«Եթե վաղն աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվի…». Վերջին օրերի հայկական հակադարձումների ֆոնին Բաքուն ի ցույց է դրել «իրավական վախերը»

Սեպտեմբերի 14-ին «Հաջիևը հայկական կողմի վրա բարդեց ևս մեկ «ցեղասպանություն». այն «Խոջալուի դեպքերի» հետ համեմատելը ենթագիտակցությունի՞ց էր, թե՞…» վերտառությամբ հոդվածում  անդրադարձել ենք Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ օտարերկրյա դիվանագետների այցին օկուպացված Արցախի տարածքներ՝ Գանձասար, Դադիվանք, Քարվաճառ, այդ այցերի ժամանակ Ալիևի օգնականի հայտարարություններին՝ Հայաստանի՝ «մուլյաժային պատմության», «քելբաջարյան ցեղասպանության» մասին:

Մենք չենք անտեսել նաև «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամների հայտարարությունը` Արեգ Քոչինյան, Նաիրա Սուլթանյան, Բորիս Նավասարդյան, Նարեկ Մինասյան, Սամվել Մելիքսեթյան, որտեղ խուսափել են անգամ Հիքմեթ Հաջիևի անունը տալ:

Ադրբեջանական աղբյուրներից տեղեկացանք, որ համատեղ հայտարարություն են տարածել նաև «Խաղաղության կամրջի» ադրբեջանական անդամներ Ֆարհադ Մամեդովը, Քամալա Մամեդովան, Ռուսիֆ Գուսեյնովը, Ռամիլ Իսկանդերլին, Դիլարա Աֆանդիևան:

«Դիվանագիտական կորպուսի այցն Ադրբեջանի Հանրապետության սուվերեն տարածք ինքնին չպետք է վեճերի առարկա դառնա: Մասնավորապես, դեսպանների և երկրների հասցեին հնչող խոսքային հարձակումները նման այցին մասնակցելու համար անհանգստություն են առաջացնում և հակասում Հայաստանի կողմից Ադրբեջանի սուվերենության և տարածքային ամբողջականության ճանաչման փաստին:

Կարդացեք նաև

Ադրբեջանը և Հայաստանը ներկայումս գտնվում են հետկոնֆլիկտային շրջանում, և երկու երկրների առջև էլ ծառացած է տասնամյակների առճակատումը հաղթահարելու բարդ խնդիրը: Խաղաղասիրական նախաձեռնությունների շրջանակում մենք՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ քայլեր ենք ձեռնարկում խաղաղ գործընթացին նպաստելու, երկխոսությունը խրախուսելու և վստահության ամրապնդման միջոցառումներին աջակցելու ուղղությամբ:

Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը պատկանում է ադրբեջանական ժողովրդին և գտնվում է պետության պաշտպանության ներքո: Արդարությունն ապահովելու համար մշակութային ժառանգության հարցերը պետք է քննարկվեն փոխադարձության և բաց երկխոսության հիմքի վրա:

Այս նպատակների առաջմղման համար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստեղծել են հարթակ՝ մասնագիտական քննարկման համար այն հարցերի շուրջ, որոնք կազմում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի օրակարգի անբաժանելի մասը: Չի կարելի թույլ տալ, որ խաղաղ գործընթացը ճնշման ենթարկվի ռևանշիստական ուժերի կողմից, քանի որ դա լրջորեն վտանգ կստեղծի դեպի խաղաղություն տանող հետագա առաջընթացի ճանապարհին: Մենք կոչ ենք անում հայ հասարակությանը պատասխանատու մոտեցում ցուցաբերել այս հարցում և չտրվել սադրանքների նրանց կողմից, ովքեր չար մտադրություններ են հետապնդում թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս»:

Այսինքն, Ադրբեջանի նախագահի օգնականը ծաղրում է Հայաստանին, որի հետ Ադրբեջանը խաղաղության է գնում, իսկ ալիևյան քաղհասարակության ներկայացուցիչները դա չեն նկատում և ոչ էլ դրանից վտանգ տեսնում: Դեռ մի կողմ ենք դնում պատմության խեղաթյուրման փաստերը, ընդ որում, այս թեման ևս ադրբեջանական կողմն է թեժացնում, չցուցաբերելով կառուցողականություն: Բացի այս, Բաքվի քարոզչամեքենայի մաս կազմող այս անձինք սլաքն ուղղում են հայ հասարակության և «ռևանշիստական» ուժերի վրա՝ փորձելով պառակտում ստեղծել նաև ՀՀ-ի ներսում:

Ավելին, 1news.az-ը, որի գլխավոր խմբագիրը՝ վերևում հիշատակված Քամալա Մամեդովան, նույնիսկ մի քանի հոդված է նվիրել այս թեմային, դրանցից մեկում հերթական անգամ Հայաստանին հիշեցվել է սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսմղման մասին:

«Հայաստանի գործող սահմանադրությունում ամրագրված ուղղակի հղումները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Անկախության հռչակագրին՝ ձևական չէ, այլ՝ ապագա սերունդների տակ դրված ական:

Եվ քանի դեռ այս փաստաթուղթը մնում է հայկական պետության իրավական հիմքը, ՀՀ գործող իշխանությունների ցանկացած հավաստիացում արժեք չունի այն թղթից ավելի, որի վրա սա ամրագրված է: Ղարաբաղ դիվանագետների այցի շուրջ այսօրվա ռեակցիոն աղմուկն ուղղակիորեն հաստատում է՝ եթե վաղն աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվի, հայ հասարակությունը հեշտությամբ կկրկնի «ռևանշի մասին» կարգախոսները, քանի որ մենթալ առումով այդպես էլ չի հրաժարվել դրանցից»,- նշվում է ադրբեջանական հոդվածում, ըստ էության, ցույց տալով Բաքվի վախերը, որոնց հիմքերը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերացնել:

Հավելենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանը մասնակից Ֆարհադ Մամեդովն Ալիևի խոսափողն է, և սա գաղտնիք չէ, Դիլարա Աֆանդիևան ոչ միայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակած «էկոակտիվիստներից» էր, այլև նրա ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից կարելի է նկատել, որ նա ալիևյան ռեժիմի մոլի ջատագով է, հակառուս է, ուկրաինամետ, իսրայելամետ, իսկ 1news.az-ի խմբագիր Քամալա Մամեդովան նաև անձամբ է հեղինակել բազմաթիվ հայատյաց հոդվածներ, այդ թվում՝ հրապարակումներ ունի Ռուբեն Վարդանյանի դեմ և շրջափակման ժամանակ կասկածի տակ էր դնում Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների հետ կապված խնդիրներն ու խանութների դատարկ լինելու փաստը, իսկ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային խորհուրդը ներկայացնող Ռամիլ Իսկանդերլին էլ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական ծրագրի ջատագովներից է: Այս և այս նախաձեռնության մասնակիցների մասին բազմիցս բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել:

Ի դեպ, «արևմտյան Ադրբեջան» անունը ստացած համայնքը ևս հայտարարություն է տարածել Հաջիևի հայտարարություններին ՀՀ-ից հնչող գնահատականների առումով, հորդորելով կենտրոնանալ այն փաստերի վրա, որ «ՀՀ տարածքում եղած ադրբեջանական պատմամշակութային ժառանգություն է ոչնչացվել»:

Այս ամենը հաստատում է այն, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգը բավականին խոցելի է, երբ անգամ «քաղհասարակությունը» պատրաստ չէ տեսնել՝ ում կողմից է վտանգվում խաղաղության օրակարգը: Ի դեպ, եթե ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը փորձել էր հայկական կողմի արձագանքում տեսնել նաև Նիկոլ Փաշինյանի «կուլիսային դիրիժորությունը», մեղադրելով նրան երկակի խաղի մեջ, թեև ՀՀ իշխանությունների արձագանքն այն մակարդակում չէ, որ կարող էր լինել, մյուս կողմից, նախորդ դեպքերի համեմատ որոշակի գնահատականներ եղան, ամեն դեպքում, եղան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930