Հայրենիքը սկսվում է և ավարտվում է հողով, իսկ էդ մարդը մեր երկրի անհողինն է․ Լևոն Ջավախյան
Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Անկախության տոնը՝ 35-րդ տարեդարձը․ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Հրապարակախոս, արձակագիր Լևոն Ջավախյանը կարծում է՝ այս տոնը տոն կլինի «Նիկոլի բացակայության հանգամանքներում»։
«Քանի էս մարդն իշխանություն է, գոնե իմ սրտում ուրախություն չի լինի, որովհետև պատառ-պատառ մեր հողը տրվում է թշնամուն, իսկ հայրենիքը նախ և առաջ հող է։ Մարդը հողից գալիս՝ դեպի հող է գնում․ իմ պատմվածքում մի տող ունեմ, որ՝ ես երկրի համար ոչինչ, ոչինչ էլ չանեմ, կմեռնեմ, մի բուռ հող կդառնամ, մի բուռ հողով իմ երկիրը կավելացնեմ, իսկ սա անընդհատ պակասեցնում է շագրենի կաշվի նման»,- հավելեց արձակագիրը։
Լևոն Ջավախյանը ցավով հիշեց ու հիշեցրեց, որ օրեր անց Արցախյան պատերազմի հերթական տարելիցն է։
«Մի երկիր, որը Անկախության տոն է անում պատերազմի նախաշեմին, երբ Արցախը կորցրինք․․․ մեր սերունդների ճակատին պիտի գրվի որպես խարան, որ էս տականքների օրոք Ղարաբաղը հայազրկվեց։ Նաև ես եմ տականքը, որ հանդուրժեցինք հայրենիքի կորուստը։ Հայրենիքը սկսվում է հողով և հայրենիքը ավարտվում է հողով, իսկ էդ մարդը մեր երկրի անհողինն է, մեր դժգունությունն ու դժբախտությունը․․․ Շուշին չէր դժբախտ ու դժգույն քաղաքը։
Սա անկախության տոն է իշխանավորների համար, որ աթոռ ունեն, իսկ ինձ համար սուգ է, որ ես վախ ունեմ՝ վաղը հայրենիք չեմ ունենա»,- ամփոփեց մտավորականը։

