Իշխանափոխությունից հետո Փաշինյանի՝ դավաճանների փնտրտուքից՝ մինչև պատերազմում պարտություն բերած «5-րդ շարասյան» բացահայտում
Մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմում պարտությունը դարձյալ գցել է բանակի կամ ռազմական ղեկավարության «գրպանը»՝ հայտարարելով. «Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»:
Ըստ էության, Փաշինյանի այս հայտարարությունն իշխանափոխությունից հետո գործողությունների տրամաբանության մեջ է:
«5-րդ շարասյան» թեմային և դրա շուրջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պարզաբանումներին կանդրադառնանք ավելի ուշ, այժմ հիշենք իշխանափոխությունից հետո և պատերազմի ընթացքում Փաշինյանի՝ «դավադրության տեսության» տրամաբանության մեջ հնչեցրած այլ հայտարարություններ:
Փաշինյանի դավադրության տեսությունը կամ դավաճանների փնտրտուքը
2019թ. փետրվարի 27-28-ին Իրան կատարած այցի ընթացքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ:
Մենք որպես ժողովուրդ՝ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է, և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողովրդի նկատմամբ»:
2019թ. մայիսի 20-ի կառավարության նիստի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել էր.
«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար: Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:
Ի դեպ, 2018-ի դեկտեմբերին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի շուրջ զարգացումների, քաղաքական հետապնդումների շրջանակում Փաշինյանը նշել էր.
«Իսկ նա ԱԱԾ-ին, ի վերջո, ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որն իր պնդմամբ՝ գործում է Հայաստանում՝ ընդդեմ Ղարաբաղի: Ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, գործել է իշխանություն՝ Արցախի դիմաց բանաձևը: Այսինքն՝ նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին դավադրություն կազմակերպելու մեջ՝ ընդդեմ Արցախի և ՀՀ-ի: Հիմա, բնականաբար, ի՞նչ պետք է անի ԱԱԾ-ն, պետք է նյութեր նախապատրաստի և պարզի, որ եթե հեղափոխությունը տեղի է ունեցել այդպես, բոլոր այդ դավադիրներին պետք է հայտնաբերի և պատասխանատվության ենթարկի, ներկայացնի մարդկանց»:
Իսկ 2019 թվականի հունիսի 5-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր՝ ովքեր են Արցախի հարցում դավադիր ուժերը:
«Դա աննախադեպ երևույթ է եղել, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, և՛ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել»,- ասել էր Փաշինյանը։
Դավաճանների փնտրտուքը Փաշինյանը շարունակեց նաև պատերազմի օրերին: Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:
Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:
Ի դեպ, այն հատվածը, թե «տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում», Փաշինյանը հետո է ավելացրել:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է՝ նշելով նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն. Մ.։
«Վերջինս սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի և Հայաստանի հանրապետություններում ռազմական դրություն էր հայտարարված, նշանակված էր ՊԲ N զորամասի գումարտակում կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն էր իրականացնում զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում։ Այդ օրը նա նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել, թե իբր ՀՀ իշխանությունները հողերը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն ունեն` կարծիք հայտնելով, որ «նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»,- նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ: Թե ինչ եղավ տվյալ անձի ճակատագիրը, հայտնի չէ:
Ի դեպ, Փաշինյանի՝ պատերազմի ժամանակ 10.000 դասալիքների մասին պնդումն Ադրբեջանի նախագահը բազմիցս օգտագործեց մեր դեմ:
168.am-ը 2022թ. օգոստոսին հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների (2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում) կամ պատերազմական քրեական գործերի շրջանակում դասալքության դրվագներով քրեական քանի գործ է հարուցվել, ինչ փուլում են դրանք, քանիսն է ուղարկվել դատարան:
Սեպտեմբերին մեզ ուղարկած պատասխանում Գլխավոր դատախազությունը նշում էր, որ 2022թ. հունիսի 1-ի դրությամբ «խնդրո առարկա ժամանակահատվածում գործող ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով հարուցվել է 214 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 59 զինծառայող, այդ թվում՝ 1 շարքային և 58 պահեստազորային»:
«Բացի այդ, ՀՀ քրեական նախկին (տվյալ ժամանակահատվածում գործող) օրենսգրքի 361-րդ հոդվածի 6-րդ մասի (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հատկանիշներով հարուցվել է 192 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 71 զինծառայող, այդ թվում՝ 2 սպա, 12 պայմանագրային, 50 շարքային և սերժանտ, 7 պահեստազորային: Նշված քրեական գործերից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 47 քրեական գործով նախաքննությունը 2022թ. հունիսի 1-ի դրությամբ շարունակվել է»,- մանրամասնել էր դատախազությունը:
Այսինքն, համատարած դասալքություն զորքում չի եղել:
Не виноватая я… հետախուզությունն է մեղավոր
2021թ. Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:
«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- մասնավորապես, 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում 44-օրյա պատերազմի մասին խոսելով՝ հայտարարել էր Փաշինյանն ու հավելել, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:
Մեր հրապարակումներում մշտապես գրել ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ՝ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:
Նախ անդրադառնանք ԱԱԾ-ին: Եթե այս կառույցն իր առաքելության մեջ թերացել է, ապա դրանում մեղքի իր բաժինն ունի նախևառաջ հենց Նիկոլ Փաշինյանը, ով ԱԱԾ-ին իշխանության եկած օրվանից «զբաղեցնում» էր ամեն ինչով, բացի անվտանգային հարցերից:
Օրինակ, ԱԱԾ–ին հանձնարարում էր գնալ ու սատանա բռնել, ԱԱԾ տնօրենին հրահանգում էր գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգել, նախկին իշխանություններին հետապնդել, իր թիմակից նախարարների ու այլ պաշտոնյաների սենյակներում ժուչոկներ դնել, ընդդիմադիր գործիչներին ապօրինի գաղտնալսել, իր անձնական անվտանգությունն ապահովել: Սա հաստատել էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը «սատանա գտնելու» փոխարեն՝ հանձնարարեր, որ ԱԱԾ-ն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, դրա դեմն առներ, այս արհավիրքը չէր լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա:
Այս համատեքստում հիշեցնենք, որ պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, պաշտոնից ազատեցին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Ընդ որում, Փաշինյանի ընտանեկան թերթն այն ներկայացրեց լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:
«Ընդդիմադիր դաշտում հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ և անհատներ այդ ազատումը որակեցին որպես վարչապետի կողմից «դավաճանների փնտրտուք»։
Թե որքանո՞վ էր այս ազատումը կապված ՀՀ-ում պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ լրտեսական գործունեություն ծավալած ցանցի հետ՝ ցույց կտա քննությունը, սակայն մի բան փաստ է՝ ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու էր անձամբ ռազմական հակահետախուզության պետը՝ Լևոն Շահումյանը:
Կարծես ամենևին էլ պատահական չէր պատերազմի օրերին վարչապետի կողմից վերջինիս պաշտոնից ազատելը, քանի որ ռազմական հակահետախուզության պետն առնվազն թերացել էր իր աշխատանքում, իսկ մնացածը, ինչպես նշեցինք, ցույց կտա գործի քննությունը»,- գրել էր Փաշինյանի ընտանեկան թերթը:
Այս ազատումից մեկ օր հետո էլ՝ հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեցին Արգիշտի Քյարամյանին: Մինչև օրս ոչ մի պատճառ չի նշվել, իսկ պատճառների վարկածները տարբեր են:
Ի դեպ, պաշտոնից ազատվելուց հետո Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին զբաղվել է դասալքությանն առնչվող դեպքերի ուսումնասիրությամբ:
Այո, երկրի հետախուզության աշխատանքը կարևորագույն դերակատարում ունի պատերազմների կանխման հարցում, բայց ինչպես ասում են՝ «ни одна разведслужба не предскажет, что сделает правительство, если оно само этого не знает»:
Ի դեպ, ավելի ուշ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի պաշտոնը վստահեցին Դավիթ Սանամյանին, ում 2022-ին գեներալի կոչում տվեցին:
Նշենք, որ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու ընթացքում, այսպես կոչված, «12 ախպերներ»-ի խմբից է եղել:
Նշենք, որ ռազմական հակահետախուզության գործառույթն ուղղված է ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների նկատմամբ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:
Արդյո՞ք Սանամյանի ղեկավարած կառույցը համաձայն է Փաշինյանի այն պնդման հետ, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում եղել է «5-րդ շարասյուն», բնական է՝ չենք լսի:
Սուրեն Պապիկյանը փորձում է փրկել Փաշինյանի «5-րդ շարասյունը»
Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունից 1 օր հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում «5-րդ շարասյան» առկայության մասին հարցին ի պատասխան՝ նախ Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է.
«Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, դա նրանից է, որ պահանջը կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության: Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։ Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի բան էլ ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի»:
Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Պապիկյանը շարունակել է, թե չի կարող խոսել «5-րդ շարասյան» առաջնորդների մասին:
«Ես չեմ կարող առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան, սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում՝ տեղեկություններ, որոնք երբեմն հօգուտ թշնամու են… Խոսքը վերաբերում է նրան, որ, օրինակ, երեկ հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում, չգիտեմ՝ որտեղ, տարբեր տեղեր է, ո՞րն է սրա նպատակը, ես ուզում եմ հասկանալ, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից, ընդ որում, կապ չունի՝ որ երկրից։ «5-րդ շարասյունը» կամ դրան աջակցողներն ի՞նչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ ընդդիմադիր չեն, սովորական քաղաքացինե՞ր են, գուցե լրագրողնե՞ր են»,- շեշտել է պաշտպանության նախարարը:
Տպավորություն է, որ Սուրեն Պապիկյանը մոռացել է, որ իրենց քաղաքական թիմից էին անընդհատ խոսում բանակում թմրամոլության աճի մասին, մասնավորապես, թե ինչպես էր Հայկ Սարգսյանն իր ներկայությամբ հայտարարում՝ «չենք խոսում՝ թուրքը չուրախանա, բայց պետք է արդեն խոսել», ինչպես էր ինքը սաստում, որ բանակի մասին բաներ կան, որոնք պետք է փակ քննարկել:
Կամ՝ Սուրեն Պապիկյանը չի՞ լսել կամ լսում իր քաղաքական առաջնորդին, որը բացեիբաց խոսել է բանակի և դիրքերի խոցելիությունից, պատերազմից առաջ, ընթացքում և հետո հրապարակավ հայտնել գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ, որի մասին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել։
Ի դեպ, հենց վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետևյալը. «Հայաստանում անխոցելի տարածք չկա, եթե մենք չունենք հակահրթիռային և ՀՕՊ հուսալի համակարգ: Այստեղ էլ հարց կա»: Այստեղ Փաշինյանը ոչ միայն թշնամուն ասում է՝ մեր տարածքները խոցելի են, այլև, ըստ էության, պատճառն է գաղտնազերծում:
Փաստերը շատ են, բայց երկու օրինակ բերենք և հարցնենք Սուրեն Պապիկյանին՝ «5-րդ շարասյա՞ն» գործ է, թե՞ դավաճանություն, երբ պատերազմի օրերին Փաշինյանը նախապես հրապարակայնացրել էր ռազմական պլանները և օպերացիաները, երբ պատերազմի թեժ ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ զանգահարում էր առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ և տալիս անթույլատրելի հարցեր, և գաղտնիքներ չբացահայտվեցին միայն զինվորների աչալրջության շնորհիվ:
Ի դեպ, հենց Սուրեն Պապիկյանի օրոք հրապարակվել են մեր ռազմական անգարների լուսանկարները, երբ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա, որ ստուգեն՝ տեղո՞ւմ են ՍՈւ-30-երը:
Սուրեն Պապիկյանը չգիտի՞, որ իշխանափոխությունից հետո տարաբնույթ բլոգերներ իշխանության հովանավորությամբ մուտք ունեցան բանակ: Չի՞ լսել այս մասին, և այսօր էլ կողմնակի անձինք մուտք ունեն:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լավ կանի սկսի այս մարդկանցից և թույլ չտա պատահական մարդկանց մուտքը բանակ այնպես, ինչպես դա եղել է պատերազմի օրերին, երբ ոչ զինվորական և պատահական մարդիկ մուտք են ունեցել հրամանատարական կետ, ինչ արգելվում է: Ի՞նչ է սա՝ եթե ոչ «5-րդ շարասյան» տիպիկ օրինակ:
Ի դեպ, 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված էր հրապարակում, որում, մասնավորապես, նշվում էր.
«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը…
Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։ Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։
Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։
Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։
Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։
Իսկ ի՞նչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:
Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսեց…