Քննության առարկա կդառնա՞ Նիկոլ Փաշինյան-գեներալ Արայիկ Հարությունյան զրույցի տեսագրությունը

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հայտարարել 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Այս պահին նա գտնվում է կալանքի տակ:

Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Նշենք, որ այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Հարցադրումները՝ արդյոք Արայիկ Հարությունյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, այսինքն՝ նա համարո՞ւմ է, որ հրամանատարությունը՝ ի դեմս իրեն, անգործություն կամ թերացում է թույլ տվել, ինչի արդյունքում հաջողվել է հակառակորդին մտնել ՀՀ ինքնիշխան տարածք՝ գեներալի փաստաբան Սիմոն Հարությունյանն անպատասխան թողեց:

Կարդացեք նաև

«Իրավասու չեմ նման հարցերի պատասխանել, դա միայն ինքը կարող է ասել»,- շեշտեց Արայիկ Հարությունյանի փաստաբանը՝ հավելելով, որ, իհարկե, այս թեմայի շուրջ խոսել է իր պաշտպանյալի հետ, բայց չգաղտնազերծեց՝ Արայիկ Հարությունյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

Փաստաբանը ոչ մի բառ չասաց նաև այլ հարցաքննությունների և առերեսումների վերաբերյալ՝ արդյո՞ք եղել են դրանք, նշելով, որ չի կարող պատմել նախաքննության ընթացքի մասին: Ի դեպ, մենք չէինք ցանկանում, որ նա անուններ հրապարակի:

Նշենք, որ 2021 թվականի Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:

Հարցին՝ արդյոք այս տեսանյութը քննության առարկա դարձե՞լ է, գեներալ Հարությունյանի փաստաբանը պատասխանեց.

«Դա նախաքննության մարմնի լիազորությունների մեջ է մտնում՝ կդարձնե՞ն իրենք քննության առարկա, թե՞ ոչ: Ամեն դեպքում, այդ տեսագրությունը կա, բոլորին հասու է, այդ թվում՝ նախաքննական մարմնին: Այդ հարցն իրենց գործողությունների շրջանակում պետք է դիտարկվի»:

Հավելենք, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած զորամիավորման պատասխանատվության գոտում եղած ՀՀ ինքնիշխան տարածք 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, նա նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր այս տարվա փետրվարին:

Ավելի ուշ 168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Ի դեպ, գեներալ Արայիկ Հարությունյանը թեև ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ, սակայն, նա Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրանք ուներ, ավելին, մեզ հասած տեղեկություններով, նույնիսկ արտահայտվել էր, թե սխալվել է Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ իր ստորագրությունը դնելով: Այս մասին, առանց անուններ տալու, խոսել էին անգամ ՔՊ-ականներից:

Ի դեպ, մայիսյան ներխուժումներից մոտ 1.5 տարի հետո Արայիկ Հարությունյանին մեղադրող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:

Տեսանյութեր

Լրահոս