
Ի՞նչ հարցեր են համաձայնեցնում Ալիևն ու Էրդողանն Անկարայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Անկարայում է։
«Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի կունենան նախագահականում, կքննարկվեն տարածաշրջանային և օրակարգային հարցեր։ Մտքերի փոխանակում տեղի կունենա այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման համար»,- այցից առաջ ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
Բացի այդ, այցի շրջանակներում մարտի 5-ին նախատեսվում է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որի հիմքը դրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։
Ուշագրավն այն է, որ այս այցից առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այցերի շարք իրականացրեց Իրան, Իսրայել և Թուրքիա։ Այս այցերի շրջանակում ադրբեջանական կողմը քննարկեց՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ ռեգիոնալ զարգացումները։ Հատկանշական է նաև այն, որ այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնին, երբ ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև խաղաղություն հաստատել Ուկրաինայում։
Բացի այդ, այցը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվում են, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի խմբագրումներով, և օրերս դրա 12-րդ խմբագրումը հայկական կողմին ուղարկեց ադրբեջանական կողմը։
Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, պետք է ասել, որ այս համաձայնագրի շուրջ հեռակա բանակցությունները չեն վերաբերում ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին, որի վերաբերյալ ՀՀ առաջարկներին Ադրբեջանը շարունակում է չարձագանքել։ Ուստի Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ ուղիղ և միջնորդավորված բանակցությունների դադարի ֆոնին շարունակում է հոդվածներով Ադրբեջանին առաջարկել անցում Հայաստանով դեպի Նախիջևան։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ սերտ հարաբերություններ ունեցող գործընկեր երկրները սովորաբար տարեսկզբին իրականացնում են բարձրաստիճան շփումներ և քաղաքականության որոշակի համաձայնեցումներ ձեռք բերում տարվա կտրվածքով։
Ըստ նրա, բացառություն չեն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք մշտապես աչքի են ընկնում սերտ շփումներով և տարվա ընթացքում հանդիպում են բազմիցս՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում։ Նրա խոսքով, դրա շնորհիվ է, որ հայ-թուրքական հարաբերությունները մինչ այժմ կարգավորված չեն, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն համատեղ որոշում, որ դրանք կարգավորվելու են հայ-ադրբեջանական բոլոր խնդիրների լուծումից և բոլոր հարցերի սպառումից հետո։
«Կարծում եմ, որ այս այցը վերաբերում է երկկողմ հարաբերություններին, սակայն թուրք-ադրբեջանական համատեղ դիրքավորմանը ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բարդ հարթություններում, որտեղ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ։ Կարծում եմ՝ թեմաների շրջանակը ներառելու է վերջին օրերին ակտուալ թեմաները, ինչպես նաև երկու կողմերի համար ավանդական հարցերը, որոնք ներառում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, կարգավորման հեռանկարը, ապաշրջափակման հետ կապված խնդիրները, Իրանի, Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման հեռանկարները։
Ըստ իս, սա գլխավոր թեման է, սակայն մնացած թեմաները ևս կարևոր են, դրանք թեմաներ են, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքին, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին, Եվրոպայի հետ տարաձայնություններին, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, կարելի է ասել, մի փոքր նոր դիրքավորմանն Ուկրաինայի հարցում, որը տարբերվում է Թրամփի վարչակազմի դիրքորոշումից, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր դերակատարման հետ կապված հարցերին։ Հաշվի առնելով Թուրքիա-Մեծ Բրիտանիա և Ադրբեջան-Մեծ Բրիտանիա առանձնահատուկ հարաբերությունները, այստեղ քննարկման թեմաների շրջանակը բավականին լայն կարող է լինել»,- ասաց նա։
Խրամչիխինի կարծիքով, Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարցերում համաձայնեցնում են իրենց քայլերը։
Նա գտնում է, որ ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի համար առանձին խնդիր են Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունները. «Կարծում եմ, երկու երկրներն էլ պետք է փորձեն այստեղ խնդիրները լուծելու ճանապարհով ընթանալ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք ծավալվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ապագա աշխարհակարգի հստակեցման շուրջ։ ԱՄՆ նոր վարչակազմի նոր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նոր իրողություն է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի համար, որը նրանք չեն կարող անտեսել։ Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ՌԴ բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում, սակայն Ռուսաստանը հայտարարում է, որ Բելառուսի առաջարկն է Ռուսաստանի համար լավագույն տարբերակը։ Սա ևս որոշակի ցուցիչ է Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, որը ցույց է տալիս, որ ՌԴ-ն ոգևորված չէ Թուրքիայի առաջարկներով»։
Հարավային Կովկասի դեպքում, ըստ նրա՝ հնարավոր են զարգացումների տարբեր, նաև արագացված սցենարներ, օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից։ «Չի բացառվում, որ փորձ արվի առանց ՌԴ-ի ինչ-որ գործընթացներ առաջ մղել, որը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին, մասնավորապես՝ բանակցված փաստաթղթին։ Հնարավոր է նաև, որ ամեն բան հետաձգվի և երկարաձգվի, քանի դեռ ռեգիոնում աշխարհաքաղաքական նոր բալանսը ձևավորված չէ։ Այդտեղ ամեն դեպքում Արևմուտքն իր նախկին ներկայացվածությամբ չի լինելու, ուստի շատ հնարավոր է նաև երկրորդ սցենարը»,- նկատեց Խրամչիխինը։
Եզրափակելով՝ վերլուծաբանն ասաց, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն կարևոր երկու ուղղություն՝ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական։ «Առանց աշխարհաքաղաքական զարգացումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ ռեգիոնալ օրակարգերն առաջ մղել»,- նկատեց նա։