ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան․ Իսրայելը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յահել Լեյթերը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը դեմ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին՝ անվտանգության նկատառումներով, սակայն չի առարկում նմանատիպ հնարավոր վաճառքին Սաուդյան Արաբիային։
Լեյթերը նշել է, որ այս փուլում Անկարայի կողմից նորագույն ինքնաթիռների ձեռքբերումը կառուցողական քայլ չէր լինի՝ ընդգծելով Իսրայելի մտահոգությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծի վերաբերյալ, որին նա բնութագրել է որպես «թշնամական և ռազմատենչ»։
Միաժամանակ նա ընդունել է Թուրքիայի «ռազմավարական կարևորությունը»՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, որն ունի զգալի ռազմական ներուժ և կարևոր աշխարհագրական դիրք։ Լեյթերը նշել է, որ Իսրայելը հասկանում է Վաշինգտոնի ձգտումը՝ պահպանելու ամուր կապեր Անկարայի հետ և ձգտում է կառուցել «գործառնական, պրագմատիկ հարաբերություններ», որոնք կհավասարակշռեն Իսրայելի անվտանգության կարիքները և Թուրքիայի դերը արևմտյան ռազմավարության մեջ։
Նա նաև հավելել է, որ Իսրայելը չի կարող համաձայնել թուրքական զորքերի ներկայությանը Գազայում կամ Սիրիայում, և ըստ նրա, ԱՄՆ-ն հարգում է այդ դիրքորոշումը։ Լեյթերը նաև հերքել է մտահոգությունները ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև հնարավոր զենքի գործարքների վերաբերյալ՝ նշելով, որ «ոչ մի նշան չկա», որ Իսրայելի որակական ռազմական գերազանցությունը կարող է վտանգվել։

