Ինչո՞ւ պատերազմի օրերին ազատեցին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետին, արդյո՞ք նույն պատճառով նաև Քյարամյանին են ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հոկտեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը 2019-2024թթ. հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր. «2019-2024թթ. բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ, ինչպես նաև՝ լրտեսության 2 դեպք»:

168.amանդրադարձել էր ԱԱԾ տնօրենի ներկայացրած այս թվային պատկերին և, մասնավորապես, հիշեցրել, որ 2023 թվականին մեր հարցմանն ի պատասխան՝ նրանք հայտնել էին, որ՝ «2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 39 քրեական վարույթ»:

Իսկ հոկտեմբերի 16-ին մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով ներկայացնել թվային այս տարբերության պատճառը:

Մոտ մեկ շաբաթ հետո ԱԱԾ-ն իր պատասխան գրության մեջ այս առնչությամբ հայտնել է.

Կարդացեք նաև

«Պետական դավաճանության և զուգորդված լրտեսության դեպքերի ու դրանց փաստով նախաձեռնված քրեական վարույթների թվային տարբերության մասով հարկ է նշել, որ ենթադրյալ հանցագործության մեկ դեպքին կարող են մասնակից լինել տարբեր անձինք, ովքեր կարող են հանդես գալ կատարողի կամ այլ հանցակիցների դերում, որոնց վերաբերյալ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ կարող են անջատվել նոր քրեական վարույթներ և տարբեր ժամանակագրությամբ հասնել նախաքննության ավարտի, ուստի հանցագործության դեպքերի և իրականացված վարույթների թվային տարբերությունը ողջամիտ է»:

Այս համատեքստում ԱԱԾ-ին խնդրել էինք ներկայացնել, թե 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Արմեն Աբազյանի ներկայացրած պետական դավաճանության 28 դեպքից քանի՞սն է առնչվում 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակահատվածին և քանի՞սը՝ դրանից առաջ և հետո: Նույնը նաև լրտեսության դեպքերի հետ կապված էինք հարցրել:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նշել են, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ պայմանավորված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այլևս նախաքննություն չի իրականացնում, այսինքն՝ հայցվող տեղեկության տրամադրումը դուրս է  իրենց լիազորությունների շրջանակից, պետք է դիմել ՀՀ քննչական կոմիտե, ինչը մենք անպայման կանենք:

168.am-ն ԱԱԾ-ին ուղարկած իր հարցման մեջ հիշեցրել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատել էին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին, և, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:

Ըստ այդմ՝ ԱԱԾ-ից փորձել ենք պարզել Լևոն Շահումյանի ազատման պատճառը, արդյո՞ք նրանք տեղյակ են դրա մասին, կամ՝ որքանո՞վ է «Հայկական ժամանակի» գրածը համապատասխանում իրականությանը, որ Շահումյանը՝ որպես ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու, թերացել է իր պարտականությունների կատարման հարցում:

Ի դեպ, մենք միաժամանակ փորձել ենք պարզել՝ ԱԱԾ-ում տեղյա՞կ են, թե ինչու 2020 թվականի հոկտեմբերի 8-ին էլ ԱԱԾ տնօրենին ազատեցին, որն այդ ժամանակ Արգիշտի Քյարամյանն էր, և որքանո՞վ իրար հետ կապ ունեն մեկ օրվա տարբերությամբ այս երկու ազատումները:

Նշենք, որ ԱԱԾ ռազմական հակահետախուզության նախկին պետ Լևոն Շահումյանի ազատման պատճառը 2023 թվականի ապրիլին ևս փորձել էինք պարզել, ուստի առիթից օգտվելով՝ ԱԱԾ-ն հղում է արել 2023 թվականի ապրիլի իրենց պատասխան գրությանը՝ համարելով, որ այդտեղ սպառիչ պատասխան են տվել նշված հարցի առնչությամբ:

Իսկ ինչ էր ասել ԱԱԾ-ն այդ ժամանակ: Ուժային կառույցից նախ հիշեցրել էին, որ օրենսդրությամբ ԱԱԾ անմիջական ղեկավարումն իրականացնում է ԱԱԾ տնօրենը, այնուհետև շարունակել, որ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Լևոն Շահումյանը ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետի իր լիազորություններն արդյունավետ չի իրականացրել:

Եվ արդյո՞ք վերը նշված պատճառները կարող են տարածվել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատված Արգիշտի Քյարամյանի վրա, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը թույլատրել է նրան առանց որևէ պաշտոնի շարունակել լինել Արցախում, իսկ հետո վստահել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը և զգալի դերակատարում ունենալ 44-օրյայի պարտության մեղավորներ գտնելու գործում:

Թե ինչ կլինի հետո և արդյո՞ք Փաշինյանը կհիշի՝ ինչի համար Քյարամյանին հեռացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից պատերազմի օրերին, ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս