Պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների գնահատման Արմեն Աբազյանի մեթոդը, կամ՝ կարևոր փաստեր, որոնք չպիտի անտեսի ԱԱԾ տնօրենը

Հուլիսի 2-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետևյալ հարցադրումներով.

1. Հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ճակատեն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ոսկեպարի սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ են սարքում՝ ցույց տալով համապատասխան նկարը:

Խնդրում ենք մանրամասնել՝ Տավուշում իրականացված սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Կիրանցում և Ոսկեպարում տեղադրվե՞լ են նման ցանկապատեր կամ ինժեներական արգելափակոցներ: Եվ, առհասարակ, որտե՞ղ, ո՞ր մարզում կամ ՀՀ սահմանային ո՞ր հատվածում կան նման ցանկապատեր կամ ինժեներական արգելափակոցներ, ե՞րբ են տեղադրվել դրանք կոնկրետ վայրերում:

Կարդացեք նաև

2. Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ո՞ր հատվածներում է տեղակայվել սահմանապահ զորքը, դրանք եղե՞լ են մարտական դիրքեր, թե՞ ոչ:

ԱԱԾ-ն իր պատասխան գրությունն ուղարկել է հուլիսի 10-ին, որտեղ ոչ մի հարցի պատասխան չի տվել՝ համարելով հրապարակման ոչ ենթակա:

«ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված Ձեր՝ 02.07.2024 հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ գրությամբ հայցվող տեղեկությունները՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և 4-րդ կետի «ժ» ենթակետերի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով տրամադրվել չեն կարող: Միաժամանակ, թույլատրելի սահմաններում տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվել է բաց աղբյուրներում»,- նշվում է Արմեն Ավազյանի ղեկավարած կառույցի պատասխանում:

Նախքան մեր հարցմանն ի պատասխան ԱԱԾ գրության բովանդակությանն անդրադառնալը, նախ նշենք, որ ԱԱԾ այս գրությունից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված, և արդեն տեսագրությամբ հրապարակել տեղադրված փշալարային ցանկապատը կամ ինժներական արգելափակոցները:

Իսկ Նիկոլ Փաշինյանից առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր խորհրդարանական իշխանական գործընկերների հետ այցելել Ոսկեպար-Կիրանց հատված և դարձյալ տեսագրություն հրապարակել և՛ փշալարային ցանկապատերի տեղակայման, և՛ ԱԱԾ սահմանապահ զորքի ծառայության մասին:

Այսինքն, հրապարակվել է այն, ինչի մասին հարցրել ենք մեր հարցմամբ, ըստ էության, որովհետև ընդդիմադիր որոշ գործիչներ կասկածներ էին հայտնել Փաշինյանի՝ Սյունիքում արված հայտարարության հետ կապված, թե Ոսկեպարի հատվածում ինժեներական արգելափակոցներ են դրվել:

Դեռ մի կողմ ենք դնում, որ երբ դեռ նոր էր մեկնարկել Տավուշում սահմանազատման գործընթացը, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ասել էր, թե որտեղ է տեղակայվելու ԱԱԾ սահմանապահ զորքը՝ նշելով, որ փոխարինելու են ՀՀ ԶՈՒ զորքին՝ «այդտեղից բանակի դուրս գալը լավ բանի նշան է, վատ բանի նշան չի, գալիս են սահմանապահները, այդ սահմանն առանց պահպանության չի մնում»:

Ավելին, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն էլ ավելի ուշ լրագրողներին ասել էր, որ Տավուշում սահմանազատված հատվածում սահմանապահ զորքի ծառայության վայրը զինված ուժերի պատասխանատվության վայրն է՝ «սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»:

Չենք խոսում ադրբեջանական կողմի հրապարակումների մասին, որտեղ ժամանակ առ ժամանակ մանրամասն նկարագրվում է, թե որտեղ են տեղակայվել ադրբեջանական և հայկական սահմանապահ ուժերը:

Վերադառնանք Արմեն Աբազյանի կառույցի պատասխանին: ԱԱԾ գրության մեջ հիշատակվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և 4-րդ կետի «ժ» ենթակետերը:

Ուրեմն՝ են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը սահմանում է՝

Հոդված 8

1. Պետական գաղտնիքի շարքին դասվում են հետևյալ տեղեկությունները.

1) ռազմական բնագավառում

ա. զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության, Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները:

Իսկ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետում էլ ամրագրված է, որ պետական գաղտնիքի շարքին է դասվում «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին» տեղեկությունները:

Հիմա ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրապարակայնացրած տեղեկությունները, այդ թվում՝ տեսագրության միջոցով, պետական գաղտնիք չեն, համարվում են թույլատրելի բաց աղբյուր, բայց երբ մենք հարցնում ենք՝ Տավուշում սահմանազատված հատվածում որտե՞ղ են տեղադրվել ինժեներական արգելափակոցները, կամ՝ ո՞ր հատվածում են փոխարինել ԶՈւ զորքին, պետական գաղտնիք է, երբ հայտնի էր մինչ այդ մարտական դիրքերի վայրերը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար-Կիրանց հատված այցի ընթացքում հանրայնացրել էր ԱԱԾ հատուկ նշանակության զորքերի հրամանատարի զինծառայողի դեմքը, ինքնությունը, որն առաջին անգամ չէ:

Անցած տարի «Բանակային խաղերի» համատեքստում գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի անձնակազմը հրապարակել է ԶՈՒ հատուկ նշանակության զինծառայողի և ԱԱԾ ծառայողների տվյալներն ու դեմքերը: Մինչդեռ ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն բանակային խաղերի փակման արարողության մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում փակել էր ԱԱԾ ծառայողների և հատուկ առաջադրանք կատարողների դեմքերը, կամ չէր էլ հրապարակել: Այսինքն, կար գաղտնիության խախտում, մեզ էլ մտահոգում է մեր զորքի անվտանգությունը, ԱԱԾ-ին սա չի՞ մտահոգում, ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի կողմից նման դեպքերն ու խախտումները շարունակվում:

Գուցե հատուկ գործողությունների կարիք չկա՞ արդեն, որ հատուկ գործողություններ իրականացնողներին՝ լինի դա ՀՀ ԶՈՒ-ի թե ԱԱԾ-ի, Նիկոլ Փաշինյանը մղում է հակառակորդի թիրախ: ԱԱԾ-ի հիշատակած «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համատեքստում հավելենք, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ընդդիմադիր պատգամավորներից և լրագրողներից պահանջել է մշտապես հրապարակավ ներկայացնել՝ ինչ են իրենից ներկայացնում ամրացված շրջանները, ինչ հնարավորություններ ունեն, ինչին միշտ հակադարձվել է, որ չի կարելի քարոզչական նպատակների պատճառով տարաբնույթ հարցազրույցներում, հայտարարություններում գաղտնիության թույլատրելիության սահմանն անցնել և դա ներքաղաքական գործունեության մեջ շահարկել: Իհարկե, իշխանությունները շարունակել են նույնը պահանջել, բայց մենք, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավորները չեն խախտել գաղտնիության սկզբունքը: Նման օրինակները շատ են:

Չմոռանանք 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո Նիկոլ Փաշինյանի՝գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հրապարակման փաստերը, որոնց մասին 168.am-ը ծավալուն ուսումնասիրություններ է ներկայացրել։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի օրերին հրապարակայնացրել է ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան, որից, հնարավոր է, հակառակորդն օգտվել է, դեռ չենք ասում, որ դրանից առաջ ֆեյսբուքյան իր էջում նույն օպերացիայի մասին գրառումներ էր կատարել՝ հուշելով դրանց բնույթը:

Նիկոլ Փաշինյանը գաղտնիության սկզբունքի խախտում է թույլ տվել նաև, երբ ռազմական տարբեր քրեական գործերի շրջանակում հրապարակային է դարձրել ԶՈՒ զինանոցում առկա սպառազինության վիճակը, օրինակ, երբ 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հայտարարում էր, որ «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»:

Գաղտնիության սահման է հատել Փաշինյանը, երբ 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշում էր՝ «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով», ինչո՞ւ չէ՝ երբ ՀՀ զինանոցում առկա ավիացիոն հրթիռները Փաշինյանը 2021 թվականին հռչակեց անպիտան, իսկ «Իսկանդերն» էլ՝ 10 տոկոսով կրակող, ավելի ուշ Փաշինյանն ակնարկել էր, որ Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ համատեղ համակարգը չի աշխատում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ ռազմական անգարի տեղն ու հնարավորություններն են հրապարակայնացրել, որտեղ Սու-30-ներն են տեղակայված: Կրկնում ենք, ներկայացված փաստերը կարելի է դեռ համալրել:

Բայց այսքանն էլ բավարար է ԱԱԾ-ի և համապատասխան մարմինների համար՝ մի օր պետական գաղտնիքի օրենքի պահանջները խախտողներին պատասխանատվության ենթարկելու:

Տեսանյութեր

Լրահոս