Ադրբեջանը ռազմական գործողությունների՞ է նախապատրաստվում

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Իմ գնահատականն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»:

Փաշինյանն այս կարծիքին է, որովհետև, ըստ նրա, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և համապատասխան պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի 90 տոկոսն արված է, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցում հայկական կողմն իրատեսական լուծում է առաջարկում, և որովհետև Հայաստանը ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունի, ճանաչում է բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ևս ընդգծել է՝ «երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա», քանի որ, ըստ նրա, «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, և հայկական ուժերը դուրս են բերվել «Ադրբեջանի տարածքից»:

Կարդացեք նաև

Մի կողմ թողնենք, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում չի օգտագործում ադրբեջանական այս ձևակերպումը, հատկապես, երբ Ադրբեջանն օկուպացրել է ավելի քան 200 քկմ տարածք և այս տեսակ հավակնություններից չի էլ հրաժարվել, բայց նույն Հաջիևը վերը նշված հայտարարությանը զուգահեռ՝ Հայաստանից խաղաղության պայմանագրի համատեքստում շարունակում է պահանջել սահմանադրական փոփոխություն կամ նոր սահմանադրության ընդունում:

Ավելին, Հաջիևը պահանջում է դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում և սահմանափակումներ է պահանջում ռազմական շինարարության կամ բանակաշինության քաղաքականության մեջ:

«Ագրեսոր, «օկուպանտ» (չակերտները։- Մ.Պ.) երկրների նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում բանակաշինության և ռազմական պլանավորման գործընթացում: Օրինակ, նման սահմանափակումներ են մտցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաև Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո Իրաքի նկատմամբ: Ըստ այդմ, մենք կարծում ենք, որ Հայաստանի ռազմական շինարարության քաղաքականության մեջ պետք է լուրջ սահմանափակումներ լինեն: Բացի այս, պետք է նաև դիտարկվի պատասխանատվության հարցն այն երկրների, որոնք Հայաստանին հարձակողական զենք են մատակարարում»,- ընդգծել է Ալիևի օգնականը, ով նույն ձևակերպումներով Հայաստանի զինված ուժերի նկատմամբ սահմանափակումների կիրառում պահանջել էր դեռ այս տարվա սեպտեմբերի սկզբին:

Եվ սա ցայտուն ապացույց է մեր այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Ադրբեջանի հետ ունենալ սպառազինությունների վերահսկման երկկողմ պայմանագիր, չափազանց վտանգավոր է, եթե անգամ դա իր արտաքին քաղաքական կամ դիվանագիտական բացատրությունը կարող է ունենալ, այդ թվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի ընդունի այն: Իսկ եթե ընդուներ կամ ընդունի, արդյո՞ք ՀՀ իշխանությունը հաշվարկել է բոլոր քայլերն ու ռիսկերը:

Փոխարենը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերին որոշել էր արձագանքել Ալիևի մեղադրանքներին և սպառնալիքներին՝ կապված Հայաստանի սպառազինման հետ:

168.am գրել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իջեցրել է Հայաստանի Հանրապետության և ԶՈՒ կարգավիճակի նշաձողը, և տպավորություն է, թե խոսում է, օրինակ, չճանաչված երկրի ինքնապաշտպանական բանակի մասին: Բայց պատմությունը սրանով չի ավարտվում:

Ավելի ուշ Փաշինյանն ադրբեջանական ՀՀ ԶՈՒ նկատմամբ սահմանափակումների պահանջի ֆոնին, դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում 2025թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում, մասնավորապես, հայտարարել էր.

«Պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված և ընդունված կանոններով և օրենքներով:

Ես սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված բոլոր օրենքները և կանոններն ամեն տեղ ոտնահարում են, ով, որտեղ և ինչպես ուզի: Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք: Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք՝ որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում է և ինքն իրեն սահմանափակում է՝ միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան:

Բայց ես չեմ ուզում այստեղ միտքը կիսատ թողնել և ուզում եմ վերադառնալ բանակին: Այս պայմանների առկայությամբ է, որ բանակը, մեր մտածած ուժեղ և մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիվ: Սա նշանակում է՝ ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպես ասել եմ, առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր, ո՞րն է այդ բուֆերը՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը և ամենուր, բայց եթե բոլորը և ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հավատարիմ լինելը, այդ հավատարիմ պահպանելը դրական գործելակերպ է, և այդ դրական գործելակերպը ձևավորում է ևս մի բուֆեր բանակից առաջ, հիշում եք, ես խոսում էի մեր այն զինվորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես՝ դնում ենք:

Եվ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացված և ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն անվտանգության շղթայի մեջ՝ որպես մի և հերթական օղակ»:

168.amգրել էր, որ «Փաշինյանը «հաղորդում» է տվել ՀՀ զինված ուժերի դեմ»:

Եվ այս պարագայում բնական է, որ Ադրբեջանը պիտի շարունակի ՀՀ զինված ուժերի նկատմամբ պահանջներ ներկայացնել, այդ թվում՝ աշխարհում հայտնի ինչ-որ օրինակներ բերելով, մինչդեռ նույն Ադրբեջանը շարունակում է զինվել և գտնում է, որ, եթե պակաս ուշադրություն դարձնեն ռազմական ոլորտին և չապահովեն դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում խնդիրներ կունենան:

Այս տրամաբանության մեջ է, որ Ալիևը վերանայեց 2025թ. բյուջեի նախագծի նախնական տարբերակը և ռազմական բյուջեն զգալի ավելացրեց, և ոչինչ, որ այն հիմնավորեց ՀՀ ռազմական բյուջեի ավելացմամբ և զինմամբ:

Եվ նոյեմբերից Ադրբեջանը հնարավոր սադրանքի հիմքեր ստեղծելու հերթական փուլն է սկսել և հիմնական պատասխանատու կարգել Ֆրանսիային, ով, ըստ Ադրբեջանի, չի սահմանափակվում միայն Հայաստանին սպառազինության մատակարարմամբ, այլ ֆրանսիական հրահանգիչները «ներգրավված են» ՀՀ ԶՈւ հզորացման և մարտական պատրաստության գործընթացում: Ադրբեջանական նոյեմբերյան քարոզչական հրապարակումներին մենք անդրադարձել ենք։ 

Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն այս տրամաբանության մեջ իրար հերթ չտալով՝ նոր հոդվածներ են հրապարակել։

Օրինակ, Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում, Ադրբեջանում համարում են վտանգավոր և պատերազմի տանող գործարք, երբ նմանօրինակ «գործարք» ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս հաստատել է նաև Իտալիայի հետ, որի հետ Ադրբեջանը գուցե շատ ավելի ռազմական սերտ համագործակցություն ունի:

Դեռ չենք խոսում Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունների մասին, և, որ 2025-ին համատեղ զորավարժությունների թիվն ավելացվելու է:

Դեռ չենք անդրադառնում Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերություններին, որը հստակ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի համար և լարվածություն ստեղծում:

Վերադառնալով Ալիևի օգնականի վերջին հայտարարություններին՝ նշենք, որ դրանից առաջ Հաջիևը հանդիպել էր Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Իսկ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրք գեներալին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը և ընդգծել, որ Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։

Ավելին, Զաքիր Հասանովի և Թուրքիայի բանակի գեներալի հանդիպմանը հատուկ շեշտվել է աշխարհում վերջին ժամանակները տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծության և ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ պատերազմի վարման ժամանակակից մեթոդների:

Իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալուց հետո այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շտաբ և մանրամասն ծանոթացել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում կատարվող աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Թուրքիան ուղիղ ներգրավվածություն էր ունեցել 44-օրյա պատերազմին, և, ինչպես Քննիչ հանձնաժողովում ասել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:

«F-16-երի կիրառումը, որով բացահայտում էր մեր ՀՕՊ ամբողջ համակարգը… Այդ երկրի ռազմօդուժը ՆԱՏՕ անդամ երկրներում դասվում է բավականին զարգացած ռազմական օդուժերի շարքին: Ինչո՞ւ: Որովհետև իրենք առաջին երկրներից մեկն էին, որ ստեղծեցին համակարգ՝ հրամանատրման, վերահսկողության, կապի, հետախուզության վարման: Եվ այդ ռազմօդուժի համակարգն իր հերթին՝ փոխկապակցված էր ՆԱՏՕ հրամանատրման և վերահսկման համակարգին»,- մանրամասնել էր նա:

Իսկ այս օրերին Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ ընդունել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարին:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայում կանխատեսելի լարվածության աճի ֆոնին թուրք և ադրբեջանցի ռազմական ղեկավարության հանդիպումները Բաքվում և Թուրքիայում, հատկապես՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուի այցը Բաքու և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շտաբ, ինչ-որ բանի նախապատրաստություն է կամ ինչ-որ բանի պատրաստության աշխատանքների ստուգում:

Ալիևի օգնականի հանդիպումն Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ ևս ինչ-որ գործողության նախապատրաստություն կարող է ենթադրել՝ լինի դա Հայաստանի դեմ, թե Իրանի, իհարկե, երկու դեպքում էլ Հայաստանը մտածելու բան ունի: Չմոռանանք, որ Իսրայելն իր զգալի ներդրումն ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակում:

Մյուս կողմից, Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իսրայելի կողմից՝ Իրանի դեմ հետախուզական կամ նույնիսկ ռազմական գործողություններ կազմակերպելու համար։ Այսինքն, մտահոգիչ ազդակներ կան, հատկապես՝ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո Թուրքիայի և Իսրայելի ուժեղացման և Իրանի, այսպես ասած, թուլացման կամ չհաղթելու փաստը: Բացի այս, կա «Զանգեզուրի միջանցքի» հարց։ Այնպես որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև էսկալացիայի հիմքերը վերացված չեն, ինչի մասին դեռ այս տարվա փետրվարին խոսում էր նաև Փաշինյանը, երբ նշում էր, թե՝ «եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով, մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս