Երբ ասացի՝ հրետանին հանել ենք, հիստերիայի մեջ ասացիր՝ չկրակեք, ու թուրքերը մնացին Սև լճում. Արշակ Կարապետյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի ռազմական որոշումներին և գործողություններին առնչվող հերթական տեսանյութն է հրապարակել: Այստեղ նա նախ նշում է, որ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը չի համակերպվել հրադադարի հետ:
«Չգիտեմ՝ ինչի՞ դեկտեմբերի 19-ին դու մեկ էլ որոշեցիր, որ պետք է տաս Զանգելանի ուղղությունը, և փաստացի թողեցիր, որ ադրբեջանցիները մոտենան հայկական սահմանին, ստեղծեցին մի իրավիճակ, որ դրանից հետո Լաչինի գրավելն ընդամենը տեխնիկական հարց էր, որը և տեղի ունեցավ, ու ապագայում Արցախը հանձնեցիր»,- ասում է 44-օրյայի ժամանակ Փաշինյանի օգնականը եղած Կարապետյանը:
2020 թվականի դեկտեմբերի 27-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանը վերը նշվածի և Սյունիքի շուրջ այդ ժամանակ տեղի ունեցած զարգացումների առումով ասել էր հետևյալը.
«Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»:
168.am-ն անդրադարձել է 44-օրյա պատերազմում Կովսականի (Զանգելան) կորստին և այն վերցնելու ռազմավարական նշանակությանն Ադրբեջանի համար:
Իսկ Արշակ Կարապետյանը վերը նշված տեսանյութում անդրադառնում է նաև 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, մասնավորապես՝ Սև լճի հատված:
«Ամեն ինչ անում էիր, որ ադրբեջանցիները մնան այդ տարածքում: Երբ որ ես քեզ զեկուցեցի, որ հրետանին հանել ենք և պատրաստ ենք կրակելու, ճիշտ է՝ դա եղավ մի 3 օրից, թե ինչի մինչև դա ոչ մեկը ոչինչ չէր անում, ես չգիտեմ, դու (Նիկոլ Փաշինյանը) ինձ ասեցիր, որ դա հակասում է մեր պայմանավորվածությանը, և հրաման տվեցիր դադարեցնել: Ու թուրքերը մնացին Սև լճի տարածքում: Ես շատ բաներ չեմ հրապարակում, որովհետև դա գաղտնիք է»,- մանրամասնում է պաշտպանության նախկին նախարարը:
168.am-ը դեռ 2023 թվականին «Փաշինյանի խոստովանական ցուցմունքը. 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել, տեղի է ունեցել «ուղիղ պետական դավաճանությո՞ւն»» վերտառությամբ հոդված էր հրապարակել։
Իսկ 2025 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ որոշում է կայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խորհրդական աշխատած գեներալը 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում մեղադրվում է իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար:
Ավելի ուշ Արշակ Կարապետյանը չհամաձայնելով մեղադրանքի հետ, միաժամանակ նշել էր, որ իր գործողությունները հակառակորդի հետ միշտ զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին:
Հավելենք, որ 2021 թվականի մայիսի իրադարձությունների ժամանակ Կարապետյանը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ:
Մանրամասները՝ տեսանյութում

