Վենեսուելայի իշխանությունները ազատ են արձակել Ֆրանսիայի կալանավորված քաղաքացուն.Մակրոն
Ֆրանսիայի քաղաքացի Կամիլո Կաստրոն, որը հունիսի վերջից կալանքի տակ էր Վենեսուելայում, ազատ է արձակվել, կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Կամիլո Կաստրոն ազատ է։ Կիսում եմ նրա ընտանիքի թեթևությունը և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատել են նրա ազատման ուղղությամբ», – գրել է պետության ղեկավարը X սոցիալական ցանցում։
AFP-ի հաղորդմամբ՝ 41-ամյա յոգայի դասատու Կաստրոն անհետացել էր հունիսի 26-ին Պարագուաչոն սահմանային անցակետում, որը բաժանում է Վենեսուելան և Կոլումբիան, որտեղ նա բնակվում էր։
Օգոստոսին նրա ընտանիքը հայտնել էր, որ նա մեկնել էր երկարաձգելու կոլումբիական կացության ժամկետանց վիզան։ Սեպտեմբերի կեսերին Կաստրոյի մայրը հայտարարել էր, որ հուլիսի վերջից հետո որդուց որևէ լուր չի ստացել, բացի մեկ ձայնային հաղորդագրությունից, որտեղ նա «օգնության էր կանչում»։
Ընտանիքի և Amnesty International-ի անցկացրած հետաքննության համաձայն, Կաստրոն կալանվել է Վենեսուելայի իշխանությունների կողմից։
Amnesty International-ը դատապարտել է ընդդիմադիրների և օտարերկրյա քաղաքացիների «բռնի անհետացման» քաղաքականությունը՝ սկսած այն պահից, երբ ընտրական իշխանությունները հուլիսին նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարել էին ընտրությունների հաղթող։
«Վենեսուելայի իշխանությունները, կարծես, օգտագործում են այս գործելակերպը՝ իրենց «օտարերկրյա դավադրությունների» մասին հայտարարությունները հիմնավորելու և այլ երկրների հետ բանակցություններում որպես փոխանակման գործիք», – նշված է հուլիսին հրապարակված զեկույցում։

