Իրանին շարունակում է մտահոգե՞լ TRIPP-ը
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյան-Թրամփ-Ալիև ձևաչափով ձեռք բերված «TRIPP route» ձևավորելու պայմանավորվածությունից հետո ևս Հարավային Կովկասում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինի, պրոյեկտի շուրջ քաղաքական դիսկուրսը չի սպառվում:
Թեմային Հայաստանում ՀՀ իշխանություններն անդրադառնում են՝ որպես «Թրամփի ուղի», Ադրբեջանի իշխանությունները՝ որպես «Զանգեզուրի միջանցք», երբեմն կիրառելով նաև «TRIPP» անվանումն այդ ուղու հայկական հատվածի վերաբերյալ: Եվ չնայած հանգամանքին, որ TRIPP-ը պետք է վերջնականապես ձևավորվի հայ-ամերիկյան երկկողմ աշխատանքի արդյունքում, Ադրբեջանը շարունակում է պայմաններ թելադրել և պնդել՝ Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ տեղաշարժ պետք է հաստատվի:
Ի հեճուկս հանգամանքի, որ ՀՀ իշխանությունները պնդում են, թե այդ ճանապարհի շուրջ համաձայնեցված է միայն այն, ինչ գրված է եռակողմ հռչակագրում, այսինքն՝ պահպանվելու է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, այնուամենայնիվ մտահոգությունները չեն դադարում, այդ թվում՝ թեմայի նկատմամբ զգայուն երկրներում:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանը կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ Զանգեզուրի հարցի վերաբերյալ:
«Նրանք մեզ վստահեցրել են, որ մեզ համար որևէ սպառնալիք չի լինի, բայց մենք նաև մոնիթորինգ ենք իրականացնում և հստակ հայտարարել ենք, որ չենք ընդունում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները»,- նշել է իրանցի դիվանագետը:
Արաղչին նաև հայտարարել է. «Զանգեզուրի միջանցքն ունի մանրամասն պատմություն. իրանական միջանցքի քննարկումը շատ լավ ուղու վրա է, որը մենք պետք է օգտագործենք, և մենք բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումը Զանգեզուրի վերաբերյալ, և մենք չենք հանդուրժի օտարերկրյա ուժերի ներկայությունը, և լավագույն միջոցը տարածաշրջանի անվտանգությունն ապահովելն է»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն էլ հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ տեղաշարժը։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ «Զանգեզուրի միջանցքն» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նպատակը միայն անարգել տարանցիկ երթևեկության ստեղծումն է՝ համաձայն միջազգային իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների։ Մենք կարծում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և Միջին միջանցքի շրջանակներում լրացուցիչ երթուղիների զարգացմանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին» (TRIPP) էր, որը կապահովի անխոչընդոտ անցում Զանգեզուրի միջանցքով և կամրապնդի տարածաշրջանային կապերը։
Համատեղ հռչակագրում ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շրջանակներում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընթանում են տրանսպորտային ենթակառուցվածքների համապատասխան նախագծի իրականացման, անվտանգության միջոցառումների և անխոչընդոտ անցման ապահովման վերաբերյալ բանակցություններ, և դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի շինարարությունը:
«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս երթուղին կկապի Ադրբեջանի երկու շրջանները, մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը փոխանցվել է՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ հայկական կողմերին»,- նշել է Հաջիզադեն:
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո Երևան-Բաքու հրապարակային հռետորաբանությունում որոշ դրական տարրեր նկատվում են՝ կողմերը խոսում են խաղաղությունից, ավելի քիչ են հրապարակային դաշտում ծավալվող տարաձայնություններն, ինչպես նաև կողմերը սկսում են պայմանավորվածություններ ձեռք բերել և տարանցումներ իրականացնել:
Թեև, նրա խոսքով, ասել, որ գործ ունենք իրավիճակի հետ, երբ բոլոր խնդիրները լուծված են, սխալ կլիներ, քանի որ, եթե չի ստորագրվում կողմերի միջև բանակցված փաստաթուղթը, ուրեմն կան նաև խնդիրներ և որոշակի անվստահության մթնոլորտ:
«Բնականաբար, Իրանն անընդհատ շփման մեջ է իր գործընկերների հետ և տեղյակ՝ ռեգիոնալ զարգացումներից հնարավորինս լավ: Սակայն ԱՄՆ մասնակցությունն այս պայմանավորվածություններում Իրանին մտահոգող գլխավոր հանգամանքներից է: Իրավիճակին անորոշություն է հաղորդում այն, որ դեռ շատ մանրամասներ քննարկվում են, և այդ իրավիճակում ԱՄՆ-ը ակնհայտորեն ձգտելու է հնարավորինս մեծ ազդեցության ու ներկայության, իսկ ԱՄՆ-ը Իրանի հետ ունի, մեղմ ասած, խնդրահարույց հարաբերություններ, և Իրանի անմիջական հարևանությամբ ամերիկյան ներկայության ամրապնդման հեռանկարը չի կարող չմտահոգել կամ անտարբեր թողնել իրանական կողմին»,- ասաց Ալի Սալամին:
Նրա խոսքով՝ մյուս հանգամանքն այն է, թե որքանով է ներկայումս կողմերի միջև քննարկվող խաղաղությունը կայուն ու տևական, հաշվի առնելով հանգամանքը, որ կողմերն այս հանգրվանին հասել են պատերազմից ու երկարատև բանակցություններից, ինչպես նաև բավականին բուռն իրադարձություններից հետո:
«Իսկ Իրանը տևական ու արդար խաղաղության կողմնակիցն է, որն, ըստ Ռուսաստանի ու Իրանի, պետք է ապահովվի հենց ռեգիոնալ երկրների աջակցությամբ: Սա է պատճառը, որ Իրանն առիթը բաց չի թողնում ռեգիոնալ 3+3 ձևաչափն առաջ մղելու համար: Այս տարիների ընթացքում, մի շարք խնդիրներից ելնելով, չի հաջողվել այն կայացնել: Եվ, ինչպես տեսնում ենք, չկան ինտենսիվ խորհրդակցություններ, հանդիպումներ: Հույսն այն է, որ որոշակի փուլում այն կդառնա առանցքային գործոն այս ռեգիոնում»,- ասաց նա:

