«Իրական Հայաստանը» պարտության արդարացում է. չի կարելի ժողովրդին զրկել երազանքներից, դա շատ տխուր հետևանքներ կունենա. Սերոբ Խաչատրյան

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին, կրթության ոլորտի հարցերը ձեռք են բերում առանձնահատուկ պետական և ռազմավարական նշանակություն։ Իրական անկախությունն ու ինքնիշխանությունն անխզելիորեն կապված են նաև հարցի հետ, թե ինչպիսի սերունդ է կրթվում մեր դպրոցներում և բուհերում։

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի ընթացքում այս հարցերի շուրջ զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Հարցազրույցի ընթացքում Սերոբ Խաչատրյանի մի քանի արձանագրումներ՝ ստորև

Կարդացեք նաև

  • Երիտասարդության, թերևս, գլխավոր խնդիրը համակարգի «զոհ» լինելն է, իսկ համակարգն այն է, որ այսօր աշխարհում մեծ պայքար է մղվում մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Իսկ ուշադրությունը սովորելու համար անհրաժեշտ գլխավոր ռեսուրսն է։ Բայց մյուս կողմից՝ այսօր երիտասարդների ուշադրությունը գողացված է, գրավված այլ տարբեր թվային տեխնոլոգիաներով՝ սոցիալական ցանցեր, խաղային ինդուստրիաներ։

Ու սա է պատճառը, որ երիտասարդությունը սկսել է ավելի վատ նկատել իրեն շրջապատող աշխարհը։ Այսինքն` մարդիկ ավելի շատ կենտրոնանում են իրենց ես-ի վրա, էկրանների վրա, մարդիկ սկսում են սիրել առարկաները, օգտագործել մարդկանց և երկրպագել իրենց՝ ինչպես ասում էր փիլիսոփա Արթուր Բրուքսը։

Ու երբ մենք նայում ենք միջազգային ստուգատեսները՝ վերջին 20 տարիներին գլոբալ կտրուկ անկում կա և՛ մաթեմատիկայից, և՛ բնագիտությունից, և՛ ընթերցանությունից։ Այդ կորը, որ նայում ենք, 2002 թվականից սկսած՝ շեշտակի անկում ունի։

  • PISA-ում Հայաստանի ձախողման 3 գործոն փորձեմ նշել՝ 1-ինն այն է, որ դասավանդման այն լեզուն, այն մոտեցումները, որոնք այսօր մենք դպրոցներում կիրառում ենք երեխաների համար, հասկանալի չեն։ Թվային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում երեխաներն ուրիշ տեսակի դասավանդում են ուզում․ այն ավանդական դասավանդումը, երբ դու ինչ-որ փաստեր ես ասում, գիտական փաստեր ես պատմում և այլն, երեխաների համար գրավիչ չէ։

Հայաստանի կրթությունն այսօր Բաբելոնյան աշտարակաշինության պես մի բան է․ ուսուցիչները մի լեզվով են խոսում, կառավարիչները` ուրիշ, երեխաները` այլ,  ծնողները՝ մեկ այլ, ու ոչ ոք ոչ ոքի չի հասկանում, դրա համար մեկը մյուսի վրա են գցում մեղքը։

2-րդը կառավարման խնդիրներն են․ Հայաստանում տարիներ շարունակ, 2023 թվականից սկսած՝ տասնյակ դպրոցներ տարիներով մնում են առանց տնօրեն։ Սա նույնպես չի կարող չազդել որակի վրա։ Երկու-երեք տարի տնօրեն չունեցող դպրոցը ներսում չի կարող արդյունավետ գործել։

3-րդ գործոնը, իմ կարծիքով, դասագրքային անորոշություններն են, որ Հայաստանում կան։ Մենք արդեն 3 տարի է` 10-րդ դասարանում չունենք Հայոց պատմության դասագիրք։ Այս պահի դրությամբ՝ 10, 11, 12-րդ դասարաններում չկա։ Դասագրքերը գրվել են ոտքի վրա, հապշտապ, բազմաթիվ սխալներով, տարբեր ոճերով։

  • «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» և այսօրվա «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսներն անհամեմատելի են։ Առաջինը կարգախոս է, որ ես կուզենայի՝ այսօր էլ լիներ մեր դպրոցների ճակատին, որովհետև դա առաջին հայատառ նախադասությունն է և շատ իմաստուն։

 

Երկրորդն ինչո՞վ է վտանգավոր, որ նախ՝ այն չի համապատասխանում իրականությանը։ Այժմ, օրինակ, երբ աշխատավարձեր են բարձրացնում, նայում ենք՝ այդ մարդը, որ բարձր աշխատավարձ պիտի ստանա, լա՞վ է սովորել, Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը շուտով կդառնա 1.5 միլիոն դրամ։ Մենք տեղյա՞կ ենք՝ այդ պատգամավորներից քանի՞սն են դպրոցում ու բուհում լավ սովորել։ Եթե դու, առանց իր կրթությունը նայելու, աշխատավարձը բարձրացնում ես, նշանակում է՝ դու քո կարգախոսը խախտում ես։ 

Բացի այդ՝ երեխաներն էլ շատ լավ տեսնում են, չէ՞, որ մարդիկ, որոնք լավ են սովորել և դպրոցում աշխատում են ուսուցիչ` 100.000 դրամ աշխատավարձով, դասախոս`200.000 դրամ աշխատավարձով, և պատգամավոր, որը կստանա մեկուկես միլիոն, բայց, ասենք, նորմալ հայերեն արտահայտվել չգիտի։

  • Ինձ համար դեռ պարզ էլ չէ` ի՞նչ է այս իշխանությունների քարոզած «Իրական Հայաստանը»։ Ինձ համար հետևություն եմ անում, որ «Իրական Հայաստանը» Հայաստանի Հանրապետությունն է, և մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք… չգիտեմ՝ ինչ-որ արհեստական մի բան է, այսինքն` պարզ չէ` դա ինչ է։ Պետք չէ ժողովրդին զրկել երազանքներից, որովհետև դա շատ տխուր հետևանքներ կարող է ունենալ, և հետո՝ եթե մենք մեր կրթական ծրագրերում գրել ենք, որ պետք է խրախուսենք ինքնուրույն մտածողությունը, քննադատական մտածողությունը, ապա՝ ենթադրենք՝ մի աշակերտ դասարանում ինչ-որ միտք է ասում, որն «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությանը հակասում է, հիմա ի՞նչ պիտի անենք այդ աշակերտին։ Ու ասեմ, որ երեխաներն ասում են, որովհետև ինչքան էլ մենք փորձենք ինչ-ինչ սահմանափակումներ դնել, այդպես հեշտ չէ։

Ես այդ «Իրական Հայաստանն» ավելի շատ կկոչեի պարտության արդարացում։ Այսինքն` այդ գաղափարախոսության հիմքն այն է, որ մենք հիմա պարտվել ենք և պետք է  արդարացնենք մեր պարտությունը`ասելով, որ մենք պարտվել ենք ոչ թե այն պատճառով, որ թույլ ենք եղել, այլ՝ որովհետև մեզ ինչ-ինչ գերտերություններ ինչ-որ  խնդիրներ են պարտադրել, մեզ գցել են ծուղակներ, և հիմա մենք ազատվել ենք էդ ծուղակներից։ Այսինքն` ստացվում է, որ լավ է, որ պարտվել ենք, որովհետև ազատ դարձանք, ինքնիշխան դարձանք։ 

Հիմա իրենք պետք է դա փորձեն ներդնել դպրոցներում, բայց միշտ պետք է հաշվի առնել, որ աշխարհի ցանկացած երկրում դպրոցները միշտ ունենում են նաև իրենց ներքին գաղափարախոսությունը, որը ձևավորվում է տասնամյակներ շարունակ։ Այսինքն` դպրոցը՝ որպես ինստիտուտ, բացահայտ չի ընդդիմանալու վարչապետին կամ նախարարին, բայց քողարկված ձևով ներքին լուռ դիմադրություն միշտ լինելու է, և շատ կառավարությունների ամենամեծ սխալն այն է, որ իրենք այդ լուռ դիմադրության գործոնն անտեսում են։

  • Իսկ ո՞վ ասաց, որ ատեստավորումն ուսուցչի մակարդակը որոշելու միակ և լավագույն ձևն է։ Ո՞վ ասաց, որ այն թեստերը, որոնք լրացնում են ուսուցիչները, որոշում է նրանց ուժեղ ուսուցիչ լինելը կամ մանկավարժ լինելը։ Ուսուցիչ լինելու համար կա 150 չափորոշիչ մենք 1-ով ենք գնահատում, իսկ եթե այդ մարդը մնացած 149-ով թույլ եղա՞վ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930