Երևան-ԵԱՏՄ. ամուսնալուծություն հայկական ձևով
Մայիսի 30-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին «խորհրդակցությունների համար՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնաս են հասցնում ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը»: Նման քայլը կարևոր խորհրդանշական գործողություն է, որը վկայում է քաղաքական-դիվանագիտական լուրջ խնդիրների մասին, որոնք պահանջում են իրավիճակի հստակեցում, որը կարող է անորոշ ժամանակով ձգվել:
Մեկ օր առաջ՝ մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական միության անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Ղազախստանի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին, որը նույնպես միավորման մաս է կազմում, որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցի շուրջ: Հայտնի է՝ առաջին անգամ համապատասխան նախաձեռնությամբ մայիսի 9-ին հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այն կրկնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի արդյունքներով «հայկական հարցի» վերաբերյալ իր ծավալուն ելույթում:
Միանգամայն հակադիր երկու ինտեգրացիոն վեկտորների համատեղումն անհնար է, ուստի Բրյուսելի հետ Երևանի հետագա սեթևեթանքների դեպքում Եվրասիական միությունը ստիպված կլինի գործնականում դադարեցնել աշխատանքը Հայաստանի հետ՝ զրկելով նրան տնտեսական ինտեգրման բոլոր առավելություններից։ Ի թիվս այլ հարցերի, անցյալում կմնան ԵԱՏՄ մեծ ու պաշտպանված շուկա անմաքս մուտքի հնարավորությունը, պարզեցված լոգիստիկան, էներգակիրների ցածր գները, ինչպես նաև կվերանայվեն տեխնիկական և ֆիտոսանիտարական նորմերը։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գնահատականների համաձայն՝ Հայաստանում կուտակված ներդրումները հասել են գրեթե 5 միլիարդ դոլարի, որոնց 86%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, ինչն ակնհայտորեն գերազանցում է եվրոպացիների կողմից խոստացված 2,5 միլիարդ եվրոն։
Կդադարեն ճանաչվել տեխնիկական կանոնակարգման և ֆիտոսանիտարական նորմերի վերաբերյալ փաստաթղթերը, ինչն ուժգին հարված կհասցնի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը։ Այս ուղղությամբ շարժն արդեն իսկ սկսվել է. մայիսի 30-ին «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Ավելի վաղ դադարեցվել էր ծաղիկների, ալկոհոլային արտադրանքի և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։ Աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները կարող են բախվել լրացուցիչ դժվարությունների, այն դեպքում, երբ երկիր մուտք գործող բոլոր փոխանցումների շուրջ երկու երրորդն ունի ռուսական ծագում։ Հայաստանյան ավտոփոխադրողների համար կվերականգնվի թույլտվությունների ստացման կարգը, կբարձրանան երկաթուղային փոխադրումների սակագները, իսկ էներգակիրների գները կարող են բարձրանալ մինչև եվրոպական մակարդակ, ինչը կնշանակի ՀՆԱ-ի անկում առնվազն 14%-ով։
Բնականաբար, Մոսկվան կողջունի հայ ժողովրդի կողմից կայացված ցանկացած որոշում, և Եվրոպական Միության հետ ավելի սերտ կապեր հաստատելու Երևանի հնարավոր քայլերը, հուսանք, չեն վնասի Մոսկվայի հետ մշակութային և մարդասիրական կապերին: Այնուամենայնիվ, տնտեսապես «երկու աթոռների վրա նստելն» այլևս հնարավոր չի լինի, ինչպես նախկինում զգուշացրել էին կառավարությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և այլ համապատասխան գերատեսչություններ: Իր հերթին, ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով կառավարության ղեկավարի նախընտրական «արձակուրդի» կապակցությամբ Հայաստանը ներկայացնում էր Աստանայում, հավաստիացնում է «այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային շահերի հաշվառման սկզբունքների վրա»:
Երևանում բազմիցս հաստատել են միության անդամ պետությունների տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման շահերից բխող փոխշահավետ համագործակցության հանձնառությունը: Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը լուծվում է բացառապես Երևանում, իսկ միությունից դուրս գալու իրավունքը, կազմակերպության կանոնների համաձայն, պատկանում է մասնակից պետությանը: Հետևելով այս բարդ տրամաբանությանը՝ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում, երկխոսություն վարել Բրյուսելի հետ՝ ինքնուրույն որոշելով այն պահը, երբ երկու գծերը կդառնան իրարամերժ։
Պետք է ասել, որ ի տարբերություն հարևան Վրաստանի, Հայաստանին չի տրվել նույնիսկ Եվրամիությանն անդամակցելու «թեկնածուի» կարգավիճակ, էլ չասած լիաֆորմատ անդամակցության մասին, որի նախապատրաստումը, ըստ մյուս հարևանի՝ Թուրքիայի օրինակի, կարող է տևել տասնամյակներ: Հիշեցնենք՝ 2025թ. մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը, իսկ ապրիլի 4-ին իրականությունից կտրված գաղափարականացված այդ փաստաթուղթը ստորագրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելի դեսպանները վերահաստատեցին տեղական կառավարության եվրոպական նկրտումները: Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև հայ-ամերիկյան ակնհայտ ամրապնդվող շփումները՝ ներառյալ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ վերջերս «Զվարթնոց» օդանավակայան կատարած այցի և դրան նախորդող մի շարք նախապատրաստական շփումների ընթացքում քննարկված հազվագյուտ մետաղների մշակման հեռանկարային ծրագրերը:
Այս ամենը, մեղմ ասած, չի նպաստում երկկողմ շփումներում վստահության մթնոլորտի ամրապնդմանը, որը պայմանավորված է՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ գործոններով՝ ներառյալ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ալիքի վրա Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի իշխանության գալու հանգամանքները, որը սկիզբ դրեց տարածաշրջանային «շախմատային տախտակի» արմատական փոփոխություններին: Այն, ինչ դեռ մի քանի տարի առաջ թվում էր անորոշության մշուշում կորած, այսօր օբյեկտիվ իրականություն է։ Երևանն ու Անկարան բանակցություններ են վարում 1993 թվականից արգելափակված սահմանի բացման շուրջ, որը լիովին հնարավոր կդառնա Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:
Այս փաստաթղթի նախագիծը նախաստորագրել են արտաքին գործերի նախարարներ Բայրամովը և Միրզոյանը, որոնք 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում էին, սակայն դրա վերջնական հաստատման նախապայման Ալիևը դնում է Հայաստանում երկրի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը, որը զերծ կլինի Բաքվին չբավարարող ձևակերպումներից։
Այս զգայուն թեմայի շուրջ հնարավոր քվեարկության ժամկետները դեռ որոշված չեն, և ակնհայտ է, որ այստեղ շատ բան կախված կլինի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: Չի բացառվում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջողության դեպքում (ինչն ամենևին էլ կանխորոշված չէ), հանրաքվեն (պլեբիսցիտը) կարող է նշանակվել արդեն իսկ մինչև ընթացիկ տարվա վերջ․ ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսում էր 2027 թվականի մասին։
Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ինտեգրացիոն վեկտորի հարցում վերջնականապես կողմնորոշվելու վերաբերյալ Մոսկվայի և ԵԱՏՄ գործընկերների առաջարկից հայկական իշխանությունները, հավանաբար, կխուսափեն «պատշաճ» պատրվակներով՝ հղում անելով Միության կանոնադրության համաձայն մասնակից պետությանը բացառելու անհնարինությանը և արգելափակելով դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։
Համապատասխանաբար, Մոսկվան կգործի միակողմանի կարգով, իսկ սահմանափակող (ռեստրիկցիոն) միջոցառումների ոչ ընտրողական բնույթը, ինչպես դա սովորաբար լինում է նման դեպքերում, հայկական իշխանությունների կողմից կօգտագործվի նաև նախընտրական հռետորաբանության մեջ, իսկ մեկ շաբաթ անց «Քաղաքացիական պայմանագրի» հաջողության դեպքում՝ որպես փաստարկ ոչ միայն Եվրոպայի, այլև առաջին հերթին հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ հետագա մերձեցման համար։
Այսպես, ապրիլի 30-ին Աղվերանում տեղի ունեցած պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ նիստի ընթացքում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ շփվել են նաև գործարար շրջանակների ներկայացուցիչները: Ադրբեջանից Հայաստան տանող գազատարի հիպոթետիկ գործարկումը կնպաստի էներգետիկ որոշակի դիվերսիֆիկացմանը, որը կոչված է խորհրդանշելու ռուսական գազից «տոտալ կախվածության» նվազումը:
Իհարկե, Կասպից ծովի ափերից մատակարարումները «եղանակ չեն ստեղծի», և Ռուսաստանից տարանցիկ բեռների պարբերական առաքումները ևս մեկ անգամ վկայում են մեր երկրների միջև սերտ առևտրատնտեսական կապերի մասին, որոնց փլուզումն ամենաիսկական արկածախնդրություն կլիներ։ Հայ փորձագետների գնահատականներով՝ նույնիսկ 2025 թվականին ապրանքաշրջանառության նկատելի անկումից հետո «հյուսիսային ուղղությանը» բաժին էր ընկնում երկրի ամբողջ արտաքին առևտրի ավելի քան մեկ երրորդը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդը, դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման տարեկան ծավալները կազմել են մոտ 3 մլրդ դոլար։ Շատ ֆերմերների, փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար ռուսական շուկան այլընտրանք չունի, և նախքան (և եթե) այլընտրանքային շուկաներ գտնվեն, շատերը պարզապես կկործանվեն, ինչը կնպաստի բնակչության արտահոսքին:
Այս մտահոգիչ խորապատկերին, պատահաբար թե ոչ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ է, առաջարկում է «կազմակերպել ներգաղթը, նույնիսկ, եթե այն չի տեղավորվում, այսպես կոչված, ազգային գաղափարների մեջ»։ «Տասնյակ-հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ. Մենք նաև պետք է փոխենք մոնոէթնիկ մտածելակերպը մեր գլխում: Քանի որ այս տարածաշրջանում գոյատևելու այլ տարբերակ չկա»: Այսպիսով, խոսքը շատ ավելի լուրջ փոփոխությունների մասին է, որոնք նշանակում են ոչ միայն արտաքին տնտեսական կապերի, այլև «Չորրորդ հանրապետության» սոցիալ-քաղաքական և էթնոքաղաքական կառուցվածքի արմատական վերակազմավորում, որի ուղեգիծը 2021 թվականի հունվարին ղարաբաղյան երկրորդ պատերազմում «ծրագրված պարտությունից» հետո հռչակել էր Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ, Մեծ Բրիտանիայի ենթադրյալ քաղաքացի Արմեն Սարգսյանը։ Այսպես թե այնպես, հունիսի 7-ի քվեարկության արդյունքները և հավանական հետընտրական գործընթացները սրվող հասարակական բևեռացման ֆոնին շատ բան են որոշելու։
Անդրեյ Արեշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



