Մեղադրանքը չի ընդունում, բայց լռում է իր և Նիկոլ Փաշինյանի միջև եղած զրույցը փաստող տեսանյութի մասին

Արդեն 5-6 ամիս է՝ գեներալ Արայիկ Հարությունյանի գործը դատարանում է: Նա մոտ մեկ տարի կալանքի տակ է:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերին տարածված դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Նշենք, որ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:

Կարդացեք նաև

168.am-ը գրել էր, որ ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

168.am-ի հետ զրույցում գեներալ Արայիկ Հարությունյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը որոշ մանրամասներ հայտնեց դատական գործընթացի հետ կապված:

«Ապացույցների հետազոտման փուլում ենք, փաստաթղթերի հետազոտումն արդեն ավարտել ենք: Արդեն մոտ 5 ամիս է՝ դատարանում է գործը, ամեն շաբաթ նիստ ենք անում»,- նշեց նա՝ հավելելով, որ այս գործով վկաների թիվը 80-ից ավելի է, բոլորն էլ զինվորականներ են:

2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:

2021թ. առաջխաղացումների գործի նախաքննության փուլում, չնայած մեր ջանքերին, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ արդյո՞ք քննության առարկա դարձավ այս տեսանյութը, թե՞ ոչ։ Այս անգամ ևս այս հարցը չշրջանցեցինք և փաստաբան Դիլբանդյանից փորձեցինք ճշտել՝ այդ տեսանյութը որևէ փուլում քննության առարկա դարձե՞լ է:

«Ես այդ տեսանյութից տեղյակ չեմ»,- պատասխանեց նա:

Հակադարձմանը, որ այդ կարևոր տեսանյութը բաց և պաշտոնական աղբյուրներում առկա է, գեներալ Հարությունյանը չի՞ խոսել դրա մասին, փաստաբանն արձագանքեց. «Ոչ, չենք քննարկել»:

Թե ինչու է իր և Նիկոլ Փաշինյանի խոսակցության մասին լռում գեներալ Հարությունյանը, ով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պարզ չէ, կարող ենք միայն ենթադրություններ անել:

Հավելենք, որ այս տարվա օգոստոսին ArmLur.amտարածել էր նրա հայտարարությունը, որը ՀՀ ԶՈՒ 2-րդ կորպուսի նախկին հրամանատարն արել էր ԱԱԾ մեկուսարանից, և որում, մասնավորապես, նշվում էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հրամանատարության ներքո գործող երկրորդ բանակային կորպուսը եղել է այն եզակի ստորաբաժանումներից մեկը, որի պաշտպանության հատվածում 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել և չի գրավել որևէ մարտական դիրք: Հիմա, որքան էլ զավեշտալի է հնչում, ինձ մեղադրում են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով, ըստ նախաքննության մարմնի, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի որոշ հատվածներով անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս: Թեև ի սկզբանե ներկայացված մեղադրանքը եղել է իրավաբանորեն անհիմն և մերկապարանոց, այնուամենայնիվ, նախաքննության ողջ ընթացքում ես հանդես չեմ եկել հայտարարություններով՝ լիահույս լինելով, որ, ի վերջո, վարույթ իրականացնող մարմինն էլ կգիտակցի, որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն է և չի դիմանում ողջամիտ քննադատության»:

Ի դեպ, գեներալ Արայիկ Հարությունյանը թեև ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ, սակայն, ըստ տարբեր տեղեկությունների, արտահայտվել է, թե սխալվել է Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ իր ստորագրությունը դնելով: Նշենք, որ հենց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր հայտարարել, որ մոտ 10 գեներալ հետ է կանգնել իր ստորագրությունից կամ փոշմանել:

Իսկ Փաշինյանը, ինչպես միշտ, թիրախավորում է նաև իրեն հավատարիմ ծառայածներին, ինչը տեղի է ունեցել կոնկրետ դեպքում. մայիսյան ներխուժումներից մոտ 1.5 տարի հետո է Նիկոլ Փաշինյանը որոշել գեներալ Արայիկ Հարությունյանին կալանավորել և մեղադրանք առաջադրել, երբ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումներից հետո հենց ինքն էր հայտարարել՝ «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:

Վերադառնալով հարուցված քրեական գործին, հավելենք, որ 168.am-ը հայտնել էր նաև, որ 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզ ադրբեջանական առաջխաղացումներին առնչվող գեներալ Արայիկ Հարությունյանի գործի շրջանակում կալանավորվել է գնդապետ Վիգեն Սիմոնյանը, ով կալանավորման պահին ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից մեկում էր պաշտոն զբաղեցնում, իսկ 2021-ի մայիսին 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրամանատարն էր: Կամ, ինչպես Դատալեքսում է նշված` «2020 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2021թ. հուլիսի 20-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Վիգեն Սիմոնյանը խախտել է ՀՀ վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները, որպիսի գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ»:

Ի դեպ, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի նախկին մեկ այլ հրամանատար՝ Վահրամ Գրիգորյանն էլ, 2021 թվականի նոյեմբերյան մարտերի համատեքստում է մեղադրվում:

2023 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 08:30-ին զորամասի հրամանատար Ա.Մ.-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ.-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման:

Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Մ.-ն բանակցությունները դադարեցնելու և հակառակորդի առաջխաղացումը մարտ վարելով կանխելու վերաբերյալ ժամանակին հրաման արձակելու փոխարեն՝ բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի համահավաք վաշտի զինծառայողների կողմից զբաղեցված բնագիծ և բավարարվել միայն իր տեղակալ Գ.Ի.-ի կողմից նշված վաշտի զինծառայողներին՝ «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով, ինչի արդյունքում անձնակազմի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:

Համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.-ն և Ա.Թ.-ն, Գ.Ի.-ի հրամանով գործելու փոխարեն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և, առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ:

Դրա հետևանքով, հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր»:

Հայտարարության համաձայն, դատախազի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի, Մ.Փ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Նշենք, որ Վահրամ Գրիգորյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատեցին Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո, որին զոհ գնաց 15 զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս