«Պետք է մեկ «խրամատային կռիվ» տանք, ու տա Աստված՝ այս ամենն ավարտվի ընտրատեղամասային «պատերազմով»». Դավիթ Ամալյան

Հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն ամփոփում են իրենց նախընտրական քարոզարշավը՝ մեծ հանրահավաքներ անցկացնելով։

Իշխանությունը և նրան հարող ուժերը մի կողմից՝ քաղաքացիներին կոչ են անում մասնակցել ընտրություններին, մյուս կողմից՝ հայտարարում ու սպառնում են, թե, օրինակ, «ընդդիմության համար ՌԴ-ից եկողներին, որոնք կմասնակցեն ընտրություններին, պետք է ուղարկել 25-օրյա վարժական հավաքների»։

Նման միտք օրերս նախ հայտնել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այնուհետև կրկնել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ ասելով. «Ռուսաստանից ընտրակաշառքով եկած անձինք կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներում»։

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի խոսքով՝ իշխանության բոլոր գործողություններն ու քայլերը հաշվի առնելով, հունիսի 7-ին սպասվող ընտրությունները ճակատագրական են լինելու։

Կարդացեք նաև

«Այս ընտրություններում ընտրատեղամասերը դառնում են «խրամատներ», մենք պետք է մեկ «խրամատային կռիվ» տանք, ու տա Աստված՝ այս ամենն ավարտվի ընտրատեղամասային «պատերազմով», որպեսզի ազատվենք իրական թշնամու մարտահրավերներից, որովհետև իրենց նպատակներն արդեն չեն թաքցնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ամալյանը։

Նրա կարծիքով՝ ի տարբերություն 2021 թվականի, այս ընտրություններում ժողովրդի արթնանալու հետ կապված որոշակի առաջընթաց է նկատում։

«Այն մասսան, որը թքած ունի՝ թո՞ւրք են, թե՞ չէ, հենց այդ մասսան քչացել է։ Ես իմ բոլոր հարցազրույցներում բոլոր անտարբերներին ասում եմ՝ ավելի վատ գործ մի արեք, քան հակառակորդն է անում, անտարբերությունն այս իրավիճակում ավելի բացասական երևույթ է։ Բոլորին խնդրում եմ, որ գնան ընտրատեղամասեր, եթե որևէ մեկին չեն ընտրում, այդ թղթի վրա մի բան թող անեն, միայն թե գնան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից 25-օրյա վարժանքներով մարդկանց սպառնալուն, Դավիթ Ամալյանն ասաց՝ չի կարծում, թե դրսից այդքան մեծ թվով մարդիկ կգան Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար։

«Այս հայտարարությունը մեծ սադրանք է, պարտության հոտը քթներն է ընկել, դրա համար ամեն ինչի ընդունակ են։ Լուրջ մարդիկ այս սադրանքին լուրջ չեն վերաբերվում՝ խրամատում կանգնելը ցանկացած տղամարդու համար պատիվ է։ Իրենց արածն ուղղակի անբարոյականություն է, որովհետև սահման ուղարկելը պատիժ չէ, իրենք են, որ սահմանը պահելու տղայական քայլից որևէ բան չեն հասկանում։ Չեն հասկանում, որ նորմալ հայը Մոսկվայից կամ Հնդկաստանից եկել է թուրքերի դեմ պայքարելու, այդ հայի համար մեկ է՝ մի ամի՞ս պոստերում կկանգնի, մի տարի՞, թե՞ առհասարակ ընկերոջ համար կյանքը կտա։

Հուսանք, ամեն ինչ լավ կլինի»,- ընդգծեց Դավիթ Ամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930