
«Ուզում են զինաթափել Հայաստանը. արդեն խոսում են 1-1.5 մլն ադրբեջանցիների վերադարձի մասին». Կարեն Իգիթյան
«Արցախը հանձնելու բոլոր փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եվրոպական հարթակում. Վերահաստատեց Ալմա Աթայի հռչակագիրը, հետո արդեն ճանաչեց Ադրբեջանի 86.600-ը, կնքեց Արցախի հանձնումն ու այն էթնիկ զտումը, որն Ալիևն իրականացրեց: Հիմա նույնը կատարվում է Սիրիայում. Եվրոպացիք, ժողովրդի լեզվով ասած՝ պեչատ են դնում տեղի ունեցողի վրա, ասում են՝ նորմալ է, որ Սիրիայի «իշխանությունը» կոտորում է մարդկանց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը՝ շեշտելով, ԵՄ-ն հստակ ցույց է տալիս՝ միավորված են ոչ թե արժեքների, այլ շահերի շուրջ:
«Որտեղ կա իրենց շահը, էլ չեն նայում ոչ մի արժեքի: Մենք սա տեսել ենք Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի դեպքում: Օրինակ՝ Հայաստանի դեպքում, երբ չափից շատ բռնություն կար ընդդիմության հանդեպ՝ ոստիկանությունը ծեծում էր մարդկանց, ուժ էր կիրառում պատգամավորների նկատմամբ, ԵՄ-ից ասում էին, որ հիացած են ՀՀ ոստիկանության գործողություններով: Իրենք հենց նշում էին, որ ՀՀ իշխանություններն իրենց դաշնակիցն են. ոչ թե երկիրը, այլ իշխանությունը: Արցախի հարցում նշեցինք, որ իրենց բերած թղթերով Ալիևն արեց էթնիկ զտում, որից հետո իրենք շնորհավորեցին Ալիևին և նշեցին, որ նա իրենց էներգետիկ ոլորտում անվտանգության երաշխավոր է: Ալիևն ինչ անում է Ադրբեջանի ներսում, որևէ խնդիր չեն տեսնում, կեղծ ընտրությունները բոլորն ընդունեցին, բայց երբ Վրաստանում էին ընտրություններ, հիշում եք՝ ինչ տիպի ճնշումներ էին: Այս իրավիճակում ենք գտնվում, երբ արժեքներն ուղղակի հայտարարված են, բայց չեն աշխատում, աշխատում են միայն շահերը»,- շեշտեց նա:
Կարեն Իգիթյանը նկատեց՝ Սիրիայում տեղի ունեցող վայրագությունների թիվ մեկ շահառուն Թուրքիան է. «Թուրքիան իրեն բնորոշ ոճով զավթել է տարածքը և հիմա էթնիկ զտում է իրականացնում: Երկրորդ՝ Թուրքիան միայնակ չէ այդ ամենում, և ԵՄ հայտարարությունն այդ մասին է, որ Արևմուտքը գլոբալ առումով կանգնած է Թուրքիայի թիկունքում: Այստեղ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ Պետդեպը դեմ է արտահայտվել այդ ամենին, բայց Պետդեպն այլ հարցեր ունի նաև ԵՄ-ի հետ՝ այլ հարցով»:
Անդրադառնալով Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ նա նշեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է նրա համար, որ Հայաստանին պատասխանատվության կանչի. «Այս «դատավարությունը» միայն Արցախի ղեկավարության դեմ չէ, այն ՀՀ-ի դեմ է: Իրենք այս ամենն անում են, որպեսզի հետո իրենց հարվածը Հայաստանին ավելի լեգիտիմ հիմք ունենա»:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների կարմիր գիծն իշխանությունը պահելն է. «Հարցերը տարածաշրջանում լուծվելու են զինված ուժով: Զինված ուժի դեմ թղթով չես կարող առնել: Փաստաթուղթ ունենալը շատ լավ է, պետք է ձգտել փաստաթղթեր ունենալ, բայց միայն թղթով դրա դիմացը չես կարող առնել: Եթե նպատակն այն է, որ 10 կամ 20 տարի հետո ՀՀ-ի փոխարեն լինի «Արևմտյան Ադրբեջան», ապա այսպես զիջելով՝ կարող ենք զինված բախման չհասնել, որովհետև եթե ասում ես՝ լավ, թող այս մարդիկ մտնեն, որտեղ մտնում են՝ ժողովրդին ասում ես՝ դուրս եկեք, որ բախում չլինի, այո, կարող է չլինել, բայց հարցն այն է՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ ՀՀ և այստեղ ապրել՝ որպես հայ մարդ»:
Դիտարկմանը՝ Փաշինյանն էլ է այդ հարցը տալիս և ասում, որ դրական պատասխանի պարագայում հարկավոր են գաղափարական տրանսֆորմացիաներ, նա արձագանքեց. «Գուցե հակառակը, ուրեմն՝ մեզ պետք է մոբիլիզացվել, որովհետև գաղափարական տրանսֆորմացիաներն ինչի՞ մասին են. պարտվել ենք, պետք է ընդունենք իրենց պահանջը, բայց իրենց պահանջը Դեր Զորն է:
Թուրքերի հիմնական ուզածն ի՞նչ էր՝ հայերը պետք է ապրեն Դեր Զորում և այնտեղ մահանան: Հիմա մոտավորապես նույն մոտեցումն է թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ: Ինչքան ուզում ես՝ տրանսֆորմացվի, ինչքան դու զիջում ես, քո հակառակորդն այնքան մեծացնում է պահանջները, և, ի վերջո, հասնելու են նրան, որ այստեղ հայեր չեն լինելու, լինելու է «Արևմտյան Ադրբեջան», եթե այսպես շարունակվի»:
Նա շեշտեց՝ Ադրբեջանը բաց խոսում է իր պլանների մասին. «Նրանք ուզում են զինաթափել Հայաստանը, սկզբից խոսում էին 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, բայց արդեն խոսում են 1-1.5 միլիոնի մասին, պնդելով, թե ՀՀ տարածքից նրանք դուրս են եկել, հետո բազմացել են, այսպիսի մեծ թիվ է ստացվել:
Նրանց ասելով՝ այդ մարդիկ պետք է գան ՀՀ և ունենան որոշակի իրավունքներ, այդ իրավունքներն էլ պետք է ունենան երաշխավորներ: Թուրքիայի համար դա պրակտիկա է, նա դա արել է Կիպրոսում, անում է Սիրիայում, և ուզում են այսպիսի հիմք ստեղծել այստեղ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուղիղ խառնվելու համար: Ի վերջո, պլանն այն է, որ ՀՀ-ի տեղը լինի Արևմտյան Ադրբեջան: Եթե չկարողանան դա անել վերաբնակեցման փաստաթղթի միջոցով, ապա կընդունեն անխոչընդոտ երթևեկելու Փաշինյանի առաջարկը, որովհետև եթե կարողանան ՀՀ ճանապարհներից օգտվել, ինչ-որ պահից ռամիլսաֆարովներ են գալու և հրահրեն հակամարտություն, որից օգտվելով՝ ասելու են՝ տեսա՞ք, Ալիևը դեռ երբ էր ասում, որ ֆաշիստական պետություն է, պետք է մի բան անել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում