ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ կին նախագահի. Միշել Օբամա
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ուրբաթ օրը YouTube-ի իր էջում հրապարակված զրույցում հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ կին նախագահի՝ հավելելով, որ ԱՄՆ-ին «դեռ շատ բան կա անելու՝ հասունանալու համար», հաղորդում է NBC News-ը։
«Ինչպես համոզվեցինք նախորդ ընտրությունների ժամանակ, ցավոք, մենք պատրաստ չենք, – ասել է Օբաման։ – Ահա թե ինչու եմ ասում. «Նույնիսկ մի նայեք իմ կողմը, թե իբր պատրաստվում եմ առաջադրվել, որովհետև դուք բոլորդ ստում եք։ Դուք պատրաստ չեք կին նախագահի։ Պատրաստ չեք»»։
Օբամայի մեկնաբանությունը հնչել է նոյեմբերի 5-ին Բրուքլինի երաժշտության ակադեմիայում իր փոդքասթի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ։ Քննարկումը տեղի է ունեցել նախկին առաջին տիկնոջ և դերասանուհի Թրեյսի Էլիս Ռոսի միջև, որի ընթացքում նրանք քննարկել են Օբամայի «The Look» նոր գիրքը։
Ռոսը հարցրել է Օբամային՝ արդյոք նա կարծում է, որ առաջին տիկնոջ դերը՝ որպես «ամուսնության և կանացիության» արխետիպ, ազդե՞լ է այն «տարածքի վրա, որը մենք ստեղծել ենք նախագահի պաշտոնում կնոջ համար»։
«Գիտեք, մեզ դեռ շատ բան կա անելու, և ցավոք, դեռ շատ տղամարդիկ կան, որոնք չեն կարծում, թե իրենց կարող է կին ղեկավարել, և մենք դա տեսել ենք», – պատասխանել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին։
Օբաման աջակցել է Հարիսին 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մեծ բազմություններ հավաքելով քարոզարշավային միջոցառումների ժամանակ, հանդես գալով կանանց առողջության պաշտպանության օգտին և տղամարդկանց կոչ անելով քվեարկել Հարիսի օգտին։
Նախկին առաջին տիկինը բախվել է նախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ ենթադրությունների և կոչերի, սակայն բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հավակնել Օվալաձև գրասենյակին։

