Սառը ցնցուղ Տիգրան Ավինյանի համար՝ Կենտրոնական բանկից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու քաղաքապետարանի պաշտոնյաները փորձում են երևանցիներին համոզել, թե հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանում, շատերի համար անգամ նվազում է։ Ասում են՝ դժգոհելու, անհանգստանալու հիմքեր չկան։ Ժողովրդի լավը չուզողներն են խաբում, թե տրանսպորտը թանկանում է։ Տրանսպորտը չի թանկանում, ընդհակառակը՝ շուրջ 550 հազար քաղաքացի կօգտվի արտոնություններից։

Որոշ խմբերի ընդհանրապես ազատելու են տրանսպորտի համար վճարելուց։

Ու մինչ այսպիսի հայտարարություններով Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պաշտոնյաները փորձում են մոլորեցնել քաղաքացիներին, Կենտրոնական բանկը Երևանում տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունից հաջորդ տարի գնաճային լուրջ ճնշումներ է սպասում։

«Տրանսպորտի գների փոփոխության արդյունքում եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0,5 տոկոս կազմել»,- օրերս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահը։

Կարդացեք նաև

Այս հայտարարությունը սառը ցնցուղ էր Տիգրան Ավինյանի ու քաղաքապետարանի այն պաշտոնյաների համար, ովքեր փորձում են համոզել քաղաքացիներին, որ տրանսպորտը չի թանկանում, շատերի համար նույնիսկ էժանանում է։

Եթե չի թանկանում, ինչի՞ հիման վրա է Կենտրոնական բանկը տրանսպորտի սակագների սպասվող փոփոխություններից մինչև 0,5 տոկոս գնաճի ազդեցություն սպասում։

Ավելին՝ հայտարարվող 0,5 տոկոսը չափազանց բարձր գնաճային ազդեցություն է, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա համար Կենտրոնական բանկն ընդամենը 3 տոկոս գնաճային սպասումներ ուներ։

Երեք տոկոսանոց գնաճի մեջ 0,5 տոկոսն ահռելի ճնշում է, որը քաղաքացիները զգալու են միայն տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու հետևանքով։ Եվ որքան էլ Տիգրան Ավինյանն ու քաղաքապետարանի պաշտոնյաները փորձեն մոլորեցնել քաղաքացիներին, հունվարի 1-ից շատերն իրենց գրպանի պարունակության վրա զգալու են այս փոփոխության անմիջական ազդեցությունը։

Իսկ այն, որ 550 հազար քաղաքացի արտոնություն են ստանալու տրանսպորտից՝ աչքկապոցի է։

Ուղեվարձը կրկնակի-եռակի բարձրացնել, իսկ հետո 10-20 տոկոսանոց արտոնություն տալը խաբեություն է, ժուլիկություն։ Նույնն է թե՝ 100 դրամից տրանսպորտը դարձնես 300 դրամ, հետո 30 կամ 60 դրամի արտոնություն տաս ու հայտարարես, թե տրանսպորտն այս մարդկանց համար էժանացրել ես։

Այսպես է արել քաղաքապետարանը, երբ հայտարարում է, թե հարյուր-հազարավոր քաղաքացիներ արտոնություն կստանան տրանսպորտից օգտվելիս։

Ինչ վերաբերում է այն խմբերին, որոնք ազատված են հասարակական տրանսպորտով երթևեկելու համար վճարելուց, ապա նրանք նախկինում էլ էին ազատված, ու այդ առումով այս մարդկանց համար ոչինչ չի փոխվելու։

Եթե մինչ այդ ոչինչ չփոխվի, ապա հասարակական տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից կտրուկ կբարձրանա։ Դա տեղի կունենա սպասվող համատարած թանկացումների պայմաններում։ Հունվարի 1-ից բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գները կբարձրանան՝ միայն հարկային բեռի կտրուկ ավելացման հետևանքով։

Քաղաքական իշխանության ջանքերով, տարեսկզբից որոշ ծառայություններ կանցնեն համընդհանուր հարկման համակարգ ու նրանց հարկային բեռն անգամներով կավելանա։ Կկրկնապատկվի շրջանառության հարկի դրույքաչափը։ Առևտրային գործունեություն իրականացնողները նախկին 5 տոկոսից՝ վճարելու են 10 տոկոս, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները՝ 6 տոկոսից՝ 12 տոկոս, իսկ ապրանք արտադրողները՝ 3,5 տոկոսից՝ 7 տոկոս։

Հարկային բեռի այսպիսի կտրուկ ավելացումները բերելու են բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացումների։

Առանց հաշվի առնելու հասարակության սոցիալական վիճակը, ավելացնում են հարկային բեռն ու խթանում թանկացումները։ Սա շատերի համար լուրջ սոցիալական հետևանքներ է ունենալու։ Հատկապես նրանց, որոնց եկամուտները ոչ միայն այս, այլև հաջորդ տարի չեն ավելանալու։ Իսկ այդպիսիք մեր հասարակության մեջ չափազանց շատ են, հասնում են հարյուրավոր հազարների։ Այդ մարդիկ հաջորդ տարի ստիպված են կրելու՝ ինչպես տրանսպորտի ուղեվարձի կտրուկ բարձրացման, այնպես էլ՝ սպասվող համատարած թանկացումների ազդեցությունը։ Ու ինչքան էլ Կենտրոնական բանկը հաջորդ տարվա համար ավելի ցածր գնաճային թիրախ է դրել, դրանից մեծ բան չի փոխվում։

Նշենք, որ Կենտրոնական բանկը փոխել է գնաճի նպատակային ցուցանիշը ու հաջորդ տարվանից սկսած՝ թիրախ կլինի ոչ թե 4, այլ 3 տոկոսը։

Կենտրոնական բանկը կարծում է, որ 3 տոկոս գնաճի թիրախն ավելի համահունչ է գների կայունության ապահովման նպատակին, քան 4 տոկոսը։

«Մենք ակնկալում ենք, որ միջինժամկետ և երկարաժամկետ հատվածում դա նվազեցնելու է տնտեսության ծախսերը, որովհետև այն պրեմիան, որ մարդիկ ու բիզնեսը վճարում էին գնաճի տեսքով, լինելու է ավելի ցածր։ Նաև նվազելու է գնաճի տատանողականությունը։

Այսինքն՝ բոլոր պարամետրերով մենք շատ ճիշտ ու նպատակադրված քայլ ենք իրականացրել»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Այլ բան, թե իրականում դրանից որքանով է շահելու քաղաքացին։ Ի վերջո, ի՞ նչ նշանակություն ունի, թե քանի տոկոս գնաճի նպատակային ցուցանիշ է սահմանում Կենտրոնական բանկը, երբ դա, միևնույն է, մի կողմից՝ չի ապահովում, մյուս կողմից էլ՝ քաղաքացին այն բոլորովին այլ կերպ է զգում իր վրա։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը սովորաբար անգամներով ավելի բարձր է լինում։ Ու գնաճի իրական ազդեցությունը քաղաքացին իր վրա կրում է հենց այդ ապրանքների գների բարձրացման տեսքով։

Այս տարի էլ Հայաստանում գնաճը ցածր է, նոյեմբերին կազմել է ընդամենը 1,4 տոկոս։ Բայց դուրս եկեք փողոց ու հարցրեք քաղաքացիներին, թե ինչպիսին է գնաճի իրական ազդեցությունը։ Մարդիկ բողոքում են գների համատարած բարձրացումներից։

Ու չնայած Կենտրոնական բանկը հաջորդ տարվա համար ավելի ցածր գնաճային նպատակ է դրել՝ թանկացումների ազդեցությունը հաջորդ տարի շատ ավելի մեծ կլինի, թելադրված, այդ թվում՝ ինչպես հասարակական տրանսպորտի թանկացումից, այնպես էլ՝ հարկային բեռի ծանրացումից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս