկաստանն, օրինակ, կիրառել է Հայաստանին վաճառած Akash-1S զենիթահրթիռային համակարգը:

Ի դեպ, չպետք է անտեսել փաստը, որ Հայաստանի շնորհիվ Հնդկաստանը բարելավեց իր դիրքերը զենքի համաշխարհային շուկայում: Եվ դեռ 2023 թվականին, երբ Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական համագործակցության սկզբնական փուլն էր, Ադրբեջանի պաշտոնական դժգոհություններին ի պատասխան՝ Հնդկաստանը պաշտոնապես հենց այդպես էլ ասել էր՝ «Ничего личного, это просто бизнес»:

Իհարկե, այսօր Հայաստան-Հնդկաստան պաշտպանական հարաբերությունները միայն բիզնես շահի վրա չեն հիմնված, բայց կոմերցիոն շահը որևէ մեկը չի չեղարկել նման դեպքերում: Ֆրանսիայի դեպքում ևս տարբեր բնույթի շահեր կան, և քաղաքական հարմար պահի ՀՀ իշխանությունները, անշուշտ, ինչպես արդեն նշեցինք՝ կհանրայնացնեն նաև Ֆրանսիայի մատակարարած սպառազինության նմուշները:

Բնականաբար, կարևորը բանակի կարողությունների զարգացումն է, և, ըստ էության, էական չէ՝ ո՞ր երկրի միջոցով, եթե տեխնիկական հնարավոր խնդիրները կարգավորված կլինեն: Օրինակ, ֆրանսիական ռազմական տեխնիկան բավականին որակյալ է, բայց դրանց սպասարկման հետ կապված, ըստ մասնագետների, որոշ դժվարություններ կարող են առաջ գալ: Բանակին, անվտանգությանը, սպառազինությանն առնչվող հարցերում շատ կարևոր է քաղաքական զսպվածությունը՝ նախքան զենքի ձեռքբերումը և դրանից հետո: Այսինքն, պետք է թույլատրելի սահմանում հայտնել կատարվածի մասին. քաղաքական քարոզչությունը պետք է սահմաններ ունենա, և բանակի կարողությունների ամրապնդումը չստորադասվի անձի կամ իշխող ուժի հեղինակության բարձրացմանը:

Ինչևէ, մինչև ՀՀ-ում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը տարբեր մակարդակի հանդիպումներ էր ունենում ՀՀ-ում, Ադրբեջանը Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականության հետ է հանդիպել և քննարկել ռազմական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները: Նույն ժամանակում Բաքուն ԱՄԷ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու հարցեր է քննարկել: ԱՄԷ-ն պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում ընկալվում է՝ որպես բավարար զարգացած տեխնոլոգիական սեկտոր, Ադրբեջանն էլ փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական պոտենցիալը, և հաստատ համագործակցության եզրեր և շահեր կան:

Ավելին, այսօր ադրբեջանական աղբյուրները տեղեկություն տարածեցին, որ Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ (48 միավոր)։ Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։

Եթե գործը հասնի կործանիչների մատակարարման շուրջ համաձայնագրի ստորագրմանը, ապա մատակարարումները կսկսվեն 2029 թվականից, իսկ գործարքն իր մեջ կներառի ծառայությունների համալիր փաթեթ` ուսուցում, նյութատեխնիկական ապահովում, պահեստամասեր և զինամթերք: Իսկ մինչ այդ Բաքուն Պակիստանից ստանում է պատվիրած 40 հատ JF-17C Block-III կործանիչները։ 

168.amգրել էր, որ Ալիևը մտադիր է իր երկրի ռազմական բյուջեն աստիճանաբար նվազեցնել, և 2030 թվականին, օրինակ, ինչպես հայտարարվել է, այն կարող է հասնել 7,969 միլիարդ մանաթի (4,69 միլիարդ դոլար՝ ընթացիկ կուրսով):

Ադրբեջանական փորձագետների դիտարկմամբ, երկրի պաշտպանական ծախսերի առաջիկա 4 տարիների աստիճանական կրճատումը, ինչի մասին նշեցինք, չափավոր է, այսինքն, բնավ չի ենթադրում ռազմական պոտենցիալի նվազում, այն ընդամենը վկայում է արդիականացման ցիկլի ավարտի մասին, և չի բացառվում սպառազինման և արդիականացման նոր փուլի մեկնարկը: Այս ամենից կարելի է ենթադրել, որ տարածաշրջանում խաղաղության վերջնական հաստատման մասին դեռ վաղ է խոսել, կամ՝ ռազմական սցենարները չպետք է միանշանակ բացառել:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Ադրբեջանը բավականին մեղմ ընդունեց Հնդկաստանի և Հայաստանի արտադրության սպառազինության նմուշների հանրայնացումը, այն դեպքում, երբ Ադրբեջանը վտանգ է տեսել ՀՀ բանակի հատուկ նշանակության ուժերի զինծառայողների զինվածության մակարդակում: Հետաքրքիր դրվագ է:

Տեսանյութեր

Լրահոս