Անկարայի լուռ քարտ-բլանշը. Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Փաշինյանին ընտրություններից առաջ
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո հունիսի 2-ին կայացել է Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանն իր բարեմաղթանքներն է հղել Էրդողանին՝ անցած Կուրբան Բայրամի առիթով: Ըստ հաղորդագրության, Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասված էր հաղորդագրությունում:
Թուրքական կողմի տարածած հաղորագրությունը գրեթե չէր տարբերվում ՀՀ կառավարության հաղորդագրությունից, կային չնչին տարբերություններ. Թուրքիայի նախագահականի հաղորդագրությունն ավելի հակիրճ էր, դրանում չկար որևէ նշում ծննդյան շնորհավորանքի և այլ շեշտադրումների մասին: «Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորումը շարունակվում է ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով:
Ընդգծելով, որ Թուրքիան ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար՝ նախագահ Էրդողանը հավելել է, որ իրենք միշտ կաջակցեն այս ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին»,- ասված էր թուրքական կողմի հաղորդագրությունում:
Ուշագրավ է, որ այս հեռախոսազանգը հաջորդում է Պուտինի՝ Փաշինյանին արված զանգին վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»,- ասված էր հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս տարի Փաշինյանը ծննդյան շնորհավորանքներ է ստացել միայն իր ԱՊՀ գործընկերներ 4 երկրների ղեկավարներից ու վարչապետներից, ինչպես նաև Թուրքիայի ղեկավարից: ՀՀ արտաքին քաղաքական եվրաինտեգրացիոն վեկտորի լույսի ներքո հատկանշական է, որ Փաշինյանն արևմտյան գործընկերներից շնորհավորանքներ չի ստացել:
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիայի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանին անձամբ շնորհավորելը ոչ միայն սովորական դիվանագիտական էթիկետի դրսևորում է, այլև Անկարայի կողմից ՀՀ իշխանությանն ուղղված քաղաքական աջակցություն։

Ըստ նրա, թուրքական կողմի այս դիրքորոշումը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացների ընդհանուր տեսլականով, որը կա ներկայումս ռեգիոնում: Բնականաբար, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանում այդ տեսլականը քչերն են կարծես կիսում, ուստի իշխանափոխությունը ՀՀ-ում կարող է փոխել այս ընթացքն ու այս արտաքին քաղաքականությունը: «Իսկ ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևոր առաջընթացներ են արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի հետ հարաբերություններում առանց մեծ ջանքերի, զուգահեռաբար պահպանելով նախապայմանների օրակարգը Հայաստանի հետ: Ներկայիս իշխանության շարունակականությանը հնարավորություն է ապահովել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկայիս կարգավորումն ու դրանում կանխատեսելիության մթնոլորտը»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ձեռք են բերվել գլոբալ բնույթի պայմանավորվածություններ, դրանք ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, ինչպիսին Ադրբեջանը ՀՀ տարածքով Ադրբեջանին, ապա Թուրքիային կապող ճանապարհն է: Ինչ վերաբերում է ուղիղ առևտրի մեկնարկին միտված քայլերի հիշատակմանը, ապա, նրա խոսքով, առևտրի, արտահանման թեման ներկայումս չափազանց ակտուալ է հայկական կողմի համար:
«Դեպի Ռուսաստան արտահանման խնդիրների ֆոնին ՀՀ իշխանությունները պետք է փորձեն ցույց տալ, որ Հայաստանն ունի այլընտրանքներ և կարող է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել թե Թուրքիայի, Ադրբեջանի, թե Արևմուտքի հետ, այսինքն՝ կախված չէ միայն Ռուսաստանից տնտեսական և առևտրային տեսանկյունից: Դա նաև նախընտրական նշանակություն ունի, քանի որ հասարակությանն է պետք ցույց տալ, որ Հայաստանը կարողանում է այլընտրանքներ ստեղծել, եթե կան խնդիրներ ռուսական ուղղությունում: Մարդիկ խորությամբ չեն ուսումնասիրում, թե արդյո՞ք իսկապես կան այդ այլընտրանքները, սակայն այդ մասին խոսակցությունները, հայտարարությունները ստեղծում են այդ տպավորությունը, ուստի թե այս դիտարկումը, թե ԵՄ-ի հետ առևտրային նոր պայմանավորվածությունների մասին հայտարարություններն արվում են այս կոնտեքստում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Խոսելով Ախալքալաք-Կարս երկաթուղու շահագործման հեռանկարից՝ թուրքագետն ասաց, որ սա էլ նախընտրական փուլում ներկայացվում է՝ որպես գործող կառավարության արտաքին քաղաքական ձեռքբերում, ինչը թույլ է տալիս հայաստանյան ընտրողին ներկայացնել տարածաշրջանային ապաշրջափակման և տնտեսական զարգացման կոնկրետ արդյունքներ։ «Այս դեպքում ևս շատերը չեն ուսումնասիրում, թե սա ինչպես է աջակցում հայաստանյան տնտեսությանը և ինչ օգուտներ է բերելու, սակայն հայտարարությունը դրա մասին որոշակի էֆեկտ գուցեև ունենում է»,- նկատեց վերլուծաբանը: Վերջինս ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ այս ամենի հետ մեկտեղ՝ հայ-թուրքական սահմանը դեռ բացված չէ, հարաբերությունները հաստատված չեն, քանի որ Ադրբեջանը սպասում է ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների, որից հետո գուցե ստորագրվի Խաղաղության համաձայնագիրն ու դրան հաջորդեն քայլերը Թուրքիայից:
Նա գտնում է, որ Էրդողանի կողմից Փաշինյանին հասցեագրված աջակցությունը պետք է դիտարկել նաև Անկարա-Մոսկվա տարածաշրջանային մրցակցության ու դիրքավորման պրիզմայով։ Նրա կարծիքով, պատահական չէ, որ Թուրքիայի ղեկավարի զանգը հաջորդել է Ռուսաստանի նախագահի հեռախոսազանգին, ինչը վկայում է տարածաշրջանային խոշոր խաղացողների միջև առկա մրցակցության մասին: «Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքը խիստ պայմանավորված չէ անձերով։ Անկարայի ռազմավարական հաշվարկները հիմնված են խորքային, աշխարհաքաղաքական իրողությունների և սեփական շահերի վրա: Սա նշանակում է, որ Թուրքիան պատրաստ է տարբեր սցենարների, և այդ ամենի առանցքում սեփական ազդեցությունն ամրապնդելու հետագա նպատակն է: Սակայն մինչ հետագա զարգացումները շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:



