«Երբ այս իշխանությունները դադարեն հիմնավորել Ալիևի քայլերը, այդ պահին Ալիևը կդադարի նրանց տալ «քարոզչական կարկանդակները», որոնք հիմա տալիս է». Միքայել Նահապետյան

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությանը, որ «Հայաստան-Ադրբեջան հակամարտության իրական ռիսկ կա, որը փորձում են կանխել», շեշտելով, որ ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ճշտել՝ կա՞ն տեղաշարժեր, քաղաքական առումով նման բան չի տեսնում, և ոչինչ, որ Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:

«Մենք էլ ենք, չէ՞, տարածքային պահանջ դնում, երբ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի արած քայլերին ասում ենք՝ տեսա՞ք՝ ինչ ասեց: Ասում եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հես ա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջան» կհիմնադրեմ, բա մի մասը նկատում եք, այն մյուսը…

Ախր հայկական մոլորակից դուրս եկեք: Այո՛, չի եղել ու չի էլ կարող լինել: Ասեմ ավելին՝ հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է: Նորից եմ ասում՝ դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարություններն իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի, ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ կամ սխալ»,- նշել է նա:

Հարցին՝ համեմատությունը տեղի՞ն էր, Սիմոնյանը պատասխանել է. «Իհարկե տեղին է»:

Կարդացեք նաև

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները տարօրինակ չի համարում, քանի որ ՀՀ-ում իշխանությունների գործառույթն իրենց սեփական իշխանությունը պահելու ճանապարհին հիմնավորելն է, թե ինչու է Ալիևն ամեն ինչ «լավ ու հիմնավոր անում»։

«Այն պահին, երբ այս իշխանությունները դադարեն հիմնավորել Ալիևի քայլերը, հենց այդ պահին Ալիևը կդադարի նրանց տալ այն «քարոզչական կարկանդակները», որոնք հիմա տալիս է, օրինակ, «խաղաղության պայմանագիրը»՝ իրենց իշխանության միակ իմաստը հանդիսացող օրակարգից իրենց կզրկի «չար ձյաձյան»։

Ալեն Սիմոնյանի համեմատությունը՝ Արցախի ու Ադրբեջանի ասած «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, միմյանց հետ աղերս չունեն։ Կոնֆլիկտն ունի պատմություն՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը։ Եթե Ադրբեջանը տվյալ ունի, թող ասի, թե այստեղ քանի՞ ադրբեջանցի է զոհվել «բռնի տեղահանությունների» ժամանակ։ Դե թող ասեն, որ «ջարդարարների խմբերը մտան Արտաշատ ու Աշտարակ, մարդկանց տներից հանեցին ու սպանեցին»։ Չեն կարող ասել, որովհետև նման բան չի եղել»,- 168.am հետ զրույցում նշեց Միքայել Նահապետյանը։

Նա հիշեցրեց՝ ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են, քանի որ Խորհրդային Ադրբեջանում ադրբեջանցիները հայերին կոտորում էին, նրանք ստացել են փոխհատուցում, վաճառել են իրենց բնակարանները։ Հեռացող մարդկանց մեծ մասը, նրանց ժառանգները ողջ են, բոլոր այս պատմությունները կան։

«Թե հիմա Ալեն Սիմոնյանն ապրելով «Պլանի գլխում»՝ ինչ է տեսել ու ինչերից է խոսում՝ չեմ կարող ասել։ Գուցե նրա պատմության սկզբնաղբյուրները ոչ թե իմ նոյեմբերյանցի ծանոթներն են, այլ Ալիևի Բաքվի ծանոթները, իրենց միայն դավանանքն ադրբեջանական չէ, մյուս բոլոր համոզմունքները թուրքական քաղաքական պրոյեկտի ու աշխարհին նայելու թուրքական կոնցեպցիայի մաս են։ Այդ մարդիկ սկսել են հավատալ աշխարհի այն մոդելին, այն նպատակներին, որոնք Թուրքիան է սահմանում։ Սա հայ ժողովրդի խնդիրն է, թե ինչքան ու ինչպես է այս ամենը հանդուրժելու»,- հավելեց Միքայել Նահապետյանը։

Միքայել Նահապետյանը շեշտում է՝ Ադրբեջանի այս հայտարարություններն ունեն հստակ նպատակներ, հիշեցնելով, որ հայկական մամուլը քիչ է լուսաբանում, բայց ադրբեջանցիները բրոշյուրները վերցրած, «բոմժի» նման՝ ՄԱԿ-ի ու ԵՄ գրասենյակներում էլ տեղ չի մնացել,  որ չփորձեն ցերեկույթ կազմակերպեն «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով։

«Սա գծված հստակ ու լուրջ ծրագիր է և այս մարդիկ քայլ առ քայլ գնում են այն իրականացնելու։ Հիմա քանի որ Ալեն Սիմոնյանը մտածում է, որ այդ մարդիկ լուրջ են և, այնուամենայնիվ, եթե այդ ճակատում պրոբլեմներ լինեն, դա կլինի հերթական խոշոր աղետն իրենց իշխանության օրոք, այս գլխից սկսում են մեղավորներ նշանակել։ Ասում է, ա՛յ, որ արցախցիներն ԱԺ նախագահ չընտրեին, Ալիևն իր բոլոր պլանները «քենսլ» կաներ ու ոչ մի բան էլ չէր անի»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս