«Խաղաղության» պատրանքն ու ուժի շանտաժը. Արցախի հայաթափման երրորդ տարելիցի դառը իրողությունները

Այսօր Արցախի հայաթափման երրորդ տարելիցն է՝ մի օրգանական վերք, որը ոչ թե սպիացել, այլ ժամանակի ընթացքում ստացել է նոր՝ ավելի տագնապալի ու անորոշ չափումներ։ Երեք տարի առաջ ագրեսիայի և բռնի տեղահանության հետևանքով հայաթափվեց հայկական հնագույն բնօրրաններից մեկը, բայց նույնիսկ Արցախի ողբերգական կորստից երեք տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել խաղաղության համաձայնագիր։

Ավելին, հենց այս օրերին Ադրբեջանից իրար հետևից հնչող կոշտ հայտարարությունները տարածաշրջանում խաղաղության մասին պատրանքները շարունակում են փշրել իրականության կոշտ պատին։

Չնայած «խաղաղության դարաշրջանի» մասին պաշտոնական հայտարարություններին՝ Երևանի և Բաքվի միջև որևէ ստորագրված խաղաղության համաձայնագիր դեռ չկա։ Ավելին, Ադրբեջանը պարբերաբար խստացնում է իր հռետորաբանությունը՝ այն հասցնելով բացահայտ անհարգանքի և թշնամանքի։

Օրերս Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ: Բացելով հին ձեռագրերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաներն արձագանքել էին ծիծաղով: Զուգահեռաբար՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրոնական առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթաց է ընթանում՝ վստահություն հայտնելով, որ այդ խաղաղությունը երկարատև կլինի: Միևնույն ժամանակ նա մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե «65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է հայկական պետության կողմից, իսկ որոշները գտնվում էին կիսավեր վիճակում»։

Կարդացեք նաև

«Դուք հավանաբար տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու և նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա և չենք մոռանա»,- ասել էր Ալիևը՝ հավելելով, որ երբեք չեն մոռանա Խոջալուի զոհերին, ավերված մզկիթները, պղծված մշակութային կենտրոնները։ Ըստ նրա, այդ հիշողությունն իրենց ավելի զգոն կդարձնի, թույլ չի տա, որ իբև թե կրկին խաբվեն քաղցր խոսքերով։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական «խոսնակ» Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում երկու օր առաջ գրառում էր արել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Սևանա լճում լողալու հետ։ «Դու «коз..л», քանի դեռ լիճը չենք բաժանել, մի մտիր մեր «Գյոյչան»… թե չէ մենք էլ կլողանք»։ Զուլֆուգարովի գրառումը ոչ միայն ծաղր ու վիրավորանք է, այլև փաստացի Սևանա լիճը յուրացնելու սպառնալիք։

Այս շղթայական վիրավորանք, ծաղր, սպառնալիքները հերթական անգամ ապացուցում են, որ պաշտոնական Բաքվի նպատակը ոչ թե հարևանության, կայուն խաղաղության հաստատումն է, այլ հայկական ինքնության, պատմական հիշողության և արժանապատվության հետևողական ոչնչացումը։

Այս համատեքստում Արցախի ողբերգության երեք տարին միայն սգո օր չէ՝ երբ բացակայում է իրավականորեն ամրագրված խաղաղությունը, իսկ հակառակորդը խոսում է վերջնագրերի և պատմական վերագրումների լեզվով, անվտանգային մարտահրավերները վերածվում են գոյութենական սպառնալիքի։ Եվ կարծես ոչ պատահականորեն ադրբեջանական կողմի նոր տեղեկատվաքաղաքական «գրոհը» համընկնում է Արցախի հայաթափման երրորդ տարելիցի հետ։

Թեև հայկական կողմը շարունակում է չարձագանքել Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարություններին, ավելին, փորձում է սիրաշահել Ադրբեջանին՝ նշելով, թե Ալիևն արժանի է խաղաղության մրցանակի, կամ, եթե ադրբեջանական կողմից կրակողի դեպքում պատասխան կրակոց չի լինելու։ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Մրցանակի հոգաբարձուների խորհրդի գնահատմամբ՝ Փաշինյանը ռազմական սրման փոխարեն նախընտրում է դիվանագիտությունն ու քաղաքական բանակցությունները։ Մրցանակը ստանալուց հետո՝ իր ելույթում Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան։ Փաշինյանն իր գնահատանքն է հայտնել Իլհամ Ալիևին՝ ընդգծելով, որ նա ևս հավասարապես արժանի է այս մրցանակին։

Չնայած այս հայտարարություններին ու քայլերին՝ ադրբեջանական կողմն այնուամենանիվ կարծես դժգոհ է բանակցային գործընթացի ընթացքից և տեմպերից։ Ադրբեջանական կողմն այս մեկնաբանություններով կարծես փորձում է հոգեբանական ու քաղաքական ճնշում գործադրել՝ փոխելով օրակարգն ու ստիպելով Երևանին հնարավորինս արագ կատարել պահանջները։ Այդ դժգոհությունների թիրախում են հայտնվել թե՛ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների ձգձգվող ժամկետները, թե՛ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում Բաքվի ակնկալիքներին չհամապատասխանող տեմպերը, որոնք Ադրբեջանում ընկալվում են որպես դիմադրություն կամ հետքայլ։

Այս իրավիճակում Բաքվի կոշտ հռետորաբանությունն ու տեղեկատվական նոր գրոհները ծառայում են որպես բազմաշերտ շանտաժի գործիք։ Դրանց նպատակն է ստանալ առավելագույն միակողմանի զիջումներ դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ՝ միաժամանակ հասարակությանը նախապատրաստելով հնարավոր նոր ճնշումների։ Ադրբեջանական կողմն ակնհայտորեն փորձում է մինչև վերջ շահագործել ուժի դիրքերից խոսելու առավելությունը՝ հասկանալով, որ ստատուս-քվոն իրենց օգտին է, և ցանկացած դանդաղում կամ ներքին դիմադրություն Երևանի կողմից պետք է կոտրվի անհապաղ հոգեբանական ու քաղաքական հարվածներով:

Հայաստանի համար սա ստեղծում է գոյութենական խորը մարտահրավեր, որտեղ միակողմանի խաղաղասիրական ձևակերպումներն ու իրական անվտանգային երաշխիքների բացակայությունը միայն մեծացնում են վտանգները:

Պատմության հիշողության պղծումը, տարածքային հավակնություններն ու բացահայտ նվաստացումները ցույց են տալիս, որ առանց արժանապատվության և հավասարության փոխադարձ հիմքերի՝ «խաղաղության դարաշրջանի» մասին պատրանքները կարող են վերածվել նոր ողբերգությունների նախաբանի: Արցախի հայաթափման երրորդ տարելիցը ոչ թե անցյալի էջ փակելու, այլ պետական ինքնապաշտպանության բնազդների արթնացման հրամայական է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930