Բաժիններ՝

ՌԴ-ն պարզաբանումներ է սպասում ԱՄՆ-ից՝ միջուկային փորձարկումների մասին հակասական հայտարարությունների շուրջ. Զախարովա

Հնարավոր միջուկային փորձարկումների հետ կապված Վաշինգտոնի ազդակները Մոսկվայում որակում են հակասական և կարծում են, որ դրանք պարզաբանումներ են պահանջում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առայժմ մենք նշում ենք, որ Վաշինգտոնից եկող ազդակները, որոնք աշխարհի բոլոր անկյուններում առաջացնում են հիմնավորված մտահոգություններ, շարունակում են հակասական մնալ։ Եվ, իհարկե, իսկական պատճառները պետք է պարզաբանվեն», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ եթե «Վաշինգտոնում մտադրվել են մտացածին պատրվակներով անմիջապես վերսկսել միջուկային մարտալիցքերի տարրերի փորձարկումները, ինչը հակասում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դրույթներին և համապատասխան ազգային մորատորիումների բովանդակությանը», ապա դա «անկասկած, կստեղծի չափազանց բացասական դինամիկա և կհանգեցնի այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից պատասխան քայլերի»։

Ինչպես նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, «սա վերաբերում է նաև ամերիկյան զինանոցում գտնվող ռազմավարական հարձակողական սպառազինությունների փորձարկմանը»։ Զախարովան լրագրողների խնդրանքով այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Minuteman 3 հրթիռի փորձարկումների մասին հաղորդագրությունները։

«Ինչքանով այժմ կարելի է դատել այն նյութերից, որոնք հրապարակվել են, խոսքը համեմատաբար սովորական գործողությունների մասին է։ Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ ասել. սա միայն նախնական տեսակետն ​​է։ Փորձագետները, որոնք դրանով զբաղվում են, անշուշտ, հետո իրենց խոսքը կասեն», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս