Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են. քրգործ կհարուցվի
Գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
Դատախազությունը դիմել էր ԲԴԽ՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։
«2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը՝ ԲԴԽ-ն որոշել է կասեցնել նրա լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։
Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է քրեական հետապնդում իրականացվելու՝ դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, համաձայն որի՝ կալանավորվել էր դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։
2024 թվականի նոյեմբերի սկզբին էլ լուրեր էին շրջանառվում, որ Նաիրա Գրիգորյանին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։

