ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի կնքման համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հավաստիացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես և նախկինում, պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում, ինչպես նաև պատրաստել ու տրամադրել ռուսական հարթակը խաղաղության պայմանագրի ստորագրման համար», – ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։
Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հունով։
«Զգալի պոտենցիալ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներն ու նրանց պատմական հարևաններին», – մատնանշել է Գալուզինը։
Նա հստակեցրել է, որ այս մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանի խնդիրների լուծմանը հենց այդ տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ուժերով՝ առանց դրսից կործանարար միջամտության։



