Խոստովանում են, որ թուրքական ապրանքներով ողողելու են Հայաստանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոդված է գրել հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հեռանկարների մասին ու եկել եզրակացության, որ սահմանի բացումից հետո երկու երկրների միջև առևտրի շրջանառության պոտենցիալը կարող է հասնել տարեկան 700-800 մլն դոլարի։

Անցած տարվա տվյալներով, փակ սահմանի պայմաններում, այլ երկրների միջոցով իրականացվող հայ-թուրքական միջնորդավորված առևտուրը կազմել էր 336 մլն դոլար։ Այս տարի էլ դրա շրջանակներում կլինի։ Սահմանի բացումից հետո, Գևորգ Պապոյանի կարծիքով՝ շատ ապրանքներ, այդ թվում՝ դեղորայք, էլեկտրատեխնիկա, Հայաստանը կարող է ավելի էժան ներմուծել Թուրքիայից, ինչպես նաև նմանատիպ ապրանքներ մատակարարել Թուրքիա։

Որ սահմանների բացումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելանալու է, միանշանակ է։ Այլ հարց, թե ո՞ւմ հաշվին է ավելանալու։

Այսօր էլ փակ սահմանների պայմաններում հայ-թուրքական միջնորդավորված առևտրի ծավալները փոքր չեն։ Բայց խոսքը ոչ թե փոխադարձ, այլ միակողմանի առևտրի մասին է։ Երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության 99.9 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիայից ներմուծումներին։

Կարդացեք նաև

Օրինակ, անցած տարի հայ-թուրքական առևտրաշրջանառությունը հասել էր 336.4 մլն դոլարի։ Դրանից Թուրքիայի բաժինը կազմել էր 335.9 մլն դոլար։

Հայաստանից արտահանվել էր ընդամենը 413.000 դոլարի ապրանք։

Այս տարի էլ նույն պատկերն է։ 9 ամսվա տվյալներով, երկու երկրների միջև առևտուրը կազմել է 254.8 մլն դոլար, որից Թուրքիայի բաժինը եղել է 254.5 մլն դոլար, Հայաստանինը՝ ընդամենը 304.000 դոլար։

Ահա այսպիսին է հայ-թուրքական առևտուրն այսօր։ Ու եթե սահմանների բացումից հետո այն պիտի կրկնապատկվի, ինչպես ասում է իշխանության քարոզիչներից մեկը, պարզ չէ՞, որ կրկնապատկվելու է գերազանցապես թուրքական ապրանքների ներմուծումների ավելացման հաշվին։ Այսօրվա առևտրի ծավալները դա են հուշում։ Էկոնոմիկայի նախարարն ինքն էլ խոստովանում է, որ սահմանի բացումից հետո Հայաստանը կարող է շատ ապրանքներ ավելի էժան ներմուծել Թուրքիայից։ Դա, բնականաբար, հանգեցնելու է Հայաստանի շուկայում թուրքական ապրանքների շրջանառությունների ու իրացման ծավալների ավելացման։

Համամասնորեն ավելանալու պարագայում՝ Թուրքիայից ներմուծումները կկազմեն տարեկան, ասենք՝ 700 մլն դոլար, Հայաստանից արտահանումներն՝ ընդամենը 800.000-ից մինչև 1 մլն դոլար։ Եթե անգամ այս համամասնությունը մի փոքր խախտվի, միևնույն է՝ մեծ բան չի փոխվելու։

Թե ի՞նչ է շահում Հայաստանը հայ-թուրքական սահմանի բացման պարագայում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունների ավելացումից, պարզ երևում է այս թվերից։ Հայաստանի տնտեսությունը ոչ թե շահում է, այլ կանգնում է լրջագույն ռիսկերի առաջ։ Խոսքը հատկապես տնտեսության առանձին ճյուղերի մասին է, որոնք մրցակցային լուրջ խնդիրներ ունեն թուրքական էժան ներմուծումների նկատմամբ։ Դրա հետևանքով այդ ապրանքների տեղական արտադրությունը կանգնելու է ներքին շուկայից դուրս մղվելու վտանգի առաջ։

Սրա մասին մտածելու փոխարեն, իշխանություններին ոգևորել է այն, որ կարող են թուրքական ապրանքներն ավելի էժան գներով ներմուծել ու ողողել Հայաստանի շուկան։ Առանց այդ էլ՝ այսօր Հայաստանում թուրքական ապրանքների պակաս չկա։

Սահմանների բացումից հետո, երբ կրճատվեն տեղափոխման ու լոգիստիկ ծախսերը, ներմուծումն ավելի կէժանանա՝ հանգեցնելով տեղական ու այլ ներմուծումների նկատմամբ դրանց մրցունակության բարձրացմանը։ Արտաքուստ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունները կավելանան, բայց կավելանան գերազանցապես թուրքական ապրանքների ներմուծումների հաշվին։ Իսկ հայկական ապրանքները, ինչպես այսօր տեղ չունեն, այնպես էլ վաղը տեղ չեն ունենա թուրքական շուկայում։

Ինքնախաբեություն է սպասել, որ սահմանի բացումից հետո հայկական արտադրության ապրանքները հոսելու են Թուրքիա։ Նախ՝ Հայաստանը շատ քիչ ապրանքներ ունի, որոնք կարող են գնալ թուրքական շուկա, բացի այդ էլ՝ դրանք հիմնականում մրցունակ չեն՝ հատկապես գնային առումով։

Առավել ևս, որ վերջին տարիներին Հայաստանում այնպիսի ֆինանսական քաղաքականություն է իրականացվել, որը մեծապես ազդել է հայկական ապրանքների արտահանման մրցունակության վրա։ Ազգային արժույթի ամրապնդումը թուլացրել է հայկական ապրանքների արտահանման պոտենցիալը։ Փոխարենը՝ տեսնում ենք, թե ինչպիսին է Թուրքիայի արժութային քաղաքականությունն այս առումով։ Այն ամբողջությամբ ուղղված է տեղական արտադրության արտահանման մրցունակության բարձրացմանը։

Սահմանների բացումը, որը՝ դատելով վերջին շրջանի իրադարձություններից, սարերի հետևում չէ, լուրջ հարվածի տակ է դնելու Հայաստանի, առանց այն էլ՝ թույլ ու անպաշտպան տնտեսությանը, տեղական արտադրողին։ Սահմանի բացումից առաջ գոնե քայլեր անեին տեղական արտադրության մրցունակության բարձրացման ուղղությամբ։ Բայց ոչինչ չեն անում։ Ինքնամոռաց միայն սահմանի օր առաջ բացման մասին են մտածում, որպեսզի շտապեն ավելի մեծ թափով առևտուր անել թուրքերի հետ ու ավելացնել թուրքական ապրանքների տարածումը Հայաստանում։

Նույնը, գուցե մի փոքր ավելի մեղմ տարբերակով, լինելու է Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների պարագայում։ Ինչքան էլ գևորգպապոյանները փորձեն հիմնավորել, որ Ադրբեջանի ու Հայաստանի արտահանումները նույն սեգմենտներում չեն գտնվում ու մրցակցության առումով խնդիրներ չեն լինելու, «կարող ենք շատ ապրանքներ վաճառել միմյանց», դա խաբեություն է։ Հայաստանի տնտեսությունը շատ արագ հայտնվելու է երկու թշնամական պետությունների տնտեսական անեքսիայի տակ ու եղած հզորություններն էլ կորցնելու է։ Միամիտ պետք է լինել՝ հավատալու, որ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են լինելու նպաստավոր միջավայր ստեղծել Հայաստանի տնտեսության զարգացումների ու տնտեսական կարողությունների ավելացման համար։

Առավելագույնը, որ Հայաստանը կարող է ստանալ սահմանների բացումից՝ այլ շուկաներ հասանելիություն ստանալն է։ Դա էլ դեռ բազմաթիվ խնդիրների հետ է կապված։ Մինչ այդ՝ պետք է դիմանալ թուրքական աշխարհի տնտեսական ճնշումներին, հետո էլ մտածել այլ շուկաների համար արտահանելի ապրանքներ արտադրելու մասին։ Այսօր այդպիսի ապրանքները խիստ սահմանափակ են։ Հեռանկարում էլ հույսեր չկան, որ բան կարող է փոխվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս