2020-ի հուլիսյան մարտերի օրերին ՀՀ-ն կասեցրել էր Թուրքիայի տեսչական այցերը, այսօր Փաշինյանը համաձայն է Ադրբեջանի առջև բացել ԶՈւ զինանոցը

Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատասխանել Ադրբեջանի՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից Հայաստանի՝ սպառազինություն գնելու վերաբերյալ դժգոհությանը և մեր երկրին՝ միլիտարիզացիայի համար մեղադրանքներին:

«Մեզ քննադատում են նրա համար, որ մենք, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանում կա միտումը՝ խոսում են, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով, օրինակ, Ֆրանսիային: Բայց ակնհայտ է, հրապարակային է, որ Ադրբեջանը, օրինակ, զենք է ձեռք բերում Իտալիայից: Ֆրանսիայի կողքի երկիրն է, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Ասում են՝ ԵՄ-ն, Արևմուտքը զինում է Հայաստանին. Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից: ԵՄ-իառնվազն 3 անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջան իհետ: Ադրբեջանը ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից:

Մենք ամեն օր այդ տվյալների մասին չենք բարձրաձայնում, բայց այդ ամենը գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհներով»,-հայտարարել էր նա՝ չտալով Ադրբեջանին զինող, Ադրբեջանի զինված ուժերի և զինանոցում առկա ռազմական տեխնիկայի արդիականացման հարցում առաջնային դեր ունեցող Թուրքիայի անունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություննԱդրբեջանի միլիտարիզացիայի մասին Հայաստանի պնդումները համարել է իրականությանը չհամապատասխանող, սակայն անվանական հերքել է միայն Ադրբեջանի՝ Իտալիայի հետ զենքի գործարքների մասին Փաշինյանի հայտարարությունը:

Կարդացեք նաև

Ավելին, սեպտեմբերի 2-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ծավալուն հոդված է հրապարակել պակիստանյան JF-17C Block-III կործանիչները թուրքական հրթիռներով զինելու մասին:

Նշենք, որ այս տարվա փետրվարին էր 168.am գրել, որ Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքվել է 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր՝ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար, և, որ գործարքը ներառում է ինքնաթիռներ, զինամթերք և ուսուցում: Ընդ որում, այս գործարքի շուրջ բանակցությունները սկսվել էին նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը:

Ինչ վերաբերում է Իտալիայից Ադրբեջանի սպառազինության ձեռքբերմանը, ապա ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, մասնավորապես, Ադրբեջանը գնել է իտալական C-27J Spartan օդանավ:


C-27J NG բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռը կարող է օգտագործվել տարատեսակ ռազմական խնդիրների և առաջադրանքների կատարման համար, ներառյալ՝ բեռների և զորքերի փոխադրում, դեսանտավորում, բժշկական տարհանում և այլն։
Ինքնաթիռը պատվիրատուի ցանկությամբ կարող է հագեցվել օպտիկաէլեկտրոնային հետախուզական սարքավորումներով, ռադիոլոկացիոն ցանցայինռադարով և այլժամանակակից համակարգերով։

Ադրբեջանը կարող է ասել, որ այս գնումը պաշտպանական նպատակ է հետապնդել, և ոչինչ, որ Հայաստանի պաշտպանական նպատակներով ձեռք բերած սպառազինությունից նույն Ադրբեջանը վտանգ է տեսնում:

Բայց այստեղ ՀՀ իշխանությունները պետք է կարողանան հավասարաչափ պատասխան տալ և ոչ միայն՝ զուտ հրապարակային հայտարարություններով, եթե պետք է,անգամ հետախուզական տվյալների օգնությանը պետք է դիմել՝ հրապարակավ կամ ոչ հրապարակավ քայլերի համար:

Բայց ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, մի կողմից՝ Ադրբեջանի միլիտարիզացիայի վերաբերյալ մեղադրանքներին է պատասխանում, մյուս կողմից՝ հրավիրված ասուլիսի ժամանակ կրկնում է Ադրբեջանին ավելի վաղ արած իր վտանգավոր առաջարկներից մեկը՝ «եկեք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և կրճատման մեխանիզմներ ձևավորենք»:

Ալիևին Փաշինյանի հաշվետու լինելու այս առաջարկի ռիսկերին, որտեղ նաև գաղտնիության վերաբերյալ օրենքի խախտում կա, 168.amանդրադարձել է  դեռ այս տարվա հունվարին և զգուշացրել, որ ունենալու ենք միակողմանի գործընթաց:

Այսինքն՝ Հայաստանն իր զինանոցը բացելու է մի երկրի առաջ, ում հետ հակամարտությունն իրականում և,մեծ հաշվով, ավարտված չէ, իսկ Ալիևն իր բանակի զինանոցը չի բացելու Փաշինյանի առաջ:

Եթե մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը համաձայնում է այդ առաջարկին, միևնույն է, այդ հարցում Հայաստանը կարող է շահող դուրս չգալ:

Կարիք կա՞ փակագծեր բացելու և բացատրելու՝ ինչու, ինչ հիմնավորումներով, ում օգնությամբ, սպառազինության հետ կապված իրականությունը քողարկելու կամ արդարացնելու ինչ տարբերակներ առաջ քաշելով՝ ադրբեջանական կողմը կարող է շահած դուրս գալ այս գործընթացից: Թողնենք այլ առիթի:

Իսկ միջազգային կառույցներին, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստանը հաշվետու եղել և լինում է միջազգային փաստաթղթերի շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում:

Ի դեպ, 2020 թվականի հուլիսին Հայաստանը կասեցրել էր ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան:

ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում էր.
«Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին»:

Նշենք, որ այլ տարիներին թուրքական խմբի պլանային այց ԵՍ ԶՈւ պայմանագրի շրջանակներում եղել է, բայց նաև ՀՀ զինված ուժերից է տեսչական խումբ մեկնել Թուրքիա:

Շեշտում ենք, սրանք միջազգային փաստաթղթեր են, և անգամ դրանց շրջանակում Հայաստանն անվտանգային վտանգի դեպքում կարող է կասեցնել նրանց տեսչական այցը, իսկ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի հետ կնքել սպառազինության վերահսկման երկկողմ պայմանագիր, որտեղ խաղի կանոնները, թերևս, Ադրբեջանն է սահմանելու:

Ի դեպ, այս տարվա գարնանը մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Թուրքիան որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին համաձայնագրին, որտեղ կողմերի համար սահմանվում է մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների թվի սահմանափակում։Նման որոշում կայացրել էր նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ը և այլք:

Վերադառնանք Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սպառազինության վերահսկման երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկին, և հավելենք, որ մեր մտավախությունները տեղին էին, որ այդ առաջարկն Ադրբեջանը չի ընդունելու, բայց կարող է իր օգտին օգտագործել:
Եվ ահա Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել է՝«պետք է սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:

«Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ կիրառվեցին՝ կապված Իրաքի զինված ուժերի զարգացման հետ: Մենք կարծում ենք, որ նման սահմանափակումներ պետք է կիրառվեն ՀՀ զինված ուժերի նկատմամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է Ալիևի օգնականը:

Հաջիևը Հայաստանից պահանջել է նաև դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելությունը, հատկապես, երբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընթացներ են տեղի ունենում խաղաղության օրակարգի համատեքստում:

168.am-ը Նիկոլ Փաշինյանի՝ այս անգամ Ադրբեջանի հետ երկկողմ հետաքննության մեխանիզմ ձևավորելու առաջարկի համատեքստում ոչ միայն դրա ռիսկերն էր ներկայացրել, այլև նկատել էինք, որ այս առաջարկով, փաստորեն, Փաշինյանն ընդունում է, որ ձախողել է հրադադարի խախտումները նվազեցնելու կամ բացառելու իր բոլոր առաջարկների իրականացման գործում, այդ թվում՝ ԵՄ դիտորդներ Հայաստան հրավիրելու, և, որ այդ առաքելությունն այնքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ հրադադարի պահպանման և մոնիտորինգներ իրականացնելու:Այս մասին ևս գրել էինք, քանի որ դա միակողմանի գործընթաց է ու չի պարունակում հետաքննությունների լուրջ մեխանիզմներ և չի կանխում հարցադրումները՝ ո՞վ է առաջինը կողմերից խախտել հրադադարը:

Այսինքն՝ նորից գալիս և հանգում ենք նրան, որ Փաշինյանը որոշումներ չի կայացնում սառը հաշվարկների հիման վրա, այլ դրանք պահի թելադրանքով կայացված քաղաքական որոշումներ են, որոնք Ադրբեջանին լեգիտիմ որոշակի իրավունքներ են տալիս Հայաստանի դեմ տարբեր պահանջներ առաջ քաշելու:

Ի դեպ, Փաշինյանն այսօր Կիրանցում հրաժարվել է Հաջիևի հայտարարություններին առնչվող՝ լրագրողների հարցերին պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս