Ղեկավար փաստաթղթերի համաձայն՝ Աննա Հակոբյանը հրամանատարական կետ մուտք գործելու իրավունք չունե՞ր. Ովքե՞ր ունեն դրա իրավունքը

Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վտանգավոր հայտարարություն է արել՝ պնդելով.

«44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն: Ինչի՞, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ… Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ: Ղարաբաղի նախագահի էդ համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ էդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին: Ես ոչ մի բան ինձնից չեմ հորինում: Ես Սամվել Բաբայանին էդ ժամանակ երևի առաջին անգամ եմ տեսել և ծանոթացել: Ես շատ ճիշտ եմ ասում, էն, ինչ որ տեսել եմ»:

Մայիսի 23-ին 168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ինչպես է Խաչատուր Սուքիասյանը մուտք գործել հրամանատարական կետ, երբ ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, չի ունեցել ոչ մի կարգավիճակ: Այս համատեքստում մենք խնդրել էինք մանրամասնել, թե ըստ կանոնակարգի՝ ովքե՞ր կարող են մուտք գործել հրամանատարական կետ:

Հիշեցնենք, որ որ 44-օրյա պատերազմի օրերին պատահական մի շարք անձինք են մուտք գործել հրամանատարական կետ, որի իրավունքը, թերևս, չունեին:

Կարդացեք նաև

Հունիսի 12-ին թվագրված պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է.

«Հիշատակված հայտարարության մեջ չի նշվում զինված ուժերի հրամանատարական կետ մուտք գործելու մասին, ուստի հարցադրումը ՀՀ պաշտպանության նախարարության տիրույթում չէ»:

Այսինքն, ՊՆ-ն ակնարկում է, որ ՔՊ-ական պատգամավորը կարող էր նախագահական բունկեր նկատի ունեցած լինել: Ինչևէ:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, պաշտպանական գերատեսչությունը պատասխանել է.

«Առհասարակ, ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»:

Այսինքն, բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) հրամանատարական կետում կարող էր լինել, որը ժամանակին լրատվամիջոցներում բուռն էր ընդունվել, և որի առնչությամբ ավելի ուշ՝ 2021 թվականի մարտին, «Հայկական ժամանակին» ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանել էին, որ Գալստյանն այնտեղ եղել է, քանի որ «ներկայացված նկարում քննարկման առարկա է հանդիսացել գնումների գործընթացների շրջանակներում ՀՀ զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ համապատասխան գույքի մատակարարման գործընթացը»:

Ստացվում է՝ ըստ ղեկավար փաստաթղթերի՝ Աննա Հակոբյանը հրամանատարական կետում գտնվելու իրավունք չուներ, որովհետև պաշտոնատար անձ չէ, ուստիև համապատասխան գործառույթ չի ունեցել այնտեղ գտնվելու՝ թեկուզև ժամանակավոր:

Իսկ մենք մեր հարցման միջոցով փորձել էինք նաև տեղեկություն իմանալ՝ Աշոտ Փաշինյանին զինծառայության ավարտից հետո որևէ անգամ վարժական հավաքների մասնակցության ծանուցում ուղարկվե՞լ է, թե՞ ոչ, եթե ոչ, ի՞նչ հիմնավորմամբ:

«Աշոտ Փաշինյանը 2020 թվականի 44-օրյա մասնակից է, զորացրվելուց հետո դեռևս չի կանչվել վարժական հավաքների»,- հայտնել են ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:

2020 թվականի հուլիսին զորացրված Աշոտ Փաշինյանն անմիջապես հետևել էր հոր կոչին և նույն օրը հավաքակայանից լուսանկար հրապարակել։

168.am-ը մանրամասն գրել էր, թե ով է եղել պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարը, որտեղ է եղել, երբ է վերադարձել: Նախարարությունից մեզ ասել էին, որ ռազմական դրության ժամանակ ձևավորված N զորամասի (հրամանատար՝ գնդապետ Ա. Սմբատյան) կազմով նա մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում:

Թե ե՞րբ է եղել Աշոտ Փաշինյանը Ջրականում և Կուբաթլիի ուղղություններում, որքան ժամանակով, ՊՆ-ն չէր հայտնել:

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում դարձյալ հիշել էր, թե ոնց է որդին կենդանի մնացել, երբ ընկերոջ հետ կողք կողքի իրար կպած են եղել, կարելի է ասել՝ իրար պինդ հպված, այդ տղան զոհվել է, որդին՝ ոչ: Նախախնամությո՞ւն: Իհարկե, լավ է, որ կենդանի է մնացել, որևէ մեկի զոհվելը մենք չենք ցանկանում:

Նշենք, որ Փաշինյանը 44-օրյայի ընթացքում չի վիրավորվել, իսկ պատերազմին մասնակից իր զորամասից 21 զոհ է եղել:

Ստացվում է՝ պատերազմից կամ ծառայությունն ավարտելուց 4 տարի հետո Աշոտ Փաշինյանը որևէ վարժական հավաքի չի մասնակցել՝ պաշտպանելու ՀՀ ինքնիշխան տարածքը, մինչդեռ «ադրբեջանական» Արցախի պաշտպանությանը մասնակցել է՝ շրջանցելով օրենքը: Երևի այդպես էր պետք:

Իսկ մենք Պաշտպանության նախարարությունից փորձել էինք պարզել նաև՝ արդյո՞ք ՊՆ համապատասխան ծառայությունները, հետախուզությունները 44-օրյայից առաջ տեղեկություն ունեցել են, որ ՀԱՊԿ 2 երկիր՝ ՌԴ, Բելառուս, մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը:

«Խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ վարչապետի հայտարարությունը, որից զատ այլ տեղեկություն չենք կարող հաղորդել»,- պատասխանել է ՊՆ-ն:

Ըստ էության, պաշտպանական գերատեսչությունը չի ցանկացել իր վրա վերցնել Փաշինյանի քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը, որքան էլ այսօր շրջված է դեպի Արևմուտք, ԱՄՆ և ՆԱՏՕ:

Տեսանյութեր

Լրահոս