Փաշինյան-Պուտին հեռախոսա-հաղորդակցության քրոնիկոնը՝ 2024-ին

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերությունները և բարձրաստիճան շփումների դինամիկան նվազում է տարեցտարի։ Ինչպես ամիսներ առաջ արձանագրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայ-ռուսական միջգերատեսչական շփումները պակասել են, նախարարական հանդիպումներ չկան, կամ դրանք միայն ռուսական կողմն է նախաձեռնում։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները լավատեսություն չեն ներշնչում, իսկ դրա մեղավորը, ըստ Սերգեյ Լավրովի, Հայաստանի իշխանությունն է և նրա վարած քաղաքականությունը:

«Հայաստանի ղեկավարությունը, մտացածին պատրվակներով խեղաթյուրելով վերջին 3-3,5 տարիների պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզմանը»,- իր հարցազրույցներից մեկում նշել էր Լավրովը։

Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը լավագույնս արտացոլում են նաև բարձրաստիճան հեռախոսազանգերը, հանդիպումները, որոնք Փաշինյանի օրոք էապես կրճատվել են։

2024 թվականին Փաշինյանն ունեցել է ընդամենը երկու հեռախոսազանգ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրանցից առաջինն իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին, իսկ երկրորդը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, օգոստոսի 23-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Կարդացեք նաև

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի քանի ակտուալ հարցերի։ Ավելի վաղ շնորհավորական հեռագիր էր ուղարկվել Նիկոլ Փաշինյանին»,- գրել էր ռուսական «Կրեմլին»-ը։ Այս հեռախոսազրույցի մասին Հայաստանի ու Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրություններում չի հաղորդվում, թե որ կողմն է եղել զրույցի նախաձեռնողը, սակայն որոշ բաց աղբյուրների համաձայն, չի բացառվում, որ Փաշինյանն է զանգահարել Պուտինին շնորհակալություն հայտնելու համար ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու հարցում աջակցության համար։ Սակայն չի բացառվում նաև, որ զանգը նախաձեռնել է ռուսական կողմը Փաշինյանին շնորհավորելու նպատակով, ինչը այլ ղեկավարների դեպքում Պուտինը մշտապես անում է։

Փաշինյան-Պուտին օգոստոսի 23-ի հեռախոսազրույցի դեպքում իրավիճակը շատ ավելի պարզ է։ Օգոստոսի 19-ին Պուտինը պետական այց կատարեց Ադրբեջան, բանակցություններ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նաև Երևան-Բաքու գործընթացի շուրջ։ Բաքվում Պուտինը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքները հեռախոսազանգով կհաղորդի նաև հայկական կողմին։ Եվ զանգը շատ չուշացավ՝ օգոստոսի 23-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Պուտինը զրուցել են։

«Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական ​​այցի ընթացքում։ Ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության զարգացման գործում։ Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում։

Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,- ասված էր ռուսական հաղորդագրությունում։

Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը, որը չի դիրքավորվում ոչ որպես ռուսամետ, ոչ որպես արևմտամետ, Պուտինի հետ ունեցել է շուրջ 5 հեռախոսազրույց, որոնց մեծ մասը՝ իր իսկ նախաձեռնությամբ։

Ուշագրավ է, որ ՌԴ նախագահը տարվա ընթացքում ամենահաճախը հեռախոսով շփվել է իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, Իրանի, Բելառուսի ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ։ Ռուսաստանի գործընկեր երկրների ցանկում Հայաստանն այն միակ երկիրն է, որն ամենաքիչ շփումներն է ունենում ՌԴ նախագահի հետ։ Ի դեպ, հատկանշական է, որ այս միտումը խորացել է 2023 թվականից և հատկապես Արցախի բռնի տեղահանությունից հետո։

2023 թվականի առաջին կեսին մեծամասամբ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել էր 5-6 հեռախոսազրույց Լաչինի միջանցքի շրջափակման թեմայի շուրջ, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի հեռախոսազրույցից հետո փաստորեն Փաշինյանն ու Պուտինը 2024-ին ունեցել են ընդամենը 2 հեռախոսային շփում։

Տեսանյութեր

Լրահոս