Արևմուտքը կասկածե՞լ է Փաշինյանին՝ ՀԱՊԿ-ին «ալգորիթմներ» փոխանցելու մեջ․ կա՞ Հայաստանի անդամակցության սառեցման չերևացող պատճառ
Երևանում «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր է և սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև` տարածաշրջանային անվտանգության և հաստատված խաղաղության:
Խնդիրն այն է, որ ալիևյան ռեժիմի «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պետական այս ծրագիրը բխում է, ըստ էության, Ադրբեջանի սահմանադրությունից, որի փոփոխության հարց պաշտոնական Երևանը չի դրել, երբ Բաքուն ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսմղումը խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման պայման է դիտարկում:
Եվ սա՝ չնայած նրան, որ Արցախը հայաթափված է և ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց Բաքուն ունի սրա բացատրությունը` պետք է վերացնել այն իրավական հիմքերը, որոնք աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի հնարավոր փոփոխության դեպքում Հայաստանը կարող է գործի դնել, իհարկե նաև` ՀՀ-ում իշխանափոխության դեպքում:
Նշենք, որ տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանը, հղում անելով իր Սահմանադրությանը, հավակնում է ՀՀ տարածքների 60 տոկոսին:
Այսինքն, «արևմտյան Ադրբեջան» ասվածը զուտ խոսույթ չէ, որի չօգտագործելուց Հայաստանի նկատմամբ սպառնալիքը վերանա, դա, այսպես ասած, իրավական հիմքի մակարդում է, նույն հիմնավորմամբ է, որ Արցախն իր վերահսկողության տակ պահող Ալիևը պահանջում է ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը:
Ավելին, Բաքուն «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը ոչ միայն առաջ է քաշում որպես խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման նախապայման, այլև` նրանց իրավունքները դիտարկում է այս տրամաբանության մեջ:
Մոտ երկու տարի առաջ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովումը Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար» կոնֆերանսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ալիևը հայտարարել էր.
«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքները վերականգնելու համար»:
Դրանից ավելի ուշ Բաքվի բռնապետը շեշտել էր, որ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովումը չի նշանակում միայն ֆիզիկական վերադարձ «հայրենիք», այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում, ինչն օրինական պահանջ է:
Այսինքն, Ալիևն «արևմտյան Ադրբեջան» համայնքի մոտեցումները միանգամայն կառուցողական է համարել` հիմք համարելով նաև վաշինգտոնյան փաստաթղթերը: Եվ նաև այս հեռանկարը հաշվի առնելով ենք վտանգավոր համարել վաշինգտոնյան փաստաթղթերը, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որի 10-րդ հոդվածը սահմանում է.
«Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»:
Մի առիթով գրել ենք Ալիևի` «արևմտյան Ադրբեջան» քաղաքական ծրագրի համատեքստում այլ վտանգավոր և խորամանկ առաջարկի մասին` ուղղված Նիկոլ Փաշինյանին, որտեղ խոսում է «փոխադարձություն սկզբունք»-ի մասին:
Պարզ է, չէ՞, որ Ալիևը նկատի չունի արցախցիների վերադարձ, ոչ էլ Բաքվի փախստականների վերադառնալու հնարավորությունը, նա, ըստ էության, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը Հայաստան դիտարկում է փոխհատուցման տրամաբանության մեջ:
Ի դեպ, մի քանի տարի առաջ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» համայնքը Հայաստանից դուրս եկած մոտ 300.000 ադրբեջանցիների վերադարձի հարցով պաշտոնապես դիմել է ՀՀ կառավարությանը, և հենց դրա համար էր, որ ավելի ուշ Բաքուն պահանջել էր Փաշինյանին բանակցությունների սեղան նստել նրանց հետ:
Իսկ օրեր առաջ Ալիևը հայտարարել է, որ «օկուպացիայի» տարիներին մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստական են ունեցել, ընդ որում` 250.000-ը` Հայաստանից, թեպետ հարց է` արդյո՞ք ՀՀ-ում 250.000-300.000 ադրբեջանցի բնակվել է: Եվ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հենց սա ապացուցեն և համեմատեն Արցախից և Բաքվից հայ փախստականների թվի հետ: Հիմա որտե՞ղ է պարադոքսը:
Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովի ժամանակ ասել է, որ «ՀՀ արտաքին անվտանգության կարևոր կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. արտաքին քաղաքական և անվտանգային որոշումները պետք է հիմնված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա»:
Սրան զուգահեռ՝ Ալիևը հայտարարում է. «Ով ուժեղ է, նա է իրավացի» սկզբունքը մենք չենք առաջ քաշել։ Բայց մենք պետք է հաշվի նստենք առկա իրողությունների հետ, և, իհարկե, հաշվի ենք նստում։
Գիտենք, որ մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մեր ժողովրդի՝ որպես ազատ, անկախ ժողովրդի հետագա կյանքի միակ երաշխավորը մեր կամքն է, վճռականությունը, ռազմական հզորությունը, մեր ժողովրդի համախմբվածությունը՝ մի բռունցք դառնալը, մեր հավատքն ու ազգային արժեքները»:
Ավելին, Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ բանակը պետք է գործի և զարգանա միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքը պաշտպանելու համար` շեշտելով.
«Սրանից մի միլիմետր դուրս գալը նշանակում է` ՀՀ-ն մեծ բարդություններ է ունենալու զինված ուժերը զարգացնելու գործում։ Երկրորդ, խոցելի է դառնալու այլոց հնարավոր գործողությունների համար` ստեղծելով լեգիտիմության որոշակի դաշտ»:
Հիմա հարց` եթե 29 743 քկմ-ի մեջ մտնում են նաև ՀՀ օկուպացված տարածքները, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ինքը՝ Փաշինյանը, ապա ինչո՞ւ է արգելված եղել ի սկզբանե ՀՀ բանակի մուտքն այդտեղ և արգելվում է այսօր` դա դիտարկելով ոչ լեգիտիմ:
Ու սա այն դեպքում, երբ Ալիևն ասում է, որ ադրբեջանական բանակը պետք է գործի երկրի սահմանադրության պահանջներից ելնելով, իսկ այն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հիմա ո՞ր կողմում է ռազմական հնարավոր գործողությունների «լեգիտիմության հիմքերը» և պատասխանատուն:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անունից առաջ ընկնելով՝ ստանձնում այդ պատասխանատվությունը կամ դա դնում ՀՀ զինված ուժերի վրա, երբ ադրբեջանական կողմից սրա պակասն առանց այն էլ չկա:
Շարունակելով պարադոքսների թեման. Փաշինյանը պահանջում է մոռանալ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, երբ Ալիևը միջազգային հանրության աչքի առաջ զբաղված է իրեն այդ հանցագործություններից մաքրելու գործով: Բայց միաժամանակ Հայաստանն է հռչակվում տարբեր ժամանակներում և պատերազմներում «ռազմական հանցագործություն գործած» պետություն, որի համար Ալիևն արդարադատություն է պահանջում, ինչի համար դեռ պատժվողներ չեն եղել` «Խոջալուի ցեղասպանությունից» մինչև «Գյանջայի դեպքեր», և ոչ միայն:
«Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային օջախները, և այդ հիշողությունը մեզ ավելի զգոն է դարձնելու։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերին, թույլ չի տա, որ մեր ժողովրդի դեմ որևէ նենգ ծրագիր իրականացվի: Պետք է զգոն լինենք, և մենք զգոն ենք, մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Ադրբեջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը լայն թափ է ստացել։ Յուրաքանչյուր ոք տեսնում է` այսօր աշխարհն ամբողջությամբ փոխվել է, և առաջին պլան է մղվել ուժի գործոնը»,- օրերս հայտարարել է Ալիևը:
Այսինքն, Ալիևի և Փաշինյանի աշխարհի և իրականության ընկալումները տարբեր են, կամ` Փաշինյանի «իրական Հայաստանը» համարժեք չէ Ալիևի իրական Ադրբեջանին և հակառակը: Ու նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումների համատեքստում է զարգացնում իր երկիրն ու բանակը, սա, իհարկե, հայկական զինված ուժերի և պետության համար անվտանգային ռիսկեր է ստեղծում: Մենք, բնավ, պատերազմի քարոզ չենք անում, ոչ էլ համաձայն ենք ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցադրման հետ` եթե ժամանակակից սպառազինություն ենք գնում, ինչո՞ւ ենք վախենում պատերազմից: Ի վերջո, պատերազմում հաղթելու համար բավարար չէ միայն զենքը, եթե համարենք, որ ուժային բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև այդքան էլ խախտված չէ:
Մյուս կողմից, վտանգավոր է իշխանական պատգամավորի պնդումը, որ եթե Ադրբեջանը կրակի, Հայաստանը չպիտի պատասխանի, քանի որ կվտանգվի խաղաղության օրակարգը: Եթե Բաքուն խախտի կրակոցային լռությունը, ուրեմն` խաղաղություն ասվածը գոյություն չունի, դիվանագիտական, քաղաքական և ռազմաքաղաքական հայկական կողմի ջանքերը ձախողված են: Ի դեպ, ադրբեջանական կրակոցը հավանական համարելն արդեն հարցեր է առաջացնում:
Վերադառնանք բանակի զարգացմանը:
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովի ժամանակ Փաշինյանը դարձյալ պնդել է` նախքան 2022 թ. հոկտեմբերի պրահյան փաստաթղթի ստորագրումը Հայաստանին արևմտյան կամ այլ երկրներ զենք չէին ցանկանում վաճառել:
Այսինքն, ինչպես բազմիցս գրել ենք, բարեկամ Ֆրանսիան Հայաստանին որոշեց սպառազինություն մատակարարել Արցախի հայաթափումից հետո, և ոչ մի ռազմական աջակցություն չի առաջարկել 44-օրյայից առաջ և դրա ընթացքում, ինչպես որոշ շրջանակներ տարածում էին:
Այս համատեքստում Փաշինյանը պնդել է նաև, որ մեզ զենք չեն վաճառել, մատնանշելով Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելը:
Իհարկե, նախկինում Հայաստանն այլ երկրներից ինչ-ինչ սպառազինություն գնել է և ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդոտ չի հանդիսացել, ինչի մասին մի առիթով վստահեցրել է, մասնավորապես, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվ այն, որ վտանգ են տեսել ՀՀ սուվերեն տարածքից դուրս դրանց տեղակայման մեջ, Սերժ Սարգսյանը նշել էր, որ նման հավաստիացումներն օրինաչափ են, բայց Հայաստանն իր գնած զենքերն Արցախ տարել է` որպես անվտանգության երաշխավոր:
Իսկ Փաշինյանը վերևում հիշատակված անվտանգային միջոցառմանը կրկնել է մի առիթով արված վտանգավոր խոստովանությունը, թե ինչու է Արևմուտքը վտանգ տեսել Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելուց:
«Ասում էին, որ դուք ՀԱՊԿ անդամ եք, զենք վաճառելիս մենք նաև ալգորիթմներ ենք վաճառում։ Մեզ ասում էին` «մենք տեսնում ենք, որ դուք այդ ալգորիթմները կարող եք այլ տեղ շրջանառել, և դա մեզ համար անվտանգության սպառնալիք է»,- հայտարարել է նա:
Այսինքն, Փաշինյանը խոստովանում է, որ արևմտյան գործընկերները չեն վստահել իրեն, իր ղեկավարած երկրին և պաշտպանական գերատեսչությանը, և կասկածել են, որ մատակարարվող զենքի պարամետրերը «կվաճառի» ՀԱՊԿ-ին: Կարո՞ղ էր ինչ-որ փուլում նույն կասկածներն ունենալ նաև ՀԱՊԿ-ը: Օրինակ, 2022 թ. Ադրբեջանի լրատվամիջոցները Փաշինյանին մեղադրել էին Արևմուտքին ՀԱՊԿ-ի վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու մեջ:
Այստեղ ևս մեկ հարց է առաջանում` գուցե ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության սառեցումը նաև արևմտյան պահանջի տրամաբանությա՞ն մեջ է: Բաց Փաշինյանը պետք է պատասխանի նաև` ինչո՞ւ Ադրբեջանը և Թուրքիան մեղմացրին իրենց արձագանքները ՀՀ բանակի վերազինման հարցում, երբ սկզբում պահանջում էին անգամ պայմանագրերի չեղարկում կամ արդեն մատակարարված զենքի վերադարձ, արդյո՞ ք պատճառն այն է, ինչ նշեցինք:
Սակայն այս օրերին Չինաստանում են գտնվում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Մասնավորապես, Զաքիր Հասանովն այցելել է չինական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի՝ China Aerospace Science and Industry Corporation (CASIC) արտադրական բազա. բանակցություններ է վարել CASIC-ի ղեկավարության հետ և ծանոթացել ընկերության արտադրած տարբեր պաշտպանական ու հրթիռային համակարգերին:
Հիշեցնենք, որ անցած տարի Բաքվի զորահանդեսին ցուցադրվել էր չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրները, դրանք ստեղծվել են ռուսական Ս-300-ի բազայի հիման վրա:
Իսկ Պեկինում ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր, այլ մանրամասներ չեն նշվում:
Այն, որ Հայաստանը փորձում է տարբեր երկրների հետ, այդ թվում` Չինաստանի նման երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ստեղծել, դա ողջունելի է: Բայց այս ամենը չի կարող արդյունք տալ բանակի կարողությունների հզորացման և տարբեր առաջադրանքների կատարման տեսանկյունից, եթե զինվորը և սպան կաշկանդված են, երբ հստակ նշվում է, որ «արևմտյան Ադրբեջան» խոսույթը սպառնալիք է Հայաստանի համար, բայց բանակը հակառակորդ չունի: Դեռ չենք նշում հետախուզության, գրոհային ստորաբաժանումների և հատուկ նշանակության ուժերի հզորացման անհրաժեշտության մասին, իսկ այն հնարավոր չէ, երբ իրական հակառակորդը դիտարկվում է երևակայական:

