Ադրբեջանը հնարավոր սադրանքի հիմքեր է ստեղծում. Ո՞վ է տեղեկություն փոխանցել ՀՀ ԶՈՒ ամրությունների մասին, անթույլատրելի ի՞նչ գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանը
Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ մանր-մունր թեմաներ է քննարկում, դիտողություններ անում և դրանով փորձում քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծել, Ադրբեջանը դարձյալ զբաղված է հնարավոր սադրանքի համար քարոզչական կամ, այսպես ասած, լեգիտիմ հիմքեր ստեղծելով։
Ադրբեջանը, մասնավորապես, հիմք է ընդունում հնդկական մամուլի տեղեկությունը, թե Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր «Akash» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, և ոչինչ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ՝ «օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ»:
Ադրբեջանն այս համատեքստում չի անտեսել նաև հունական մամուլի հրապարակումը, որ Հունաստանն էլ պատրաստվում է Հայաստանին փոխանցել ՀՕՊ C-300 համակարգեր, թեպետ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ առանց Ռուսաստանի համաձայնության՝ Հունաստանը չի կարող վերաարտահանում կատարել, և, որ այս պահին հունական կողմից ոչ մի դիմում C-300 համակարգերի փոխանցմանն առնչվող չի ստացվել:
Բնականաբար, հնարավոր սադրանքի համար ադրբեջանական քարոզչական հիմքերն այսքանով չեն սահմանափակվում։ Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Հայաստանն արդեն Ֆրանսիայից ստացել է CAESAR հրետանային համակարգեր։ Ավելին՝ «ֆրանսիական հրահանգիչների ղեկավարությամբ պայմանական սահմանի հայկական կողմում ամրություններ կամ բաստիոններ են կառուցվում, որոնք միմյանց հետ կապվում են թունելային սիստեմով:
«Խոսքն այստեղ արդեն միայն պաշտպանության մասին չէ, թունելային ցանցը կարող է օգտագործվել հայ «դիվերսանտների» կողմից Ադրբեջանի դեմ սադրանքների համար, վերածելով այն նաև հարձակողական գործողությունների պլացդարմի»,- գրել է caliber.az-ը:
Թերևս ՀՀ պաշտպանական գերատեսչությունը պետք է մտածի, թե ովքեր են Ադրբեջանի հավաստի աղբյուրները, որոնք նման մանրամասնությամբ տեղեկություններ են տարածում, այսպես ասած, ականատեսի աչքերով: Ադրբեջանական այս շարադրանքը, սակայն, կարևոր է, քանի որ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հովանավորությամբ ադրբեջանամետ և կասկածելի գործունեություն ծավալող անձինք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ մուտք ունեն սահմանագոտի և ամրացված շրջաններ։
Եվ եթե այս հարցում ադրբեջանական կայքը հղում է արել իր հավաստի աղբյուրներին, ապա այն, որ Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին Ֆրանսիայի և մի քանի այլ երկրի հետ մասնակցել է նաև Հայաստանը, X սոցիալական ցանցում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Արդյո՞ք Ֆրանսիան ներկայացնող Օլիվիե Դըկոտինյին իրավունք ունի գրառում կատարել ՀՀ զինված ուժերի վերաբերյալ, չէ՞ որ այս պարագայում խոսքը ֆրանսիական սպառազինության մատակարարումների մասին չի, թեպետ դա էլ, մեղմ ասած՝ ընդունելի չէ, երբ հարցն առնչվում է գործընկեր երկրի անվտանգության հետ:
Իսկ Ադրբեջանը չի մոռացել նաև ՀՀ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող երկրապահներին: Ի դեպ, ԵԿՄ-ի մասին: Մոտ մեկ ամիս առաջ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու»:
Եվ երբ այս օրերին Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է սադրանք կազմակերպելու մեջ, հանկարծ Սասուն Միքայելյանի ղեկավարած երկրապահները հենց դիրքում հայտարարում են.
«Պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել ցանկացած պահի»:
Ի՞նչ է փոխվել այս մեկ ամսում, որ հանկարծ նման հայտարարություն է արվում այս օրերին, երբ Ադրբեջանը հնարավոր սադրանքի, այսպես ասած, լեգիտիմ հիմքեր է փորձում որսալ:
Գուցե հակադարձողներ լինեն, թե Սասուն Միքայելյանն ինչ հայտարարություն արեց, քննադատվեց, սակայն պահի թելադրանքով և չհաշվարկված հայտարարություններով վնաս է հասցվում բանակին, հատկապես, երբ ընդունել են Նիկոլ Փաշինյանի օրակարգը և շարժվում են դրանով:
Ի դեպ, ադրբեջանական կայքերից մեկը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, և «հաղթական փոքր պատերազմը» կարող է լավ հնարավորություն դիտարկվել՝ ներքաղաքական արենայում կարգի բերելու այդ ցածր վարկանիշը»: Սա էլ մենք չենք ասում, Նիկոլ Փաշինյանի կողմից ռազմավարական գործարքի թեկնածու դիտվող Ադրբեջանում են կեսկատակ-կեսլուրջ նման վարկած դիտարկում:
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի բանակի տարբեր ստորաբաժանումներ հերթական տակտիկական հատուկ զորավարժանքներն են անցկացրել, որի ընթացքում խաղարկվել են «պայմանական հակառակորդի մարտական և ռազմավարական օբյեկտների ոչնչացման դրվագներ՝ տարբեր տրամաչափի հրետանային համակարգերից արձակված ճշգրիտ կրակով», ինչպես նաև՝ «կանխվել է պայմանական հակառակորդի դիվերսիոն հարձակումը բարդ ռելիեֆ ունեցող լեռնանտառային տեղանքում»: