Փաշինյանի «պետական դավաճանությունը» դուրս է օրենքից, իսկ գեներալները պետք է «նստեն». Փաշինյանի քաղաքական հրաման-խոստովանությունը

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է ավելի վաղ արած ինքնախոստովանությունը՝ կապված 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների և դրանց հակազդել-չհակազդելու հայկական կողմի դիրքորոշման հետ, ինչը, սակայն, անտեսվեց:

Մասնավորապես, երեկ խորհրդարանում Փաշինյանը հայտարարել է. 

«Եթե մենք էն ժամանակ՝ 2021 թվականի մայիսին, առաջնորդվեինք այն տրամաբանությամբ, ինչ-որ դուք առաջարկում էիք, նշանակելու էր ՀՀ պետականության լուծարում: Ինչո՞ւ: Որովհետև խորհրդարանը՝ ցրված, կառավարությունը՝ հրաժարական տված, և եթե մենք ձեր մտքերի ընթացքով և տրամաբանությամբ գնայինք… Հիշո՞ւմ եք, որ ասում էիք՝ ինչի՞ եք ՀԱՊԿ-ին դիմում, դուք մի հատ չեք կրակում, ՀԱՊԿ-ի՞ն եք դիմում: Եթե մենք էդ ժամանակ կրակեինք, ի՞նչ էր լինելու: Ես պատասխանատու ասում եմ, որ լինելու էր հետևյալը. ռազմական էսկալացիա՝ մեր դաշնակիցների կողմից թիկունքում մեզ համար լարած որոգայթով: Բայց դրա քաղաքական հետևանքները եկեք նայենք. ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ տեղի չէին ունենա, օրինական իշխանության ինստիտուտներ չէին ձևավորվի, և կարող էր էսպիսի սցենար լինել, որ, օրինակ, անվտանգային կազմակերպություն մտնում և ՀՀ-ում իրականացնում է անցումային կամ ժամանակավոր կառավարում: Ես սրանից խուսափելն եմ համարում մեծ հաջողություն: Իսկ կորպուսների հրամանատարների նկատմամբ մեր վերաբերմունքը ձևավորվում է օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարել-չկատարելու մեջ»:

168.amդեռ մեկ տարի առաջ էր գրել, որ 2021թ. մայիսին ադրբեջանական զորքի առաջխաղացումը չկանխելու կամ անմիջապես օրենքով սահմանված միջոցներ չձեռնարկելու քաղաքական հրաման է տրվել բանակին: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր 2023 թվականի դեկտեմբերին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ինչը երեկ կրկնել է նաև խորհրդարանում:

Կարդացեք նաև

 «Ընդ որում, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը, եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։

Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունը, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն՝ դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար ՀՀ զինված ուժերին թույլ չի տվել կատարել սահմանադրությամբ, ռազմական օրենքով և կանոնագրքով սահմանված իր պարտականությունները, և այս ամենը մանիպուլացնում և տեղավորում է Հայաստանի Հանրապետության լուծարումը թույլ չտալու տրամաբանության մեջ:

Եվ մեծ հաջողություն է համարում, որ կարողացել է պահել իր իշխանությունը, իսկ թե 2021 թվականի մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով տեղի ունեցած ադրբեջանական ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ինչ անվտանգային ռիսկեր և վտանգներ ստեղծվեցին մեր երկրի անվտանգության համար, որ դա նպաստավոր պայմաններ ստեղծեց ադրբեջանական նոր ներխուժումների համար, և այս ամենի հետևանքով խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը, Փաշինյանին, բնավ, չի հետաքրքրում:

Մենք հիշում ենք, որ 2021 թվականի փետրվարին Թուրքիայի ղեկավարությունը զգուշացրել էր, որ որևէ ռազմական հեղաշրջում չպետք է լինի, և պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրությունները:

Իսկ Փաշինյանը վերը նշվածի համատեքստում լրիվ օրինական և օրինաչափ է համարում 2021 թվականի մայիսյան առաջխաղացումների գործով, և առհասարակ նման դեպքերում կորպուսի հրամանատարներին, զինվորականներին պատասխանատվության ենթարկելն ու մեղադրանք առաջադրելը:

Նշենք, որ 2021 թվականի մայիսին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացումների գործով անցնում է գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը:

2022 թվականի դեկտեմբերին տարածված դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»:

Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Իսկ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Հնարավոր է, որ հենց այստեղ է տվել քաղաքական այն հրամանը Փաշինյանը, ինչի մասին ակնարկել է երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Այս տեսանյութը քննության առարկա նախաքննության փուլում չի դարձել, համենայնդեպս, գեներալ Հարությունյանի փաստաբանական թիմը մեր հարցերին ի պատասխան՝ հակառակ տեղեկությունը չի տվել:

Իսկ այս գործով անցնում է նաև գնդապետ Վիգեն Սիմոնյանը, ով 2021-ի մայիսին 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրամանատարն էր, իսկ ավելի ուշ նրան այլ բանակային զորամիավորումում էր պաշտոն վստահվել:

168.amը գրել էր, որ այս գործին առնչվող՝ «Դատալեքս» համակարգում տեղադրված տեղեկության մեջ հետևյալի մասին կարելի է տեղեկանալ՝

– Հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվել են մեղադրանքի կողմի ապացույցների ծավալում ընդգրկված բոլոր արտավարութային փաստաթղթերը:
– Հետազոտված ապացույցների կապակցությամբ ցուցմունքներ են տվել մեղադրյալներ Արայիկ Հարությունյանը և Վիգեն Սիմոնյանը, ովքեր ըստ էության կասկածի տակ չեն դրել նշված ապացույցների բովանդակությունը:

– Հարցաքննությունների ընթացքում Արայիկ Հարությունյանը և Վիգեն Սիմոնյանը ըստ էության ընդունել են իրենց մեղսագրված արարքների հիմքում դրված փաստական հանգամանքները, մասնավորապես, իրենց հրամանատարության տակ գտնվող զորամասերի պահպանության տեղամասերում ընկած ՀՀ պետական սահմանի որոշակի հատվածներում մարտական հենակետեր տեղադրված չլինելու հանգամանքը՝ դրանք պատճառաբանելով օբյեկտիվ անհնարինությամբ:

– Առերևույթ հանցավոր դեպքի վերաբերյալ ենթադրյալ փաստական տվյալներն արձանագրված են համապատասխան գաղտնի փաստաթղթերում, և նախաքննություն իրականացնող մարմինը տվյալ փաստաթղթերն ամրագրել է համապատասխան արձանագրությամբ, ճանաչել որպես արտավարութային փաստաթուղթ և կցել սույն քրեական վարույթին: 

Մենք գրել էինք նաև, թե 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինչ միջոցառումներ էին նախատեսված և ծրագրված 2-րդ բանակային կորպուսի պահպանությանը հանձնված բնագծերում, որ հնարավոր լինի ապահովել պետական սահմանի անձեռնմխելիությունը և անառիկությունը: Ինչո՞ւ չի արվել, դեռ պետք է քննության առնվի, թեպետ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Ամեն դեպքում առնվազն պետք է ուսումնասիրվի՝ ի՞նչ չի արվել և իրավիճակն ինչպիսի՞ն կլիներ, եթե դրանք արվեին, հատկապես Քարվաճառի անկրակոց հանձնումից հետո:

Այսինքն, այն, որ Փաշինյանն իրեն դուրս է դնում օրենքից, դա դեռ չի նվազեցնում նրա պատասխանատվությունը, եթե անգամ այդ մասին չի խոսում նաև գեներալիտետը:

Ի դեպ, 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու որոշումից օրեր անց՝ նոյեմբերի 17-ին, Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր.

«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2021 թվականի մայիսին՝ քաղաքական շահերից ելնելով, տեղի է ունեցել «ուղիղ պետական դավաճանություն»…

Այս համատեքստում մի փոքր շեղվենք թեմայից և անդրադառնանք այս օրերին արդեն ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որն, ըստ Նիկոլ Փաշինանի և մի շարք ՔՊ-ականների՝ թույլ է տվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվական արտահոսք: Սկզբում ՔՊ-ականների հարցազրույցներից տպավորություն ստացվեց, թե այդ տեղեկությունները զուտ կուսակցական բնույթի են եղել, որը նրանք տեղավորում են պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկում, որը «Պետական գաղտնիքի մասին» օրենքը հստակ սահմանել է:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երեկ ԱԺ-ում հայտնել է, որ Աղազարյանի հեռախոսում եղել են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ:

Իսկ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում իր հերթին տեղեկացրել է, որ այդ տեղեկությունները եղել են նաև բանակցություններին առնչվող. «Բանակցություններ են տապալվել, հետո պարզվել է՝ մենք ենք պատճառը, որովհետև արտահոսք է եղել»:

«Մարդը պատգամավոր է, գաղտնիության թուղթ է ստորագրում, առաջին բաժին ունենք, գաղտնիության գրիֆերի աստիճաններ ունենք… Բա մենք բանակցությունների մեջ ենք»,- ընդգծել է Սիմոնյանը՝ ակնարկելով, որ այս տեղեկությունները հայտնվել են մամուլում:

Պարզվում է, որ Աղազարյանը նաև ինչ-որ «ագենտի» հետ է նամակագրություն ունեցել, սա ինքը՝ Աղազարյանն ընդունել է: Թե ինչ կպարզեն հետո իրավապահները՝ արդյո՞ք թույլ է տրվել պետական դավաճանություն, կամ այլ հանցանք, ժամանակը ցույց կտա: Բայց այս պատմության մեջ պետք է մի քանի արձանագրում անենք:

Առաջին, մի խնդիր է, եթե Հովիկ Աղազարյանը չի ունեցել պետական գաղտնիք պարունակող ինչ-ինչ տեղեկություններին հասանելիության թույլտվություն և իմացել է դրանք: Այլ խնդիր է, երբ ունեցել է նման թույլտվություն և այն չի պահել: Այս 6 տարիների ընթացքում ՔՊ-ական պատգամավորները պետական գաղտնիք պարունակող անվտանգային լուրջ տեղեկությունների են տիրապետում, այդ թվում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և պատերազմական հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովների շրջանակում, և նման դեպքերն ավելացնում են նման արտահոսքերի մտավախությունները, որոնց մասին գուցե մի օր իմանանք:

Երկրորդ, 168.am-ը մի ծավալուն շարք էր ներկայացրել 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հանրայնացման հետ կապված, ավելին, մի առիթով ԱԺ-ում հենց ինքը՝ Փաշինյանն էր հայտարարել՝  «գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել»:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին նույնիսկ ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիայից է մանրամասներ հրապարակել, թե ինչ պետք է լինի, ինչ բնույթի գործողություններ է պատրաստվում իրականացնել Պաշտպանության բանակը:

Արդյո՞ք քննության առնվել է՝ ի՞նչ ազդեցություն են ունեցել Փաշինյանի այս գաղտնազերծումները 44-օրյա պատերազմի ելքի վրա, արդյո՞ք կոնկրետ օպերացիաներ ձախողվել են հենց սրա արդյունքում:

Չմոռանանք, որ պատերազմի օրերին Փաշինյանը պաշտոնանկ արեց այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին և ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Վերջինի պաշտոնազրկումը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:

Երրորդ, Աննա Հակոբյանը պաշտոնյա չէ, նա չունի պետական կամ ռազմական գաղտնիքին հասանելիության թույլտվություն, բայց սա չի խանգարել, որ 44-օրյայի ժամանակ գտնվի հրամանատարական կետում, թեև ղեկավար փաստաթղթերի համաձայն՝ այնտեղ մուտք կարող են ունենալ միայն հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձինք, մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ:

Այսինքն, օրենքի և կանոնադրության խախտմամբ Աննա Հակոբյանը դարձել է ռազմական գաղտնիքի կրող, ո՞վ է պատասխան տալու այս տեղեկությունների արտահոսքի և սխալ մարդկանց ձեռքում հայտնվելու համար:

Չորրորդ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող գաղտնիության տարրեր պարունակող հայտարարություններն ու մեղադրանքները վտանգում են Հայաստան-ՌԴ դաշնակցային հարաբերությունները, և դրանով իսկ որոշ դեպքերում՝ ՀՀ անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը ֆեյքային տեղեկություններ է շրջանառել, որոնք կարող էին Ֆրանսիային պատասխանատու դարձնել հնարավոր ադրբեջանական ագրեսիայի դեպքում:

Օրինակ, այս տարվա փետրվարի 27-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը ժամը 13:30-ի սահմանում տեղեկություն էր հրապարակել՝ այն վերնագրելով այսպես. «Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ. ինչ տեղեկություններ կպարունակեն դրանք»:

Մասնավորապես, armtimes.com-ը՝ հղում տալով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրել էր.

«Նիկոլ Փաշինյանի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Փարիզը Երևան կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին»:

Սա այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն այդ օրերին ֆրանսիական «շպիոնների» դեմ գործողություններ էր իրականացնում, երբ Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանին մեղադրում էին ԵՄ դիտորդների տեսքով «գործակալներ» սահմանին տեղակայելու համար, և այլն: Կամ, ինչո՞ւ չէ, այն ֆոնին, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դժգոհում է Ֆրանսիայի՝ Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունից: Ավելի ուշ «Հայկական ժամանակը» նյութը հեռացրել էր կայքից:

Մի կողմ ենք թողնում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին հենց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն է արտահոսքեր արել՝ հղում անելով հավաստի աղբյուրներին: Իսկ գուցե սա ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությո՞ւն էր: Իսկ գուցե պայմանավորվածություն է նաև, որ մինչև հիմա Փաշինյանը չի հրապարակել Ադրբեջանի դեմ կոնֆիդենցիալ տեղեկությունները, որից կարող էր Ադրբեջանը տուժել, իսկ Հայաստանը՝ շահել:

Հիշեցնենք, որ 44-օրյայից 2 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, Փաշինյանն Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր.

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:

Այսինքն՝ Հայաստանի անվտանգության դեմ կոնֆիդենցիալ տեղեկությունների գաղտնազերծման հարցում Փաշինյանը երկար չի մտածել, եթե, իհարկե, դիտավորություն չի եղել: Բայց սա չի խանգարել, որ տարբեր ժամանակներում Փաշինյանը 5-րդ շարասյուն փնտրի՝ մեկ՝ Արցախում, մեկ՝ հայաստանյան ընդդիմության շրջանում, մեկ՝ բանակում, և հիմա էլ՝ սեփական կուսակցությունում: Ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է…

Տեսանյութեր

Լրահոս