
Ադրբեջանում մտածում են, որ Ռուսաստանը փորձում է Ալիևին վերացնե՞լ. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանն այն կարծիքին է, որ Ալիևը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 ամյակի առիթով Մոսկվայում անցկացվող շքերթին չմասնակցեց անձնական անվտանգության հետ կապված մտավախությունների պատճառով:
«Մարտի կեսերին Պուտինը, Լուկաշենկոն և Տաջիկստանի նախագահ Ռահմոնը զանգահարում են Ալիևին, խոսում այն մասին, որ Մեծ Հայրենական պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նրանք հավաքվելու են: Դրանից մոտ 2-3 օր հետո Մատվիենկոն է այցելում Ադրբեջան, և տարբեր տեղեկություններով՝ քննարկվել է նաև այդ հարցը: Մինչև վերջին պահն ադրբեջանական կողմը բոլորովին արձագանք չէր տալիս՝ լինելո՞ւ է այդ միջոցառմանը, թե՞ ոչ, թեպետ ընդհանուր զանգից կարելի էր դատել, որ նախնական պայմանավորվածություն կա: Այդ ֆոնին, մոտավորապես միջոցառումից մի քանի օր առաջ, Ռուսիո պատրիարք Կիրիլն է այցելում Ադրբեջան՝ կրկին փոխանցելով Պուտինի հրավերը: Կրկին պատասխան չի լինում: Միջոցառումից մեկ օր առաջ ռուսական կողմն ասում է, որ Ալիևն այս պատճառաբանությամբ չի եկել միջոցառմանը (Հեյդար Ալիևի ծննդյան օրվա միջոցառումների,- Ռ.Մ.):
Ադրբեջանական կողմը որևէ պաշտոնական արձագանք դրան չի տվել: Տարածել են պարզաբանումներ լրատվամիջոցներով, որ պատճառներից մեկը նախորդ տարվա դեկտեմբերին կործանված ինքնաթիռի դեպքն է, մյուսը՝ ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայից դեպորտ անելու միջադեպն էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ադրբեջանական լրահոսին, տարբեր փորձագետների քննարկումներին հետևելով՝ փորձագետն այն վարկածն է առաջ քաշում, որ Ալիևն ուղղակի անվտանգային խնդիրներ է տեսել մեկնելու մեջ:
«Մի ուշագրավ բան կա. նախորդ տարի, երբ այդ ինքնաթիռի աղետը տեղի ունեցավ, Ալիևը մեկնում էր ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը, և նա վերադարձավ Ադրբեջան այդ միջադեպից հետո:
Դրանից մոտ մեկ-երկու ամիս անց Ադրբեջանի ընդդիմադիր համարվող Turan.az լրատվական գործակալությունը, հղում անելով իշխանական աղբյուրներին, գրել էր, որ այդ միջադեպի ժամանակ Ալիևի ինքնաթիռը ևս հայտնվել է խափանումների մեջ և կորել է կապը GPS-ի հետ»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը:
Հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանում մտածում են, որ ռուսական կողմը փորձել է Ալիևին վերացնե՞լ, նա արձագանքեց. «Այո, եթե շատ ուղիղ ասենք՝ կոնկրետ այդ վարկածն է շրջանառվում: Այդ վարկածը շրջանառության մեջ դնելուց կարճ ժամանակ անց ադրբեջանական այդ գործակալությունը փակվում է: Այսինքն՝ ինձ թվում է՝ Ադրբեջանի նախագահը չէր կարող դա իշխանական մամուլով տարածել, դա շատ ակնհայտ կլիներ, փորձել է ընդդիմադիր մամուլով տարածել, որը հղում էր անում իշխանական հստակ աղբյուրների և գերատեսչությունների: Հիմա, երբ լսում եմ որոշ ադրբեջանցի փորձագետների, իրենք ոչ թե ուղիղ ասում են՝ դուք կարող եք սպառնալիք ստեղծել Ալիևի համար, այլ ասում են՝ տեսեք՝ Ուկրաինան սպառնալիք է հնչեցրել, որոնք վտանգներ են ստեղծում, և այդ վտանգի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում՝ ադրբեջանական առաջին բորտը գա հասնի Մոսկվա: Այսինքն՝ շեշտում են, որ կա անվտանգային խնդիր, և ես կարծում եմ, որ իրապես կա այդ անվտանգային խնդիրը, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, ադրբեջանական ինքնաթիռի կործանումից և Ալիևի ինքնաթիռի ենթադրյալ միջադեպերից հետո երկար ժամանակ Ալիևը որևէ տեղ չէր էլ գնում, իր հանդիպումների մեծ մասը նա անցկացնում է Բաքվում: Վերջին շրջանում Չինաստան է ուղևորվել և, բնականաբար, Անկարա է մեկնում, բայց այլ տեղեր առանձնապես չի շտապում ուղևորվել: Ենթադրում եմ՝ անձնական անվտանգային մտավախություններ ունի»:
Ըստ նրա՝ դժվար է ասել՝ ինչպիսին են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, բայց վերջերս ադրբեջանական կողմն Ազգային ժողովի հանձնաժողովի մակարդակով մեղադրեց ՌԴ-ին՝ կիբեր հարձակումների համար: Մինչ այդ, փետրվար-մարտ ամիսներին, արդբեջանական մի քանի կայքեր միաժամանակ խափանվեցին, սկզբում իրենց համապատասխան գերատեսչությունը հայտարարեց, որ դա հայկական կողմն է արել, հետո երևի իրենց մեջ մտածեցին, որ՝ եթե ասում ենք՝ հայերն ունակ չեն ոչինչ անել, ապա այդքան էլ հարմար չէ հայերին մեղադրելը, լրատվամիջոցներով նյութեր գնացին, որ դա կա՛մ Ֆրանսիան է, կա՛մ Ռուսաստանը, հետո կանգ առան Ռուսաստանի վրա: Այստեղ ավելի խորքային խնդիր կա՝ Ալիևը ժամանակ առ ժամանակ տարբեր կողմերի հանդեպ նման վարք ցուցաբերելով՝ իր համար շատ կարևոր գին է բարձրացնում: Որոշ ժամանակ առաջ հերթական գլոբալ ֆորումն էին անում օկուպացված Ստեփանակերտում, Ալիևը Շառլ Միշելի ներկայությամբ բավականին կոշտ հայտարարություններ արեց ԵՄ հասցեին, և դրանից կարճ ժամանակ անց Կալլասն ուղևորվում է Բաքու, խոսում համագործակցության, կարևոր հարաբերությունների մասին: Նույնը Ադրբեջանը շատ հաճախ փորձում է անել Ռուսաստանի հետ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում