Փաշինյանը «հաղորդում» է տվել ՀՀ զինված ուժերի դեմ

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում 2025թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անվտանգային վտանգավոր ձևակերպումներ է թույլ տվել, որոնցում, ըստ էության, և՛ ինքնախոստովանություն կար, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալը չի մտնում իր պլանների մեջ՝ լինի դա ՆԱՏՕ-ական, թե ոչ ՆԱՏՕ-ական չափանիշներով, բայցև անուղղակի զգուշացում՝ այն համակարգը, որն այսօր առկա է, դա էլ կարող է չլինել, և այլն: Սա՝ ընդհանրական, իսկ Փաշինյանի ելույթի համապատասխան հատվածը մենք բաժանել ենք մի քանի մասերի:

Դրվագ առաջին

Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության ռազմավարական խնդրի համատեքստում հարցադրում է արել՝ ո՞րն է ՀՀ պետականության հարատևությունը, այնուհետև ինքն իր հարցին պատասխանել է. «Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհն ընկալում մեզ: Սա կարող է թվալ շատ պարզ հարց, բայց ինքն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ»:

Կարող է թվալ, որ Փաշինյանն այս կարծիքին հանգել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր ձևավորված միջավայրի, առաջացած անվտանգային մարտահրավերների արդյունքում, այսինքն՝ այն, ինչ ասում է, օբյեկտիվ պատճառների կամ իրողությունների վրա հիմնված եզրահանգում է, կամ՝ տպավորություն, ինչպես Փաշինյանն է ասում, թեև երկրի ղեկավարի դեպքում անվտանգային քաղաքականությունը չի կարող անձնական տպավորությունների կամ մտորումների վրա կառուցվել: Իսկ իրականում Փաշինյանն արտահայտում է իր սեփական տեսլականը, ցանկությունը և նախապես մշակված ծրագիրը, որն առկա էր նաև 44-օրյա պատերազմից առաջ, երբ չկար այն անվտանգային միջավայրը տարածաշրջանում և Հայաստանի ու Արցախի շուրջ, որն ունեցանք պատերազմի արդյունքում և անմիջապես դրանից հետո:

Կարդացեք նաև

Մասնավորապես, պատերազմից օրեր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացնում էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ ունենալու ենք ոչ միայն ամենամարտունակ բանակը, այլև աշխարհի ամենաարդյունավետ 10 հետախուզական ծառայություններից մեկը, այնուհետև շարունակել.

«Սա նշանակում է՝ ավելի լավ ճանաչել աշխարհը գործնական առումով և հնարավորություն ունենալ հասկանալ՝ ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պետք է փոխենք մեր մասին պատկերացումներն աշխարհում»:

Գուցե այդ ժամանակ շատերը մտածել են՝ որքանո՞վ է աշխարհի պահանջներին համահունչ «մեր մասին պատկերացումները փոխելը» տեղավորվում ուժեղ հետախուզություն ունենալու մեջ, բայց հիմա արդեն, ինչպես ասում են՝ ամեն ինչ տեղն է ընկնում:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ հիմքեր էր պետք, որպեսզի 44-օրյայից առաջ ունեցած տեսլականը կարողանար հիմնավորել, և պատերազմի ելքը տվեց այդ հնարավորությունը կամ դարձավ այդ հնարավորությունը:

Եվ, այո, աշխարհի պատկերացումները փոխվեցին Հայաստանի վերաբերյալ, Արցախի հարցի շուրջ, ՀՀ զինված ուժերին առնչվող գնահատականները, և հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձում է վերադառնալ Հայաստանի և բանակի մասին երբեմնի պատկերացումներին, որոնք գուցե աշխարհի համար ընկալելի չէին, այլ փակել դրանց վերադարձի ճանապարհը կամ անել այնպես, որ դրանց վերադառնալը կա՛մ անհնարին լինի, կամ շատ երկար ժամանակ պահանջվի:

Քանի որ վերջերս նախկին իշխանությունների ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ եղած և Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ «աշխատած» Արծրուն Հովհաննիսյանը «թարմացրել է» իր ստորագրությունը Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի գաղափարների տակ և միացել «Կրթվելը նորաձև է» Աննա Հակոբյանի քաղաքական-հասարակական արշավին, այս համատեքստում հիշեցնենք նրա՝ 2015 թվականին արված ֆեյսբուքյան մի գրառում:

«Սովորաբար բանակի լիարժեք մարտունակությունը երևում է պետության տարածքից դուրս իրականացվող մարտական գործողությունների ժամանակ: Առհասարակ, սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար, բանակը կարող է մարտունակությունն արագ բարձրացնել անհրաժեշտ մակարդակի, եթե ունի համապատասխան ինստիտուտներ ու ավանդույթներ, սակայն զգալիորեն ավելի բարդ է դրսում հաղթանակների հասնելը: Օրինակ՝ հայկական բանակն այսօր սահմանին ամեն օր իր մարտունակությունն ապացուցելուց զատ, միաժամանակ աշխարհի երեք կետերում է դա անում և մշտապես գերազանց գնահատակաների արժանանում: Քչերը գիտեն, թե ինչքան բարդ է ամերիկյան և հատկապես՝ պահանջկոտ գերմանական հրամանատարության տակ մշտապես պատերազմական գոտում լինել ու ստանալ միայն գերազանց գնահատականներ: Սա լիովին կարող են հասկանալ նրանք, ովքեր այդ ամենը ներսից են տեսել: Այսօր արևելքում, որտեղ աշխարհի տասնյակ մեծ նվաճողներ իրենց անմահությունն են կերտել, տեղի են ունենում լայնածավալ և որոշիչ ճակատամարտեր»:

Սա չի նշանակում, որ նախկինում ՀՀ զինված ուժերում չկային թերություններ, բացթողումներ, չարված կարևոր բաներ և այլն, իհարկե, կային: Բայց հիմա խոսքն այն մասին է, թե աշխարհն ինչ գնահատական և պատկերացում ուներ Հայաստանի և հայկական բանակի մասին, որ Հայաստանը զուտ անվտանգություն սպառող երկիր չէր այն ժամանակ:

Դրվագ երկրորդ

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի ելույթին: Աշխարհին ընկալելի դառնալու անհրաժեշտության համատեքստում Փաշինյանը շարունակել է.

«Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության. մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Եվ սա իմ ստացած հիմնավոր տպավորությունների, շատ եմ մտածել այդ մասին, արգասիքն է: Եվ, ընդհանուր առմամբ, այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է, որ մեր Կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք:

Ընդհանրապես պիտի ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ՝ անկախ նրանից՝ ինչքան է դա ձևակերպված եղել և ինչքան ձևակերպված չի եղել: Եվ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով որոշ ժամանակ շարունակում է, շարունակել է մնալ հետևյալը, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է: Բայց պիտի նաև արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները և մտածումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է»:

Ինչպես արդեն նշեցինք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք են աշխարհի ընկալումները փոխվել Հայաստանի և ՀՀ զինված ուժերի նկատմամբ: Սրան դեռ կանդրադառնանք: Իսկ հիմա դիտարկենք՝ նախկին իշխանությունների օրոք շրջանառության մեջ դրված ազգ-բանակ բանաձևի տրամաբանության մեջ ինչ է այսօր անում Նիկոլ Փաշինյանը, որը վերցվել է նախկիններից:

Առաջին, մի առիթով ասել ենք, որ Սուրեն Պապիկյանի օրոք զինված ուժերում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը Վիգեն Սարգսյանի ժամանակվա «Ես եմ»-ի «պատճենն» է կամ վերափոխված տարբերակը, ինչն այսօր ևս մարդկային ռեսուրսի խնդիր է լուծում, այս գաղափարից և ծրագրի արդյունքներից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գոհ է, ավելին՝ «Պաշտպան հայրենյացը» վերջերս ներդրվեց նաև Ազգային անվտանգության ծառայությունում:

 Երկրորդ, «Ազգ-բանակ» տեսլականի բաղադրիչ էր նաև աշխարհազորի ստեղծման գաղափարը, որի մասին օրենքը միայն 44-օրյա պատերազմի օրերին ընդունվեց, իսկ Սուրեն Պապիկյանը որոշեց աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով՝ որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ:

Երրորդ, այսօր գործող Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը Վիգեն Սարգսյանի ժամանակ մշակված «1000 դրամների» հիմնադրամն է, որը դարձյալ ազգ-բանակ բանաձևից էր բխում, ավելին, ինչպես ժամանակին Վիգեն Սարգսյանն էր ասել, բանակին 1000-ական դրամով օգնելու նախաձեռնությունն «ազգ-բանակ» գաղափարախոսության վրա հիմնված ռազմավարություն է:

Չորրորդ, Փաշինյանի իշխանությունը հղացավ 25-օրյա վարժանքների ծրագիրը, երբ վարժանքի մասնակցին մարտական հերթապահության են տանում, իսկ դիմացը լավ պատրաստված ադրբեջանական զորքն է: Բացի այս, ժամանակակից աշխարհում, այսպես ասած, ՀՀ դիրքերը վստահվում են գումար ստացող կամավորներին՝ երկրապահներին: Նախկինում նման բան չի եղել, այսօրինակ անհրաժեշտություն միայն պատերազմական իրավիճակում է զգացվել: Եվ եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, այո, Փաշինյանն ազգ-բանակը որոշ առումով վերածում է ազգ-նահատակ բանաձևի: Դեռ մի կողմ ենք թողնում 44-օրյա պատերազմի օրերին այն քաոսային վիճակը, երբ ով պատահեց կամ ում պատահեց՝ ուղարկեցին պատերազմ, և շատերը տեղ չհասած՝ զոհվեցին, իսկ ով էլ տեղ հասավ, ստեղծվեց խուճապային իրավիճակ և վտանգեց կանոնավոր զորքի անվտանգությունը:

Մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը ձախողել է մոբիլիզացիան, և բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ՝ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին, այսպես ասած, որոշակի պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր: Սա միայն մեր կարծիքը չէ, այլ մասնագետների:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը դեմ է արտահայտվում ազգ-բանակ բանաձևին, կարո՞ղ ենք ենթադրել, որ դեմ է «Զինապահ» հիմնադրամի գոյությանը, այն ծրագրերին, որոնք այդ գաղափարախոսության տրամաբանության մեջ իրականացնում է իր թիմակցի ղեկավարած պաշտպանության նախարարությունը, որոնց մասին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հպարտությամբ է խոսում:

Ի դեպ, զինվորական թոշակառուներին բանակ վերադարձնելու Պապիկյանի ծրագիրը, ըստ էության, ևս ազգ-բանակի համատեքստում է, որով փորձ է արվում մարդկային ռեսուրսի խնդիր լուծել զինված ուժերում, ինչը լավ միտք է: Այսինքն, իր կուսակիցը փորձում է ինչ-որ ծրագրեր մշակելով, որոշ խնդիրների որոշակի լուծում տալ, իսկ Փաշինյանն ասում է, որ դրանք «արմատից» պիտի կտրել: Սա նույնիսկ սեփական կուսակցի հանդեպ ազնիվ չէ:

Հինգերորդ, Ազգային ժողովում վերևում հիշատակված իր ելույթի՝ բանակին առնչվող հատվածում Փաշինյանը նաև նշել է.

«Եթե դու դիրքավորվում ես՝ որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ: Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը: Բայց նորից ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ո՞ւմից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում մենք շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ և անկեղծ ուղերձներ փոխանակենք ու կիսենք մեր ժողովրդի հետ:

Ուժեղ ո՞ւմից: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այդպես կոչված՝ թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք:

Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ հինգ երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի՝ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք»:

Այն հարցերը, որոնք Նիկոլ Փաշինյանն այստեղ բարձրացնում է, ըստ էության, դրանց պատասխանները պետք է տար Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը, ինչը Նիկոլ Փաշինյանը և նրա ԱԽ-ն չի իրականացրել, թեպետ այն վերջինի գործառույթն է:

Այս հարցերի պատասխանները չկան նաև Բանակի կերպափոխման հայեցակարգում, ինչի մասին մենք գրել ենք, որ փաստաթղթում Զինված ուժերում արդեն արված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հիմնավորվում են Հարավային Կովկասում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրավիճակով, պատերազմի արդյունքներով, Հայաստանի շուրջ իրական և հավանական սպառնալիքներով, որոնց մասին, սակայն, խոսվում է ընդհանրական, անվտանգային միջավայրի վերաբերյալ հստակ որևէ գնահատական չկա՝ որտեղի՞ց են այդ սպառնալիքները, ո՞ր երկրներն են սպառնալիք հանդիսանում:

Մենք նաև գրել ենք, որ նախկինների «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցում է կատարել հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից ամիսներ հետո Ալիևը բաց տեքստով հայտարարել էր. «Տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։Ո՞ւմ դեմ:Պատերազմն ավարտված է։ Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Ինչպես ասում են՝ գտեք 3, 7, 10 տարբերություն Փաշինյանի և Ալիևի հարցադրումների մեջ:

Պարզ չէ՞՝ ինչո՞ւ պատերազմին հաջորդած տարիներին փորձ չարվեց վերականգնել բանակի կարողությունները: Սառը «ադրբեջանական» հաշվարկ:

Այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ հիմնված են հստակ փաստերի վրա, քաղաքական քարոզչության հետ դրանք ոչ մի կապ չունեն, այսինքն՝ ինչում մեղադրում ենք Փաշինյանին, դրանք փաստարկված են, անգամ իրենց արտացոլումն ունեն օրենքում, այլ հարց է, որ համապատասխան մարմինները դա չեն նկատում: Սա՝ առաջին:

Երկրորդ, պետության ղեկավարը, գերագույն հրամանատարը ոչ թե հարցադրումները պիտի կառուցի այնպես, թե այս կամ այն երկրի բանակից որքանով պիտի ուժեղ լինենք, այլ պետք է հարցն այլ կերպ դրվի՝ Հայաստանի գոյությանը սպառնացող երկրների և Հայաստանի միջև ուժային բալանսն ի՞նչ պատկեր ունի, այդ տարբերությունը որքան «տարածություն» է կազմում, պետք է կրճատել այն՝ հաշվի առնելով սեփական երկրի անվտանգային խնդիրները:

Այսինքն, պետք է հստակ սահմանվի սպառնալիքը և դրան թեկուզ փոքր ուժերով դիմակայելու գործողությունների պլանը: Պարզ է, չէ՞, որ Հայաստանը չի կարող գերազանցել Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կարողությունները, և նման բան չի էլ եղել, բայց առնվազն հայկական բանակը կարողացել է լավ կամ վատ խաղաղություն պարտադրել, ինչ-որ առումով սպառնալիք է դիտարկվել Ադրբեջանի համար, դիրքային առավելություն ապահովել, բարձունքներ չկորցնել:

Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը խոսում է պրոֆեսիոնալ բանակի մասին, մյուս կողմից, թե չպետք է ունենալ բանակ, որը կարող է սպառնալիք դիտարկվել այլոց համար: Դասական իմաստով պրոֆեսիոնալ բանակը չի կարող սպառնալիք չդիտարկվել, իսկ տարբեր երկրների բանակների հետ մրցակցության մեջ մտնելու թեզը Փաշինյանի հերթական կեղծ օրակարգն է: Ի վերջո, անգամ ուժեղ բանակներն ունեն իրենց թույլ կողմերը, որոնք միայն պատերազմի ժամանակ են բացահայտվում: Դա եղավ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, և անգամ ընթացքում Ռուսաստանն անցավ իր բացթողումների շտկմանը: Նույնը եղել է նաև 44-օրյայի ժամանակ Ադրբեջանի դեպքում, որի մասին բաց տեքստով խոսել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ավելին, ադրբեջանական զինվորականներն անգամ նշել են, որ իրենց հրետանավորները զիջել են հայ հրետանավորներին իրենց պրոֆեսիոնալիզմով:
Վեցերորդ, Փաշինյանն այս համատեքստում իր խոսքում շարունակել է վտանգավոր ձևակերպումները:

«Պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն, հասկանո՞ւմ եք, միայն ու միայն, այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան:

Իսկ որո՞նք են այդ շահերը. նախկինում ես սրան անդրադառնալու առիթ ունեցել եմ՝ կիսելու համար իմ համոզմունքը, որ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան, որը, իմիջիայլոց, պարզ թեմա չէ, տասնյակ շերտեր ունի՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն, որովհետև ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև եթե ոմանց կթվա՝ այս հարցը ես պրիմիտիվացնում եմ, ընդհակառակը, ես հարցն ավելի բարդացնում եմ, որովհետև սա շատ բարդ մոտեցում է, և երկրորդը՝ պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված և ընդունված կանոններով և օրենքներով:

Ես սա ասում եմ, հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված բոլոր օրենքները և կանոններն ամեն տեղ ոտնահարում են, ով, որտեղ և ինչպես ուզի: Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք: Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք՝ որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում է և ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան:

Բայց ես չեմ ուզում այստեղ միտքը կիսատ թողնել և ուզում եմ վերադառնալ բանակին: Այս պայմանների առկայությամբ է, որ բանակը, մեր մտածած ուժեղ և մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիվ: Սա նշանակում է՝ ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպես ասել եմ, առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր, ո՞րն է այդ բուֆերը՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը և ամենուր, բայց եթե բոլորը և ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հավատարիմ լինելը, այդ հավատարիմ պահպանելը դրական գործելակերպ է, և այդ դրական գործելակերպը ձևավորում է ևս մի բուֆեր բանակից առաջ, հիշում եք, ես խոսում էի մեր այն զինվորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես՝ դնում ենք:

Եվ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացված և ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն անվտանգության շղթայի մեջ՝ որպես մի և հերթական օղակ»:

Թե ո՞րն է կամ որքա՞ն է Փաշինյանի նշած միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքային ամբողջականության մասշտաբը կամ չափն այսօր, մենք արդեն գիտենք՝ 29.743 քկմ, որի տակ ստորագրել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այլ հարց է, որ միջազգային հանրությունը Հայաստանին չի մերժել ավելի մեծ տարածք ներկայացնելու հայտը և չի վիճարկել, որ նախկինում Հայաստանի Հանրապետությունն ավելի մեծ էր, քան Փաշինյանի ներկայացրած 29.743 քկմ-ն:

Փաշինյանն ասում է, որ Հայաստանի առաջնային շահը տնտեսական զարգացումն է, դա մոտավորապես նույնն է, որ հերոսը հարկ վճարողն է, բայց թե ինչպես է տնտեսությունը զարգանալու, երբ չկա անվտանգային միջավայր, հզոր բանակ, նրան չի հետաքրքրում, իսկ Ալիևը հենց այսպես է մտածում, որ չի կարող լինել տնտեսության զարգացում՝ առանց հզոր բանակի: Ահա Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարական տարբերությունը: Բայց ամեն ինչ սրանով չի ավարտվում, Փաշինյանը Հայաստանին և ՀՀ զինված ուժերին անուղղակի մեղադրում է միջազգային օրենքները խախտելու մեջ, երբ Հայաստանը միշտ էլ այս հարցում նախանձախնդիր է եղել:

Այսինքն, մի կողմից՝ Փաշինյանն ընդունում է, որ այսօր ուժն է ծնում իրավունք, որ միջազգային օրենքները ոտնահարվում են, մյուս կողմից՝ ասում է, որ Հայաստանը պետք է դիրքավորվի՝ «որպես մի պետություն, որն ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան»: Այս ձևակերպումն ու պահանջն արդեն լսել ենք, չէ՞:

Այս տարվա սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:
«Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ կիրառվեցին՝ կապված Իրաքի զինված ուժերի զարգացման հետ: Մենք կարծում ենք, որ նման սահմանափակումներ պետք է կիրառվեն ՀՀ զինված ուժերի նկատմամբ»,– լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել էր Ալիևի օգնականը:

Առհասարակ, Հայաստանի դեմ ցանկացած պահանջ Ադրբեջանը փաթեթավորում է միջազգային իրավունքով, և իր՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններով: Բայց սա Ադրբեջանի ղեկավարությունն է, իսկ երբ դա անում է Հայաստանի ղեկավա՞րը: Այսինքն, Փաշինյանը ոչ թե միջազգային իրավունքի, օրենքների հիշատակմամբ Ադրբեջանի դեմ պահանջներ է ներկայացնում, այդ թվում՝ իրավարար, չնայած ներկայացվածներից է պատրաստ հրաժարվել, այլ սեփական երկրի և նրա ՀՀ զինված ուժերի դեմ:
Կարճ ասած՝ Ն.Փաշինյանը հաղորդում է ներկայացնում Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ և «սպառնում»՝ բանակի գոյությունը միայն այս դեպքում կարող է արդարացված լինել: Իսկ այս ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը քննարկում են համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը բարձրացնելու հարցը:

Հ.Գ. Չի բացառվում, որ մի օր Փաշինյանը հանձնարարի քանդել ամրացված շրջանները, որոնց կառուցման վրա միլիոններ են ծախսվում, եթե Ադրբեջանից ազդակ լինի, որ դրանք կարող են ադրբեջանական կողմի համար սպառնալիք հանդիսանալ: Նման ակնարկներ ադրբեջանական մամուլում արդեն իսկ կան։

Օրերս է caliber.az-ը, մասնավորապես, գրել էր, որ «ֆրանսիական հրահանգիչների ղեկավարությամբ պայմանական սահմանի հայկական կողմում ամրություններ կամ բաստիոններ են կառուցվում, որոնք միմյանց հետ կապվում են թունելային սիստեմով: «Խոսքն այստեղ արդեն միայն պաշտպանության մասին չէ, թունելային ցանցը կարող է օգտագործվել հայ «դիվերսանտների» կողմից Ադրբեջանի դեմ սադրանքների համար, վերածելով այն նաև հարձակողական գործողությունների պլացդարմի»:

Տեսանյութեր

Լրահոս