«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել». Նիկոլ Փաշինյանի ռազմական հրապարակային հայտարարությունների հետքերով

168.am-ն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակային ելույթները, ուղերձներն ու ժողովրդին ուղղված կոչերը, առանձնացրել ենք երկրի ղեկավարի հատկապես այն հայտարարությունները, որոնցում կարելի է գտնել պետական գաղտնիքի մասին օրենքի խախտումներ:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված է՝ ռազմական բնագավառում ո՞ր տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք: Դրանք են՝

1. Ռազմական բնագավառում`

ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.

բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.

գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.

ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

2. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`

ա) Հայաստանի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալների, ինչպես նաև պետական նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին.

Եվ այսպես՝

2021, մայիսի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում՝ հեռախոսից:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

-2020, հոկտեմբերի 5, ռազմական դրություն- Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, դիմելով վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Եվ իրավիճակը վերլուծելով եկել եմ այն եզրակացության, որ այսօր մեր բանակի ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարում զորացրված մեր տղաներն են, ես ուզում եմ կոչով դիմել, որ վերջին մեկ տարում բանակից զորացրված մեր տղաները այս պահից սկսած ներկայանան կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն հայոց բանակին, զինվորագրվեն այս նոր Սարդարապատին, ես արդեն անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ։ Իհարկե, կա անվտանգության խնդիր, ես հիմա հրապարակային եմ խոսում, և հակառակորդը նույնպես տեսնում է դա․ իհարկե, դա որոշակի կազմակերպչական աշխատանքներ է պահանջում, բայց այդտեղ կկազմակերպեն, որ մեծ կուտակումներ չլինեն։ Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում մարտական ծառայություն անցկացնելու, այլ իրենք հրավիրվում են կենաց-մահու պայքարի, և ովքեր պահել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան զինվորական հագուստներով․․․ ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այդ մարդկանց խնդրում եմ, որ իրենք որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հանվաքակայան»։

Այնուհետ Փաշինյանը շարունակել էր. «Ես հավատում եմ, որ այսպիսի 10 հազար տղա կա այսօր ՀՀ-ում, և եթե նրանցից գոնե կեսը ներկայանա՝ այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:

Արդյո՞ք այստեղ չկան զորահավաքային ծավալման, զորակոչային պահեստազորի ստեղծման, նրանց պոտենցիալ թվաքանակի, ավելին, զորքերի ապահովվածության մասին տեղեկություններ: Մի՞թե ըստ այս տեղեկատվության՝ հակառակորդը պատկերացում չէր կազմելու մարդկային ռեսուրսների և թվաքանակի մասին:

Ի դեպ, այս համատեքստում հավելենք, որ 2020-ի նոյեմբերի 12-ի իր ուղերձում Փաշինյանը նշել էր, որ «ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ»: Ընդ որում, նշվում էր, թե որ պաշտպանական շրջաններն իրար հետ վերցված կստացվեր այս թիվը: Սա, ըստ էության, տեղեկություն է ՊԲ-ի թվաքակազմի մասին:

«Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի»,- մանրամասնել էր Փաշինյանը:

2020, հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ ասել է.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Այստեղ, ըստ էության, նշվել են պետական գաղտնիք հանդիսացող օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման մասին տեղեկություններ: Հարցազրույցի պահին նշված օպերացիաները դեռ ընթացքի մեջ էին և կարող էին հենց այս «արտահոսքի» պատճառով ձախողվել:

-2020, հոկտեմբերի 8, ռազմական դրություն- Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր և տալիս հարցեր, որոնց պատասխանելով՝ կարող էր ռազմական գաղտնիք բացահայտվել:

Նիկոլ Փաշինյան– 5-րդ պաշտպանական շրջա՞ն:

-Զինվոր- Այդ հարցին չեմ կարող պատասխանել:

Նիկոլ Փաշինյան– Ո՞նց է մարտական վիճակը, եղբայր:

Զինվոր– Լավ է:

Նիկոլ Փաշինյան- Դուք որտեղից եք:

Զինվոր– Շիրակի մարզ:

Նիկոլ Փաշինյան- Իսկ հիմա սենյակում, որ խոսում ենք, էլ ով կա:

Զինվոր- Չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան- Բայց կա՞ն էլի մարդիկ:

Զինվոր- Չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան- Հպարտ եմ, որ մարտական, ռազմական գաղտնիքները ճիշտ պահում եք:

Այսինքն, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այստեղ ընդունում է, որ ուղիղ եթերում, հրապարակայնորեն փորձում էր ռազմական, մարտական գաղտնիքներ «կորզել», գուցե զինվորին ստուգելու համար:

-Պատերազմից ամիսներ առաջ՝ 2020, մարտի 19-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ տեղեկություններ էր տվել պարենային ապահովվածության վերաբերյալ:

«Սննդի բավականին լավ պաշարներ ունենք. շաքարավազ` 201 օրվա, սա՝ երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս` 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ՝ իմ ձեռքի տակ տեղեկանք կա, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում` 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, և այդպես շարունակ` արևածաղկի, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ` կարտոֆիլ: Լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով` բենզինով և դիզելային վառելիքով: Եվ հիմա ներմուծվում է»,- մանրամասնել էր նա:

168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը սննդային և այլ ռեսուրսների պաշարի մասին «գաղտնազերծումները» խնդրահարույց էր համարել: 

«Երկրի սննդային և այլ ռեսուրսների պաշարը կառավարության նիստում բացահայտ հայտարարելն արդյո՞ք պետական կամ գոնե ծառայողական գաղտնիքի խախտում չէ, արդյո՞ք սրանով վտանգի տակ չի դրվում մեր անվտանգությունը, երբ, օրինակ, թշնամին ուղղակի կարող է դնել և հաշվարկել մեր ամրությունը… Իրականում պաշարված ամրոցի սկզբունքն է, երբ հակառակորդը պաշարում է մի ամրություն և նպատակ ունի այն գրավել սովի միջոցով, ամրության ղեկավարն ամեն ինչ անում է, որ պաշարողի մոտ վստահություն ստեղծվի, թե ինքը սնունդ շատ ունի, թեկուզև սնունդ մնացած է լինում շատ քիչ: Նման դեպքեր պատմության ընթացքում շատ են եղել, օրինակ, Նիկայի 978 թ. պաշարման ժամանակ»,- նշել էր փորձագետը:

Հարցին` մեր թշնամին կոնկրետ ի՞նչ քայլերի կդիմի, ռազմաքաղաքական վերլուծաբանը պատասխանել էր.

«Օրինակ՝ կուժեղացվի բլոկադան։ Սա ինչ-որ առումով տեսական վտանգ է, բայց այն կարող է նաև գործնական տեսք ստանալ, երբ, օրինակ, Թուրքիան, կոպիտ ասած, բզբզի կամ հրահրի Իրանի քրդերին և Թավրիզի կողմից փակի մեր ճանապարհը, իսկ Վրաստանում էլ հրահրի, օրինակ, Մառնեուլի թաթարներին: Ավելին, այս «գաղտնազերծումը» բանակցությունների ժամանակ նեղացնում է բանակցողի մանևրելու հնարավորությունը, վստահ տոնով խոսելու: Էրդողանը, որոշակիորեն պարզունականացված, առիթի դեպքում ասելու է` ինքդ ես ասել, որ 3 ամսվա բենզինի պաշար ունես, 2.5 ամիսն արդեն անցել է, ո՞ւմ ես խաբում, և այլն: Այս վտանգները պետք է հասկանալ»:

Ի դեպ, 2016-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հրապարակել, ըստ էության խախտելով համապատասխան օրենքի պահանջները: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով այդ ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հետաքրքրվել էր, թե արդյոք վերջին տարիներին ԶՈՒ-ում բյուջեի թերֆինանսավորում եղե՞լ է, թե՞ ոչ:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԶՈՒ զարգացման հնգամյա պլաններին, այդ պլանների իրականացումը 100 տոկոսո՞վ է եղել արդյոք»,- հարցրել էր նա:

Վիգեն Սարգսյանը վստահեցրել էր, որ ԶՈՒ-ի նկատմամբ պետական բյուջեում թերֆինանսավորում չի եղել:

«Վերջին տարիներին ՊՆ-ն բյուջե է վերադարձրել խնայված գումարներ, սա շատ հասկանալի է, քանի որ վերաբերում է գնումներին, որը կախված չէ միայն բարի կամքից, ինչպես՝ սպառազինության դեպքում: Հետևաբար, վերջին տարիներին ոչ մեծ ծավալի, բայց որոշակի վերադարձներ եղել են պետական բյուջե»,- ասել էր Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր բյուջեի նախագծի 31 հոդվածը, որտեղ նման ձևակերպում կար, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում է՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող օրենքի շրջանակներում հատուցման գումարների վճարումը, այնուհետ հավելել, որ տեղեկություններ է ստացել, որ այս նախագիծը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ գումարը մի քանի տասնյակ միլիարդ դրամներով թերֆինանսավորվել է:

«Ուզում եմ ձեզ հանգստացնել, որ վիճակը շատ ավելի լավ է, քան ձեզ պատմել են կամ զեկուցել, ի դեպ, ով պատմել կամ զեկուցել է, լուրջ սխալ է արել, քանի որ այն պետական գաղտնիք է»,- արձագանքել էր պաշտպանության նախարարի պաշտոնն այդ պահին զբաղեցնող Վիգեն Սարգսյանը:

Վերևում ներկայացված օրինակների շարքը, թերևս, կարելի է շարունակել, այդ թվում՝ իշխող կուսակցության մյուս ներկայացուցիչների, իշխանամերձ իրավապաշտպանների կողմից թույլ տված նմանօրինակ խախտումների մասով:

Պատերազմի օրերին իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գաղտնազերծել էր Նիկոլ Փաշինյանի որդու գտնվելու վայրը՝ թիրախի տակ դնելով տեղի շարքային զինվորներին, թեպետ ԱԱԾ-ն խախտում չէր գտել համապատասխան գրառման մեջ: Այստեղ, եթե ոչ պետական գաղտնիք, ապա անվտանգային լուրջ խնդիր կար:

Եթե ոչ մի խնդիր, խախտում չկա, ապա ինչո՞ւ ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանը պատերազմի ավարտից մեկ տարի հետո «տեղին չհամարեց» ասել, թե պատերազմի ժամանակ ո՞ր հատվածում են եղել։ Սա վերաբերում է նաև ուժային մյուս կառույցներին, պետական գաղտնիք չի, չէ՞…

Ժամանակին պետական գաղտնիք բացելու մեջ Վազգեն Սարգսյանը մեղադրել էր կուսակցական մամուլին, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, այլ հարց է: Ինչ կատարվեց վերջին պատերազմի ժամանակ՝ սահմանափակումներ մտցրեցին մամուլի նկատմամբ, սակայն ռազմաճակատը բացեցին օտար, որոշ դեպքերում՝ կասկածելի լրատվամիջոցների առաջ, հայրենական ռազմական գործից հեռու հասարակական գործիչների համար: Եվ բավական էին որոշ ֆեյսբուքյան գրառումներ և ուղիղ եթերներ, որպեսզի համացանցն ուշադիր զննող թշնամին մեր մասին հրաշալի պատկերացում ունենար:

Տեսանյութեր

Լրահոս