«Այո՛, Հայաստանի տարածքներն օկուպացված են, բայց մենք ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունենք». Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերքել է ադրբեջանական մամուլի հրապարակումները, թե ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ իրեն ձեռնտու է պատերազմական իրավիճակը:

«Մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին, և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով: Մեր արձագանքը դրան պետք է լինի՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը։ Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Նշենք, որ ադրբեջանական կայքերից մեկը հատկապես գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, և «հաղթական փոքր պատերազմը» կարող է լավ հնարավորություն դիտարկվել՝ ներքաղաքական արենայում կարգի բերելու այդ ցածր վարկանիշը»:

Իսկ Փաշինյանը շարունակել է, թե բացառում է ՀՀ-ի կողմից որևէ գործողություն, որը նպատադրված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնել, և, որ թեև օրակարգում կա 2021-2022 թվականներին ՀՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիաների հարցը, որ թեև ՀՀ-ի ավելի քան 200 քկմ-ն օկուպացվել է տարբեր ժամանակներում, սակայն այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր օրակարգում չկա և չի լինելու, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս բանակցային և իրավական հիմքի վրա այդ հարցերը լուծել:

Կարդացեք նաև

«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, և ՀՀ-ն ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունի, և մենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք: Եվ ես հույս ունեմ, որ կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, ըստ էության, աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցում իրատեսական լուծում են առաջարկել:

«Իմ գնահատականն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»,- եզրափակել է Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս