ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իջեցրել է Հայաստանի Հանրապետության և ԶՈՒ կարգավիճակի նշաձողը

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:

«Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ կիրառվեցին՝ կապված Իրաքի զինված ուժերի զարգացման հետ: Մենք կարծում ենք, որ նման սահմանափակումներ պետք է կիրառվեն ՀՀ զինված ուժերի նկատմամբ»,– լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել էր Ալիևի օգնականը:

Հաջիևը Հայաստանից պահանջել էր նաև դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելությունը, հատկապես, երբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընթացներ են տեղի ունենում խաղաղության օրակարգի համատեքստում:

Իհարկե, նախքան այս էլ ադրբեջանական կողմը դժգոհել է և սպառնացել Հնդկաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից սպառազինության ձեռքբերման, և ռազմական այլ աջակցությունների առնչությամբ, այդ թվում՝ խորհրդատվական: Ավելին, ադրբեջանական կողմը քարոզչական-տեղեկատվական «օրինական դաշտ է» ստեղծել հնարավոր ռազմական գործողությունների համար, ինչի հնարավորությունը չի բացառում Հայաստանի ղեկավարությունը, ով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատասխանատու է ՀՀ զինված ուժերին ուղղված ադրբեջանական որոշ պահանջների համար, քանի որ դրանց համար լեգիտիմ հիմքեր հենց ինքն է ստեղծել՝ իր հայտարարություններով և ռիսկային առաջարկներով:

Կարդացեք նաև

Իսկ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 4-ին օկուպացված Ջրականում հերթական անգամ Հայաստանի ղեկավարությանը դասեր է տվել՝ ասելով, թե Հայաստանը մի կողմից՝ խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն է ձեռք բերում:

«Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ… Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով, մաքրեն իրենց արյունոտ անցյալը, մեղքը: Սա իմ նախազգուշացումն է: Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է: Թող նրանք չմոռանան ղարաբաղյան 2-րդ պատերազմը»,- շեշտել է Ալիևը՝ միաժամանակ ի ցույց դնելով իր վախերը, որ եթե հայկական բանակը հզորանա, այսպես ասած, նրանց գյուղերը նախկին վիճակին կվերադառնան:

Նա նաև խոստովանել է, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք արևմտյան երկրներն ամեն ինչ արել են, որ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժ տևի», որ նրանք ճնշում են գործադրել Ադրբեջանի վրա, որ տարածքները Հայաստանին նվիրեն:

Եվ սա ասում է մի երկրի ղեկավար, ով վերջերս հայտարարել էր, որ իրենց թիվ մեկ խնդիրը ռազմական հզորության մեծացումն է, մի երկրի ղեկավար, ով շարունակում է ժամանակակից սպառազինություն գնել, այդ թվում՝ հարձակողական, և իր զինանոցում առկա խորհրդային հրետանու չափը փոխել ՆԱՏՕ-ական չափանիշով, ով օդային հարձակման նախազգուշացման թուրքական համակարգ է տեղադրել օկուպացված Քարվաճառում, և այլն:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել է արձագանքել Ադրբեջանի նախագահի վերջին մեղադրանքներին ու սպառնալիքներին, որտեղ «իջեցրել» է սեփական երկրի՝ ճանաչված Հայաստանի կարգավիճակի նշաձողը:

«Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- նշվում է ԱԳՆ մամուլի խոսնակ տարածած պատասխանում:

Այսինքն, եթե մի ժամանակ ՀՀ իշխանություններն ադրբեջանական մեղադրանքներին և մտավախություններին պատասխանում էին, որ Հայաստանը ձեռք է բերում միայն պաշտպանական զինատեսակներ, իսկ ավելի ուշ, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ ունենալու մարտունակ բանակ և իր միջազգայնորեն ճանաչված սահմանները և սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար համապատասխան միջոցներ ձեռք բերել, ապա այս անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի մասին խոսում է, ասես, չճանաչված պետության մասին, որին ՄԱԿ-ն ինքնապաշտպանվելու թույլտվություն տալիս է: Նման խոսույթը գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ չճանաչված Արցախի Հանրապետության պարագայում, որն ուներ Պաշտպանության բանակ, քանի որ Ադրբեջանից սպառնալիքներ կային:

Ի դեպ, նախքան Արցախի հայաթափումը Նիկոլ Փաշինյանը հաճախ էր այս մասին հիշեցնում՝ ասելով. «Գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է»:

Միաժամանակ, Փաշինյանն ասում էր, որ «եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա»:

Եվ ոչինչ, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր դե յուրե:

Եվ այսօր Փաշինյանը փորձում է ճանաչված Հայաստանի Հանրապետության ՀՀ զինված ուժերին ինքնապաշտպանական միավորման կարգավիճակ տալ, երբ Հայաստանը երբեք նվաճողական քաղաքականություն չի վարել, անվտանգային քաղաքականության տրամաբանությունը եղել է պաշտպանական, այլ հարց է, որ, օրինակ, ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներով (2011-2015թթ. պլանավորման շրջափուլ։- Մ.Պ.) «Սանձահարումը/Զսպումը» ՀՀ դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս էր մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել՝ որպես անբավարար հզորության վկայական:

Որքանո՞վ կարողացան լիարժեք հասնել սրան, այլ հարց է, բայց այսօր հրապարակային հայտարարությունների մակարդակում նշաձող է իջեցվում: Ընդ որում, սա հակասում է ՀՀ սահմանադրությանը, որտեղ հստակ գրված է.«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Հիմա բավարար չէ, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է, որի վերականգնումը չի վերապահվում բանակին, թեպետ կարելի էր նաև կանխել այն, հիմա էլ գործող իշխանությունները պարտականությունների և կարգավիճակային նոր «փոքրացումների» են գնում:

Հիշեցնենք, որ սկզբում ՀՀ իշխանությունները պահանջում էին Ադրբեջանի զորքի հեռացում ՀՀ օկուպացված տարածքներից և խոստանում էին, որ բանակցային ճանապարհով կարելի է դրան հասնել, ավելի ուշ Փաշինյանը կասկածի տակ դրեց դրանց հայկական պատկանելիությունը՝ ակնարկելով, թե պատկանելիության հարցը պիտի լուծվի սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ինչն ասում են նաև այսօր, թեպետ մեկ-մեկ հիշում են, որ ավելի քան 200 քկմ օկուպացված տարածք ունենք: Այստեղ ևս նշաձողի իջեցում է տեղի ունեցել:

Վերադառնալով սպառազինությանը՝ նշենք, որ Հայաստանը հաշվետու եղել և լինում է միջազգային փաստաթղթերի շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում:

Ինչ վերաբերում է կոնկրետ ՄԱԿ-ին, ապա, ըստ պաշտոնական տեղեկատվության, առկա է Միավորված ազգերի կազմակերպությանը ռազմական ծախսերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, ազգային օրենսդրության, սպառազինությունների փոխանցման, փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների արտահանման, ներմուծման և այլնի վերաբերյալ կամավոր հիմունքով հաշվետվություններ և տեղեկատվություն ներկայացնելու պրակտիկա:

ՀՀ կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակն ու ծավալը պայմանավորված է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևերի քանակով և տվյալ ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններով:

Գոյություն ունի նաև պարբերաբար կատարման ենթակա հաշվետվությունների պահանջ, որի համաձայն` յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է ամենամյա հաշվետվություններ ներկայացնել զինաթափման գծով ՄԱԿ-ի հանձնաժողովին:

«Օրինակ` 1992 թվականից գործում է սովորական սպառազինությունների ՄԱԿ-ի Ռեգիստրը, որի շրջանակներում ՄԱԿ-ի անդամ-պետություններն ամենամյա պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում սովորական սպառազինությունների յոթ կատեգորիաների` մարտական տանկեր, մարտական զրահամեքենաներ, մեծ տրամաչափի հրետանի, մարտական ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ, ռազմանավեր և հրթիռներ, արտահանման և ներմուծման վերաբերյալ: Այս ոլորտը ներառում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում առկա տարբեր համաձայնագրերով և կոնվենցիաներով կարգավորվող որոշ զենքերի տեսակներին և ռազմամթերքներին վերաբերող խնդիրներ: Այդպիսիններից են Օտտավայի Հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիան, ՄԱԿ-ի Որոշ սպառազինությունների մասին կոնվենցիան՝ իր հինգ արձանագրություններով, և Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:

Հայաստանը չի անդամակցում վերոհիշյալ կոնվենցիաներից ոչ մեկին: Այնուամենայնիվ, Հայաստանը` որպես դիտորդ երկիր, մասնակցում է դրանց շրջանակներում տեղի ունեցող խորհրդաժողովներին եւ հանդիպումներին: Միաժամանակ Հայաստանը` որպես թափանցիկության և վստահության միջոցների ամրապնդման դրսևորում, ամեն տարի կամավոր կերպով ինքնակամ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին տրամադրում է հակահետևակային ականների մասին տեղեկատվություն»,- տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի հուլիսին՝ հուլիսյան մարտերի համատեքստում Հայաստանը կասեցրել էր ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան:

«Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին»,- շեշտվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Այսինքն, նույնիսկ միջազգային փաստաթղթերի պարագայում հնարավոր է պահանջ առաջ քաշել, եթե այն սպառնում է քո երկրի անվտանգությանը, իսկ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի հետ երկկողմ սպառազինության վերահսկման համաձայնագիր ունենալ, երբ Ադրբեջանը բացահայտ և շարունակաբար ցուցադրել է իր քամահրական վերաբերմունքը ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարման նկատմամբ:

Այսինքն, փոխարենը ՀՀ իշխանություններն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և սպառազինության հետ կապված խախտումների փաթեթ կազմեն և այն ընկալելի դարձնեն միջազգային հանրության համար, ի վնաս Հայաստանի նշաձող են իջեցնում, որն էլ վաղը կարող է ընկալելի լինել նույն միջազգային կառույցների համար: Եվ ոչինչ, որ զուգահեռ իշխանությունները գլուխ են գովում, թե 2025 թվականի համար դարձյալ ավելացրել են ռազմական ծախսերը, որը հակասության մեջ է մտնում դիվանագիտական կորպուսի թեկուզև վերջին հայտարարության հետ: Խոսքը նրա մասին չէ, որ սպառազինության հետ կապված գործընթացները պետք է հրապարակային լինեն և այդ մասին բարձրաձայնվի։ Խոսքը վերաբերում է սեփական ճանաչված երկրի՝ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի կարգավիճակի և սահմանադրական պարտականությունների նշաձողը չիջեցնելուն և Ադրբեջանին համարժեք արձագանք տալուն, ՀՀ-ի շուրջ միջազգային ճիշտ միջավայր և ընկալումներ ձևավորելուն:

Տեսանյութեր

Լրահոս