
Ալիևը հայելային է պատասխանում.եթե մենք ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ակնհայտ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապը Ռուսաստանի հետ:
«Նույնիսկ իր հարցազրույցի մեջ շատ հետաքրքիր բան է անում, հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունի Միութենական պետության մասին, ասում է՝ նմանատիպ բան չեմ ասել, սակայն շարունակում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել և ներկայացնել այդ պետությունը, սխալ զուգահեռներ անցկացնել ԵՄ-ի հետ»,- շեշտել է նա և պնդել՝ իրենք ո՛չ արևմտամետ են, ո՛չ էլ ռուսամետ՝ «չի կարելի լինել միայն ռուսամետ, չի կարելի լինել միայն արևմտամետ»:
«Այն հարցադրումները, որ կան մեր ռուս գործընկերներին, դրանք օրակարգից դուրս չեն եկել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի սահմանը, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական մակարդակում իրեն հեռու պահել»,- ասել է ԱԺ նախագահը և շարունակել,- «Ինչ-որ մարդիկ ուզում են անընդհատ ինչ-որ աթոռների վրա նստել, կամ դրանք վերադարձնել ու էլի նստել: Չեն նստելու իրենք աթոռների վրա, իրենք նստելու են բանտում, դա ժամանակի հարց է: Իսկ այն երկրները, որոնք ամբողջությամբ մի քաղաքական գիծ են վարում, նման երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Դրա համար պիտի բալանսավորել»:
Ալեն Սիմոնյանին հարց է ուղղվել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիտարկման հետ կապված, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության իրական ռիսկ կա, որն իրենք փորձում են կանխել, ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ճշտել՝ կա՞ն տեղաշարժեր, քաղաքական առումով նման բան չի տեսնում, և ոչինչ, որ Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:
«Մենք էլ ենք, չէ՞, տարածքային պահանջ դնում, երբ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի արած քայլերին ասում ենք՝ տեսա՞ք՝ ինչ ասեց: Ասում եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հես ա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջան» կհիմնադրեմ, բա մի մասը նկատում եք, այն մյուսը…»,- նշել է նա:
Հարցին՝ համեմատությունը տեղի՞ն էր, Սիմոնյանը պատասխանել է՝. «Իհարկե տեղին է»:
Ճշտող հարցին՝ բայց Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», ԱԺ նախագահն ասել է.
«Ախր հայկական մոլորակից դուրս եկեք: Այո՛, չի եղել ու չի էլ կարող լինել: Ասեմ ավելին՝ հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է: Նորից եմ ասում՝ դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարություններն իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի, ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ կամ սխալ»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան»-ի արտահայտությունները կային, և, որ Սիմոնյանը պարզապես փորձում է սլաքները տանել արցախցիների կողմ, ԱԺ նախագահը չի համաձայնել՝ «ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, սխալ եք»:
«Դուք սխալ եք, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչն, իր ընկալմամբ, արել ենք մենք, անի մեզ հետ: Հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ, ես որևիցե կողմի չեմ պաշտպանում, ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում: Ինքը որոշել է, որ եթե մենք արդարացիորեն, բոլոր փաստերով ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի՝ «Արևմտյան Ադրբեջան», այսքան բան: Ես ճիշտ եմ ասում: Ես ասում եմ՝ չի՞ եղել Լեռնային Ղարաբաղ, ես ասում եմ՝ ինքը ինչի է դա անում, մերվեք էդ մտքի հետ: Թարգեք ձև անել, որ կա Հայաստանը՝ իր պատմության գրքով, և մնացած բոլորը ոչ կարևոր ժողովուրդներ են: Մենք՝ հայերս, երբ դուդուկ էինք նվագում և ծիրան էինք աճեցնում, իրանք ծառերի վրա էին: Թարգեք էդ մոտեցումը, մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ ապագան, սխալ բան եք անում: Հասկացեք, որ կարողանաք հաղթել մեր պոտենցիալ հակառակորդին: Երբ որ մենք Սուրբ Աստծո կողմից, Մաշտոցի կողմից գրված Արարատ սարը՝ տենց հետևից լույսը գցած մեր վրա, Նոյի ժողովուրդս՝ 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած, տենց բան ենք ասում, ինքն էլ ասում է՝ ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ»,- շարունակել է ՀՀ ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նաև ասել է, թե ինչպես են իրենք պատկերացնում Խաղաղության պայմանագրից հետո իրավիճակը:
«Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո ՀՀ բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել և շփվել: Հասարակություններին պետք է պատրաստել դրան։
Ես հավատում եմ՝ եթե կամք լինի իրենց կողմից, մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում եմ՝ առևտուր են անելու: Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, անուններ չտամ: Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Վերջացրե՛ք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չտանք»,- շեշտել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում