Իրենք կարող են տարբեր մեկնաբանություններ տալ, բայց մեկնաբանությունը մեկն է՝ իրենք վախկոտ են․ Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն օրերս այցելել են Գանձասար: Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Ըստ հանրայնացվածի՝ ադրբեջանական կողմը լիուլի հեքիաթներ է պատմել արցախյան մշակույթի՝ իբր  աղվանական հիմքերի մասին, ավելին՝ Հաջիևը նույնիսկ փորձել է ծաղրել է Գանձասարում գտնված գրքի մակետը՝ իրեն ու հյուրերին հավատացնելով, թե գրքի հետ գործ ունեն։

Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները մեկ անգամ չէ, որ ահազանգել են 2020 թվականի պատերազմից ու հատկապես երեք տարի առաջ Արցախի հայաթափումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։

Այս օրերին էլ պաշտոնական Երևանի փոխարեն խոսում են շատ տարբեր շրջանակներ՝ դատապարտելով կատարվածը։

Կարդացեք նաև

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին թեև վրդովվեցրել է  օկուպացված Արցախ միջազգային ներկայացուցիչների այցի հերթական դրվագը, սակայն նա տեղի ունեցողի պատճառները չի ցանկանում հեռու փնտրել․

«Այն ամենի ֆոնին, որ տեղի է ունենում Հայաստանում Հայաստանի իշխանությունների կողմից, մնացած ամեն բան թվում է, թե օրինաչափ է արդեն դառնում, որովհետև պատերազմը և դրանից հետո տարվող քաղաքականությունը բերեց սրան։ Ադրբեջանը 2020 թվականի՝ ՀՀ իշխանությունների կապիտուլյացիան դրեց որպես Հայաստանի հետ շարունակվող քաղաքականության հիմք և դրա վրա կառուցեց մնացած ճանապարհը»։

Թե ինչո՞ւ է դա շարունակ ստացվում թշնամու մոտ հարցի պատասխանը Մետաքսե Հակոբյանը համարում է հայկական կողմի լռությունը։

«Մենք տեսնում ենք, չէ՞, իրենց աղմուկը, իրենց հստակ քայլերն այդ ուղղությամբ և Հայաստանի իշխանությունների բացարձակ լռությունը։ Եթե առաջ մենք կարող էինք ինչ-որ նվնվոցներ լսել արտգործնախարարության կողմից, երբեմն ինչ-որ անդրադարձներ տարբեր պաշտոնյաների կողմից, հիմա՝ քար լռություն է, քար լռություն է նույնիսկ այն դեպքերի մասով, որոնք տեղի ունեցան ՀՀ նկատմամբ,- մանրամասնեց ԱՀ ԱԺ պատգամավորը, ապա անդրադառնալով 168am-ի դիտարկմանը, որ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում ասել է, թե՝ չեն դատապարտում, քանի որ չեն ուզում խաթարել խաղաղությանը, հավելեց,- Գիտե՞ք, իրենք կարող են տարբեր մեկնաբանություններ տալ, բայց մեկնաբանությունը մեկն է՝ իրենք վախկոտ են, իրենք կապիտուլյացիայի ենթարկված իշխանություններն են, իրենք այն իշխանություններն են, որոնք պարտավոր էին առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9 -ին հրաժարական տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանար նոր ռազմավարական ուղով ոտքի կանգնել և չհայտնվել այս ճահճում, որում հիմա է։

Դա վախկոտի ու կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունների պաշտպանական ռեակցիան է։ Սա ընդհանրապես քաղաքականություն չի, սա ընդամենը պաշտպանություն է, ցինիզմ, որովհետև իրենք շատ լավ գիտեն` ցանկացած ծպտունի դեպքում հատվելու են պայմանավորված այն բոլոր գծերը, որ ունեն Ադրբեջանի հետ։ Իսկ այդ գծերը վերաբերում են միայն իրենց անձերին ու իրենց իշխանությանը»։

Խոսելով «միջազգային հանրության» դերակատարման մասին, որի տարբեր ներկայացուցիչներ օկուպացված Արցախում, փաստացի, երգով-պարով մոռացություն են  տվել Արցախում էթնիկ զտումը, Մետաքսե Հակոբյանը  շեշտեց՝ թեև մեծագույն ցավ է տեսնել տեղի ունեցողը, սակայն քաղաքականությունն անողոք է։

«Արդեն մի քանի տարի է՝ աշխարհում վերաձևակերպումներ, վերադասավորումներ են։ Ցանկացած պետություն հիմա դիրքավորվում է, և բնական է, որ ինքը դիրքավորվում է՝ իր պետության շահից ելնելով, իր ազգի, իր պետության, իր ազգային արժեքների։

Բայց ինչքան էլ մենք քննադատենք, քննարկենք արտաքին աշխարհը, միևնույն է, ամեն ինչ, ցավոք սրտի, Երևանի կենտրոնում է․ այսօր ՀՀ իշխանությունները չկան որպես սուբյեկտ,  բանակցային որևէ գործընթացում Հայաստանի իշխանությունները, ինչքան էլ փորձեն հակառակը ցույց տալ, գոյություն չունեն։ Բոլոր պայմանավորվածությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ, էլի առանց իրենց մասնակցության է։

Իհարկե, սա նաև չի նշանակում, որ պետք է արդարացնել տեղի ունեցողը և ասել, թե՝ գիտե՞ք ինչ, այո, բացարձակ նորմալ է միջազգային հանրության պահվածքը, մանավանդ այն պարագայում, երբ պատերազմից հետո հատկապես Ֆրանսիայի սենատորներն ու պատգամավորները միակն էին, որ այցելեցին Արցախի Հանրապետություն, հանդիպումներ ունեցան թե՛ իշխանությունների հետ, թե՛ Ազգային ժողովի հետ։ Բայց այն խոստումները, պայմանավորվածությունները, որ եղել են Ֆրանսիայի հետ, ցավոք սրտի, հիմա ևս գոյություն չունեն, և սա, իհարկե, ցավալի է։ Բայց մենք էլի պիտի արձանագրենք, որ, այո՛, աշխարհում տեղի է ունեցել շատ վատ բան, և այսօր ուժի կիրառումը դարձել է քաղաքականության բաղադրիչ, և ժողովրդավարության, մարդասիրության, իրավունքների ջատագով Արևմուտքն այսօր, ցավոք սրտի,  ընդունել է դա»,- ասաց նա։

Ըստ արցախցի պատգամավորի՝ ամեն դեպքում, այսօրեական իրողություններն էլ չպետք է վերջնական ու հաստատված փաստ համարել․ գալու է մի պահ, որ իրավունքը, մարդասիրությունը դառնալու են առավել, քան ուժի գործոնը, և օրվա խեղճուկրակ իշխանություններն էլ, ըստ նրա, հավերժ չեն։

«Ուղղակի պիտի պատրաստ լինել նաև հետագա փոփոխություններին ու որևէ կերպ չդադարել այդ ուղղությամբ աշխատել, ինչը որ մենք այսօր Արցախի Ազգային ժողովի մի քանի պատգամավորներով, ձեռքներս չծալելով՝ շարունակում ենք անել, այդ թվում՝ կապ պահել նույն միջազգային հանրության հետ։ Եվ գիտե՞ք, մեզ իրոք զարմացնում է այն հանգամանքը, որ միջազգային հանրության մեջ էլ ստանդարտները երկակի են, որովհետև նույն կառավարության մեջ կան մարդիկ, որոնք շփվում են մեզ հետ` ընդունելով Արցախի Ազգային ժողովը, համարելով, որ մենք ենք միակ լեգիտիմ ներկայացուցիչներն Արցախի ու Արցախի ժողովրդի ( ինչ-որ աշխատանքներ այդ ուղղությամբ տանում են նույն Ֆրանսիան, Շվեյցարիան),  բայց  նույն երկրներում տեղի է ունենում հակառակ պրոցեսը:

Այստեղ կա մի պարզ ճշմարտություն, որ կհստակեցնի այդ ամենը՝ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը մեր իրավունքների նկատմամբ, որովհետև, համենայն դեպս, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ պահանջ ունի, որ Հայաստանի իշխանությունները պարտավորություն ունեն պահել, պահպանել հայկական ժառանգությունն ամբողջ աշխարհում։ Իսկ այն, որ Արցախում հստակ է հայկական ժառանգության լինելիությունը, հետքը, այդտեղ որևէ կասկած չկա։ Այլ բան է՝ Ադրբեջանը դա ինչպե՞ս է փորձում ներկայացնել այն ֆոնին, որ այսօր ունեն Հայաստանի իշխանությունները»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930