Փաշինյանի ՔՊ-ն պատերազմի ու պարտության կուսակցություն է. կբերեն, Հայաստանը կլցնեն ադրբեջանցիներով, հետո սադրանք կկազմակերպեն, ու… կխառնվի զինուժը. Կարեն Իգիթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԲՐԻԿՍ-ը ոչ արևմտյան երկրների կազմակերպություն է, և եթե այդ պետությունները դաշինք ստեղծեն, այն կլինի հակաարևմտյան։ ԲՐԻԿՍ-ի համաժողովին մասնակցում են նաև այնպիսի երկրներ, որոնք դրա անդամ չեն, օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը, թեև Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Փաշինյանը մասնակցում է, որպեսզի ինչ-որ չափով իմանա այն կարևոր որոշումների մասին, որոնք այնտեղ կայացվում են։ Գուցե նա ցանկանում է այդ հարթակն ինչ-որ ձևով օգտագործել։ Կարծում եմ՝ գնացել է, որ Կազանում հանդիպումներ ունենա։
  • Փաշինյանը չի ուզում 3+3 ձևաչափին մասնակցել։ Իսկ դա նշանակում է Ռուսաստանին ու Իրանին դուրս թողնել տարածաշրջանային բանակցություններից։
  • Կարճաժամկետ PR-ի համար կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը որևէ երկիր իր մոտ ստորագրել։ Օրինակ՝ ԱՄՆ-ին դա ձեռնտու կլինի, քանի որ վերջին տարիներին նրանք ոչ մի արտաքին քաղաքական հաջողություն չեն գրանցել։ Կնքելուց հետո դրա մասին կմոռանան։ Ալիևին և Փաշինյանին ԱՄՆ նախագահ Բայդենի գրած նամակները ներքին քաղաքական նպատակներ են հետապնդում՝ ԱՄՆ-ում կայանալիք առաջիկա ընտրությունների համատեքստում։ Թրամփի այսօրվա հայտարարությունն Արցախի ու քրիստոնյաներին պաշտպանելու մասին՝ նույնպես հենց այդ նպատակն է հետապնդում։ Իսկ Թրամփն ի՞նչ արեց, երբ 2020թ․Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա․․․ Ոչի՛նչ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այսօր առաջին անգամ անդրադարձել է Արցախի և արցախահայության հարցին՝ կիրառելով Արցախ անվանումը։ Իր X-ի էջում նա մասնավորապես նշել է. 

Կարդացեք նաև

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

  • Փոքր ազգի կոմպլեքս է աշխարհի գերտերությունների առաջնորդների իբր հայանպաստ հայտարարությունները, օրինակ, Ցեղասպանության ճանաչման կամ Արցախի մասին, մեծ ոգևորությամբ ընդունելը և սպասումներ ունենալը:

  • Հենց Թրամփի ժամանակ Հայաստանում 2018 թվականին հեղափոխություն եղավ, Թրամփի ժամանակ նրա օգնական Բոլթոնը եկավ Հայաստան, զգուշացրեց ու պահանջեց, որ Հայաստանն Իրանի հետ սահման չունենա, ասաց, որ Հայաստանը պիտի ազատվի պատմական կաղապարներից, ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նմանեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը։ Սա մեծ խաղ է, ու մենք այդ խաղի մաս չենք։ Վտանգ կա, որ Թրամփի օրոք հակաիրանական ճնշումը կավելանա, ու Զանգեզուրի միջանցքը կիրականանա ամենավատ սցենարով։
  • Կարծում եմ՝ ԱՄՆ-ին այստեղ պետք չէ նոր ագրեսիա։ ԱՄՆ-ին պետք է Միջին միջանցք, որով Միջին Ասիայի ռեսուրսներն Ադրբեջանի տարածքով կգնան Եվրոպա։ Երկրորդը, պետք է, որ Իրանն ու Ռուսաստանն ազդեցություն չունենան տարածաշրջանում։ Դրա համար պետք է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, իսկ թե դրա համար պետք կլինի տալ Տավուշի կամ այլ գյուղերը, դա ԱՄՆ-ին առհասարակ չի հետաքրքրում։
  • Կադաստրի թուղթը բոլոր երկրները ստանում են պատերազմի արդյունքում։ Այդպես ենք մենք ստացել Սյունիքը։ Նախիջևանը մերը չդարձավ, որովհետև դրա համար մենք ժամանակին չպայքարեցինք։ Երբ Փաշինյանն ասում է՝ կադաստրի թղթով անվտանգություն կստանանք, խաբում է։ Անվտանգություն ստանում են բանակով։
  • Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում էր իշխանությունից, ասաց՝ իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը։ Դա նրանք վերագրում էին թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, բայց նրանց կառավարման 20 տարիների ընթացում, բացառությամբ Ապրիլյան քառօրյա պատերազմի, որևէ պատերազմ չեղավ։ Իսկ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը պարտություն կրեց, չկարողացավ հասնել իր նպատակներին: Այսինքն՝ նրանք պատերազմի կուսակցություն չէին։ Տեսեք՝ ինչ է տեղի ունենում Փաշինյանի իշխանության ժամանակ, 2020թ.-ից մինչ այսօր ամեն տարի՝ զոհեր ու տարածքային կորուստներ։ Ու իրենք ասում են՝ մենք խաղաղության կուսակցություն ենք։ Ընդ որում, կարևոր է նշել, որ Փաշինյանի օրոք ոչ միայն պատերազմներ են եղել, այլև պարտություններ։ ՔՊ-ն պատերազմի ու պարտության կուսակցություն է։
  • Փաշինյանը բազմիցս հանդիպում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի, այլ պաշտոնյաների հետ։ Դա նորմալ կլիներ, եթե ամեն նման հանդիպումից հետո այս իշխանության վերնախավից չհնչեին հակառուսական արտահայտություններ։
  • Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Եվրոպայում ձերբակալեին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին, ինչպես արեց Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքում ի՞նչ կկատարվեր։
  • Փաշինյանը փորձեց փոխել ռազմավարական վեկտորը, գնաց Արևմուտք, հանձնեց ամեն ինչ, Արցախը, իսկ հիմա փորձում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։

  • Ռուսաստանի հետ համագործակցելը ձեռնտու է։ Բոլոր երկրները հասկանում են, որ քանի դեռ Ռուսաստանը սանկցիաների տակ է, նրա օգնությամբ կարելի է լավ փող աշխատել, ինչպես անում են Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, այլ երկրներ: Հայաստանի տնտեսության մեջ մեծ անկում է սպասվում, եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, ու Ռուսաստանի վրայից հանեն արևմտյան պատժամիջոցները։
  • Չեմ կարծում, որ Իրանը ձեռքերը լվացել է Հայաստանից, որովհետև Իրանը չի ուզում, որ իր հյուսիսում թուրքական սահման ունենա։ Այս առումով Իրանի շահերը չեն փոխվել։ Հայաստանով այլընտրանքային ճանապարհը, ինչպես իրենց նախագահն ասաց, Իրանի թոքերն են։ 
  • Ռուսաստանի ընկալումը Իրանում մինչև 2022թ․զգուշավոր էր, բայց ռուս-ուկրաինական պատերազմը փոխել է իրավիճակը։ Հիմա կարող են նաև դաշնակից դառնալ։
  • Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից։ Իրանը կարող է տեղապահի ֆունկցիա կատարել, մինչև Ռուսաստանն իր հարցերը Ուկրաինայում լուծի, բայց դրա դիմաց ինչ-որ բան պետք է ստանա։ Շատ կետեր կան, որտեղ Ռուսաստանն ու Իրանը կարող են միմյանց շահերը մոտեցնել։
  • Վրաստանի դոկտրինալ փաստաթղթերում ամրագրված է ԵՄ անդամակցությունը, ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։ Վրաստանի իշխանությունը՝ «Վրացական երազանքը», ասում է՝ մեզ մոտ բան չի փոխվել, բայց Արևմուտքին նաև զգուշացնում է՝ դուք չպե՛տք է մեզ դրդեք պայքարել Ռուսաստանի դեմ, ներքաշել պատերազմների մեջ ու քանդել մեր պետությունը։ 
  • Իրանի դերն աճում է տարածաշրջանում, ու այդ առումով Վրաստանի վարչապետի այցը Իրան ընտրությունների նախաշեմին կարևոր էր։ Իրականում շատ կարևոր է՝ որ ուժը կհաղթի Վրաստանում։ Ենթադրում եմ, կհաղթի իշխող կուսակցությունը։ Ամենակարևոր բանը, որ ունի Բիձինա Իվանիշվիլին, վճռականությունն է։ Եթե իշխանության մնա նրա կուսակցությունը, ու իշխանությունն ընդդիմության դեմ ուժ կիրառի, Արևմուտքը, հնարավոր է՝ պատժամիջոցներ կիրառի։ Այդ ժամանակ արևմտյան ռեսուրսները Վրաստանից կգան Հայաստան, և Հայաստանի դերը Արևմուտքի համար կմեծանա։ Եթե կորցնեն Վրաստանը, իսկ Ալիևը ինքնուրույն խաղացող է, Արևմուտքին ձեռնտու կլինի Հայաստանը սարքել արևմտյան բաստիոն։ Բայց Արևմուտքում շատ պրակտիկ են։ Նրանք կարճաժամկետ չեն գործում ու կփորձեն կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ։
  • Հնդկաստանի համար Թուրքիան երևի թե ավելի շատ Պակիստանի դաշնակիցն է։ Եվ թերևս դրանով է պայմանավորված, որ Հնդկաստանը վետո է դրել ԲՐԻԿՍ–ին Թուրքիայի անդամակցության վրա։
  • Օսերն ու աբխազները շատ լավ հիշում են, որ իրենց պրոբլեմները վրացիների հետ չեն սկսվել Սահակաշվիլու օրոք, ու իրենց հետ վրացական բոլոր իշխանությունները նույն կերպ են վարվել։ Եվ եթե նորից խոսակցություն լինի Օսիայի և Աբխազիայի՝ Վրաստանի կազմում ընդգրկվելու մասին, ապա միանշանակ է, որ դա կարող է լինել միայն այդ երկու պետությունների՝ ավելի բարձր կարգավիճակի դեպքում։ 
  • Իսրայելն ուզում է սադրել Իրանին, որ Իրանն այնպիսի հարված հասցնի, որ ցույց տա նրա «բարբարոսությունը»։ Ու այդ ժամանակ Իսրայելը կասի՝ տեսա՞ք՝ ինչ սադիստ են, ու Նաթանյահուն կփորձի իր շուրջը հակաիրանական կոալիցիա կազմել։ Բայց Իրանը այդ սադրանքին չի գնում, նման հարվածներ չի հասցնում։ Իրանը շատ լուրջ հարվածներ է հասցրել հետախուզական կառույցներին ու Իսրայելի օդուժին։ Սա կարևոր է։ Իրանի հրթիռները տեղ են հասել։ Իրանն ունի գերձայնային հրթիռներ, տեխնիկապես շատ առաջ է գնացել։ Այո, Իսրայելի հակաօդային պաշտպանությունը շատ ուժեղ է, կարողացավ դիմակայել Իրանի հարվածներին մասամբ, բայց ոչ միայնակ, այլ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի օգնությամբ։ Իսրայելի դաշնակիցների թիվը նվազում է։ Այո՛, Իսրայելը վերացրել է Հեզբոլլահի հրամանատարական կազմը, բայց դրանով նա իր նպատակներին չի հասել։

  • Եթե երկրի ղեկավարութունը վճռականություն չունի պաշտպանել իր երկրի շահերը, դրանք երբեք չեն պաշտպանվելու։ Փաշինյանի համար բանակն անվտանգության երաշխիք չէ, այն դեպքում, երբ բոլոր երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, զարգացնում են իրենց բանակները, մեծացնում ռազմական ծախսերը, հզորությունները։ Բանակը գործիք է, ու եթե Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է այդ գործիքից, նա վտանգավոր է Հայաստանի համար։
  • Ալեն Սիմոնյանի ասածը ՄԱԿ-ի 4 բանաձևերի մասին բացարձակ սուտ է։ Բոլոր այդ բանաձևերի հիմքում Ադրբեջանին ուղղված կրակի դադարեցման պահանջն էր դրված, որը չի արվել։ Դա է պատճառը, որ այդ բանաձևերը ուժ չունեցան, ու այլ բանաձևեր չընդունվեցին։ Ադրբեջանը չի դադարեցրել կրակը, Հայաստանն էլ դուրս չի եկել բոլոր այն տարածքներից, որի մասին նշված է ՄԱԿ-ի՝ նշված բանաձևերում։ Ալիևի՝ Ղարաբաղի տիրակալը լինելու իրավունքը ոչ ոք չէր ճանաչում, դրա համար էր Ալիևն ասում, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ 
  • Եթե մեծ փաթեթ լինի, որտեղ Մինսկի խումբը փակելու մասին կետ լինի, կարծում եմ, Փաշինյանը կգնա դրան։ 
  • Թուրքիան խառնվում է այնտեղ, որտեղ կա թուրքական բնակչություն։ Դրա համար է Ադրբեջանն ուզում Խաղաղության պայմանագրում ամրագրել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Կբերեն, կլցնեն իրենց բնակչությանը, հետո սադրանք կկազմակերպեն, ու այդտեղ կխառնվի զինուժը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս