Եվրոպական շուկայի նվաճման միֆը․ Ինչ է թաքցնում Էկոնոմիկայի նախարարությունը
Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների սրացումը Նիկոլ Փաշինյանը համարում է հնարավորություն՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի համար։ Այդ ֆոնին էկոնոմիկայի նախարարը փորձում է տպավորություն ստեղծել, թե հայկական ապրանքները ռուսականից վերաուղղորդվում են այլ երկրներ և առաջին հերթին՝ եվրոպական շուկաներ։ Որպես դրա հիմնավորում՝ Գևորգ Պապոյանը պարբերաբար Հայաստանից ԵՄ արտահանման այս տարի արձանագրվող բարձր աճերն է վկայակոչում։
Բայց խուսափում է ասել, թե դա հատկապես ո՞ր ապրանքների և ո՞ր երկրների հաշվին է տեղի ունեցել։ Հակառակ դեպքում կպարզվի, որ այդ աճերը եվրոպական շուկաներում հայկական ապրանքների առաջմղման, առավել ևս՝ տնտեսության ու արտահանման իրական դիվերսիֆիկացիայի հետ աղերս չունեն։
Հայաստանից ԵՄ արտահանումն այս տարի իսկապես բարձր տեմպերով աճել է։ Տարեսկզբի առաջին 7 ամիսներին աճը կազմել է 70 տոկոս։
Վեց ամիսների տվյալներով՝ նույնիսկ ավելի բարձր էր, հասնում էր 80 տոկոսի։ Հուլիսին աճի տեմպը շուրջ 10 տոկոսային կետով նվազել է, բայց էլի շարունակել է մնալ բարձր։
Ընդհանուր առմամբ՝ հունվար-հուլիսին Հայաստանից ԵՄ երկրներ է արտահանվել 591 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարի զգալիորեն ավելի քիչ էր՝ կազմել էր 346 մլն դոլար։ Ավելացել է 245 մլն դոլարով, ինչն իսկապես մեծ տարբերություն է։
Այդ տարբերությունն է, որի վրա էկոնոմիկայի նախարարը փորձում է կառուցել հայկական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացիայի և եվրոպական շուկաներում արագորեն տեղավորվելու միֆը։ Խնդիրն այն է, որ արձանագրված աճը գրեթե ամբողջությամբ տեղի է ունեցել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման հաշվին։ Այդ ապրանքների արտահանումն էլ բաժին է ընկել Եվրամիության անդամ հիմնականում 2 երկրների՝ Բուլղարիային և Բելգիային։
Հիմա տեսեք, թե ի՞նչ է կատարվել այդ երկրներ արտահանումների առումով։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից Բուլղարիա արտահանումը տպավորիչ աճ է գրանցել։ Եթե անցած տարի արտահանվել էր ընդամենը 31 մլն դոլարի, այս տարի արտահանվել է 181 միլիոնի ապրանք։
Արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5.7 անգամով։
Շատերին այսպիսի կտրուկ աճը կարող է նույնիսկ անհավանական թվալ ու տպավորություն թողնել, թե հայկական ապրանքները մի հրաշքով սկսել են ողողել բուլղարական շուկան։
Սակայն պարզվում է, ոչ մի հրաշք էլ տեղի չի ունել։ Բուլղարիա հայկական ապրանքների արտահանման տեսականին չի էլ փոխվել։ Առաջվա նման Հայաստանը Բուլղարիա է արտահանում գերազանցապես պղնձի խտանյութ։ Տարեսկզբի առաջին 7 ամիսներին արձանագրված 181 մլն դոլարի արտահանումը գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում այդ մեկ ապրանքատեսակին։
Այլ ապրանքներ Հայաստանից Բուլղարիա հիմնականում չի արտահանվել, բայց արտահանումը 5.7 անգամով ավելացել է։ Այսինքն՝ դա տեղի է ունեցել պղնձի խտանյութի արտահանման ծավալների ավելացման, նաև թանկացման հաշվին։ Դրա արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Բուլղարիա արտահանումը Հայաստանից ավելացել է 150 մլն դոլարով։
Այստեղ արժե հիշել, որ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից ԵՄ արտահանումն ավելացել է 245 մլն դոլարով։ Դրանից 150 միլիոնը բաժին է ընկել միայն Բուլղարիա պղնձի խտանյութի արտահանմանը։
Մնացած 95 միլիոնի մեջ մեծ դերակատարություն է ունեցել մոլիբդենը, որն էլ արտահանվել է հիմնականում Բելգիա։ Բելգիա արտահանումը Հայաստանից այս տարի գրեթե կրկնապատկվել է։ Եթե անցած տարի կազմել էր 71 միլիոն, այս տարի հասել է 135 մլն դոլարի։ Ավելացել է 64 մլն դոլարով՝ գերազանցապես մոլիբդենի խտանյութի հաշվին։
Եթե հանում ենք պղնձի ու մոլիբդենի խտանյութերի ազդեցությունը ԵՄ Հայաստանից իրականացված արտահանումների աճերի վրա, տակը մնում է ընդամենը 30-35 մլն դոլար։ Հայաստանից ԵՄ իրականացված արտահանումների մեջ մյուս բոլոր ապրանքների բաժինն ավելացել է հենց այդքանով։
Սա է այն ամբողջը, որն իշխանությունները թաքցնում են ԵՄ արտահանման արտաքուստ արձանագրվող բարձր աճերի տակ ու մատուցում հասարակությանը՝ որպես մեծագույն ձեռքբերում։
Այդ աճերն առավելապես հումքային ապրանքների հաշվին են, որոնք, ի տարբերություն բազմաթիվ այլ հայկական ապրանքների, եվրոպական շուկաներում իրացման խնդիրներ չունեն։ Դրանք միշտ էլ եղել են բարձր իրացվելի ապրանքներ։ Հենց այդ ապրանքների արտահանման ծավալների ավելացումն ու թանկացումն է, որ հանգեցրել է Հայաստանից ԵՄ արտահանման բարձր աճերի։ Բայց դա իշխանություններին հայկական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացիայի, առավել ևս՝ եվրոպական շուկաները նվաճելու մասին խոսելու առիթ չի տալիս։ Այսպիսի դիվերսիֆիկացիաներից Հայաստանի տնտեսությունը գրեթե ոչինչ չի շահում։
Զարմանալի չէ, որ այս տարի նկատելի է Հայաստանից բազմաթիվ ապրանքների արտահանման ծավալների անկում, երբեմն՝ բավական կտրուկ։ Բայց դա կապված չէ միայն այն ապրանքների հետ, որոնց նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ են մտցվել։ Այդ սահմանափակումներն ազդել են բուսական ու կենդանական ծագման ապրանքների արտահանումների վրա, որոնք նվազել են մի դեպքում՝ շուրջ 32, մյուս դեպքում՝ 12.3 տոկոսով, բայց չէին կարող ազդել մյուսների վրա։
Պաշտոնական տվյալներով, այս տարի նվազել է Հայաստանից մանածագործական իրերի արտահանումը։ Այդ ապրանքների արտահանումը ռուսական շուկայի սահմանափակումների տակ չէ, բայց էլի նվազել է։ Անցած տարի արտահանվել էր 185 մլն դոլարի, այս տարի արտահանվել է 179 միլիոնի այդպիսի արտադրանք։
Կտրուկ կրճատվել է կոշկեղենի արտահանումը, որն էլի սահմանափակումների տակ չէ։ Անկումը հասնում է 45 տոկոսի։ Նախորդ տարի եղել էր 46 միլիոնի, այս տարի դարձել է 25 միլիոնի. 21 միլիոնով պակասել է։
Կաշվե, փայտե, թղթե, պլաստմասսե իրերի արտահանումն էլ է նվազել։
Նվազել է նաև մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների արտահանումը։
Կտրուկ անկում է տեղի ունեցել թանկարժեք քարերի և մետաղների արտահանման առումով։ Անկումը հասնում է գրեթե 55 տոկոսի։
Այս անկումների ֆոնին շեշտակի աճել է հումքային ապրանքների արտահանումը՝ 7 ամսում 478 մլն դոլարով։ Հենց դա էլ հանգեցրել է ԵՄ երկրներ Հայաստանից իրականացվող մատակարարումների ավելացմանը՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական ապրանքները ռուսական շուկան փոխարինել են եվրոպականով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ


