Հերի՛ք է քննարկեք՝ նախկինները, սրանք-նրանք, դա հորինել են թուրքերը. օփիումային պատերազմ է, որ քննարկեք ամեն ինչ, բացի իրական 3 սպառնալիքներից` Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի դե ֆակտո իշխանություն. Վարուժան Գեղամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հերթական անգամ ապացուցվում է, որ բանակցային գործընթաց չկա․ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների առաջ Էրդողանի և Ալիևի կողմից դրված է պահանջների ցանկ, որոնք հերթով իրագործվում են։ Արտաքին քաղաքականություն իսպառ գոյություն չունի։ Կառավարությունն արտաքին սպառնալիքները չեզոքացնելու ոչ մի գործուն քայլ չի կարողանում անել։
- Արդեն 3 տարի մենք բարձրաձայնում ենք, որ Ադրբեջանը պահանջ է դնելու լուծարել հայկական բանակը։ Հիմա Ադրբեջանը ներկայացնում է այդ պահանջը, պահանջում է ապառազմականացնել երկիրը։
- Սրանից հետո ՀՀ ցանկացած քաղաքացի, արական սեռի ներկայացուցիչ, ով երբևէ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, կապ է ունեցել բանակի հետ, դառնալու է Ադրբեջանի կողմից հետապնդման թիրախ։ ՀՀ գործող իշխանությունն Ադրբեջանին այդ լեգիտիմ իրավունքը տվել է։ ՀՀ արական սեռի ցանկացած քաղաքացի այսուհետ կարող է ձերբակալվել բոլոր այն երկրներում, ուր կհասնի Ադրբեջանի ձեռքը, և սա հեռու ապագայի հարց չէ։ Եթե արցախցիների ձեռքին չլինի այլ փաստաթուղթ, նրանք կձերբակալվեն ամենուր։
- Եթե Հայաստանի իշխանությունն ընդունում է, որ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, ցանկացած ոք Ադրբեջանի համար կարող է դառնալ ձերբակալման լեգիտիմ թիրախ։ Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի օկուպացիա։ Օկուպացիան պոզով-պոչով չի լինում։
- Ես ունեմ վատ կանխատեսում. գրեթե վստահ եմ, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունների հետ «բանակցվող» թղթում չհամաձայնեցված կետերից մեկն առնչվում է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» ու դրա «մեղավորներին» պատժելու հետ, և ոչ միայն այդ, այլև մնացած բոլոր «հանցագործությունների» և «հանցագործների» դեպքում։ Ցանկացած պաշտոնյա, ով կոնկրետ թվականներին աշխատել է պետական համակարգում, Ադրբեջանի համար դառնալու է հետապնդման թիրախ։
- Կարելի է ծանր բանակցություն ունենալ, բայց ստորանալ այնչափ, ինչպես Փաշինյանն Էրդողանի առաջ ստորացավ, պարզապես հնարավոր չէ։ Դա կոլեկտիվ ստորացման արար էր։ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին թուրքական մեդիաներում գրեթե ոչինչ չկար, միայն ասվում էր, որ հանդիպումը տեղի է ունենալու Թուրքական տանը։ Հանդիպումից հետո թուրք լրագրողների հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք Զանգեզուրի միջանցքի հարցը, Էրդողանը խուսափել է կոնկրետ պատասխանել, սակայն ես վստահ եմ, որ բանակցվող հարցերից մեկը եղել է Զանգեզուրի միջանցքի հարցը։ Հայաստանն ու Թուրքիան այլ օրակարգ չունեն՝ համաձայնե՛ք Ադրբեջանի փաթեթին ու տվե՛ք Զանգեզուրի միջանցքը։
- Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի նպատակն է՝ սկսած Օսմանյան կայսրության վերջին շրջանից։ Միշտ ուզել են, չի՛ ստացվել։ Հիմա Թուրքիան համարում է, որ ամենահարմար ժամանակն է այն ստանալու։ Չինաստանի սահմաններից մինչև առնվազն Բալկաններ թյուրքախոս ժողովուրդներին միավորելու գաղափարը բացառապես թուրքական գաղափար է։ Արցախի գրավումից հետո այդ Միջանցքի իրագործմանը խանգարում է 42 կիլոմետրանոց փոքր Սյունիքը։ Ու գալ, ասել, որ դրանում շահագրգիռ են այլ պետություններ, ինչպես պնդում են իշխանական և մերձիշխանական քարոզիչները, անհավանական սուտ է։
- Էս քաղաքականության վերջը մեր վերջանալն է, չկա ուրիշ քաղաքականություն։
- Մենք Հայաստանում այսօր ունենք մի իշխանություն, որը չի պատասխանում թուրք-ադրբեջանական սպառնալիքներին, բայց հետապնդում է բոլոր նրանց, ովքեր երկրի ներսում անգամ կառուցողական քննադատությամբ են հանդես գալիս իրենց նկատմամբ։
- Էրդողանի գիրքը գրկած Նիկոլ Փաշինյանի նկարի՝ հայկական կողմից տարածումը նշանակում է, որ այո՛, մենք ընդունում ենք, որ Թուրքիան այս տարածաշրջանի հեգեմոն տերությունն է։ 4 տարի առաջ Փաշինյանն ասում էր, որ թուրքերը եկել են մեզ կոտորելու, հիմա ուրախ-զվարթ գրկում է Էրդողանի գիրքը՝ Էրդողանի նկարը։ Թուրքիան պրոբլեմ ունի տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Թուրքերը հույներին էլ են կոտորել, բայց Հունաստանի վարչապետը երջանիկ ժպիտով չի գնում Թուրքական տուն ու գրկում Էրդողանի գիրքը։ Ի՞նչ է, դա խանգարո՞ւմ է, որ նրանք բանակցեն արժանապատիվ կերպով։ Մարդը, ով իր կնոջ հետ ուղիղ եթերում սակարկում-առևտուր էր անում հայ գերիներին քարտեզների դիմաց մաս-մաս տալու հարցով, հիմա մեր իշխանության համար տեր է։
- Սրանց չի կարելի համեմատել բոլշևիկների հետ։ Նրանք գաղափարախոսություն ունեին։ Կոմունիստական Հայաստանը պայքարել է հայկական հողերի համար, այդ ժամանակ Հայաստանում շատ ազգային կառույցներ են կառուցվել, բացվել է Մատենադարանը…
- ՀՀ ԱԳՆ-ն արադարանում էր, թե՝ Ադրբեջան, քո դեմ չեմ զինվում։ Բա ո՞ւմ դեմ ես զինվում։ Եթե քո տարածքներն էդ պետությունն է օկուպացրել, դու ումի՞ց ես պաշտպանվում՝ այլմոլորակայինների՞ց, թե՞ Գվատեմալայից… Իսկ Ադրբեջանը թաքցնո՞ւմ է, որ հավակնություններ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ… Ո՛չ, չի թաքցնում։ Ադրբեջանը պետական մակարդակով իր երկրում տանում է Արևմտյան Ադրբեջանի քարոզ ու իր հասարակությանն ու պետական ինստիտուտներին պատրաստում է դրան։
- Մենք ունենք բարոյալքված, տրավմատիկ հիշողությամբ ապրող հասարակություն։ Արտագաղթի տեմպերն ահագնանում են։ Ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծել մեր անվտանգային խնդիրները, և սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ուրեմն պետք է փոխել նրանց… Ումո՞վ… Այլընտրանքները բազմաթիվ են։
- Էդ մարդիկ` ՀՀ նախկին նախագահները, բոլոր իրենց սխալներով, մեր պետության վերնախավն են եղել, մեր հաղթանակների կերտողներն են եղել։ Եվ հիմա բերենք, ենթադրենք, տապալված տնտեսական կամ կրթական քաղաքականության պատճառով զրոյացնե՞նք նրանց ամբողջ վաստակը կամ հավասարեցնենք Հայաստանը կոտորողների հե՞տ. դա աներևակայելի է, անհեթեթ ու անբարոյական է։ Հերի՛ք է քննարկել՝ նախկինները, սրանք-նրանք, չկա՛ տենց բան։ Դա հորինել են թյուրքերը։ Նախկինում էլ, 2018-ից առաջ, երբ մոնիթորինգ էի անում ադրբեջանական կայքերը, տեսնում էի քննադատություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ ու հետո նույն բանը տեսնում էի այն ժամանակվա ընդդիմության կողմից, ովքեր այսօր արդեն դե ֆակտո իշխանություն են։ Ո՞ր մի կառավարությունն է անթերի` Բայդենի՞, Ռուզվելտի՞, Մակրոնի՞, թե՞ Պուտինի։ Պատկերացնո՞ւմ եք` ֆրանսիացին ասի՝ Մակրոնի քաղաքականության պատճառով թքած ունեմ Նապոլեոնի, Շառլ Դը Գոլի ձեռքբերումների վրա։ Եվ բոլորը, ովքեր ունեն խոսքի հնարավորություն, նրանց, ում տեսել եմ Մյուռոնօրհնության ժամանակ, պիտի ասեն` ժողովո՛ւրդ, սա թմրանյութ է, օփիումային պատերազմ, որ դուք քննարկեք ամեն ինչ, բացի մեր իրական 3 սպառնալիքներից` Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի դե ֆակտո իշխանություն։
- Մենք ապրում ենք սարսափելի իրականության մեջ, որը շեղված է բոլոր նորմերից։ Հնարավոր չէ պատկերացնել սթափ և բարոյական միջավայր, որտեղ Հայաստանը ցեղասպանող մարդու հետ նստել, նրա գրքով նկարվելն ավելի բարոյական է ներկայացվում, քան Հայաստանի 2-րդ նախագահի գրքով լուսանկարվելը։
- Ես ունեմ իմ կարծիքը, բայց որպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ՝ Վեհափառ Հայրապետի որոշումները չեմ քննարկում։
- Ես իմ հայրական տնից զրկվել եմ Բերձորում։ Երբ ես ու քույրս դատարկում էինք մեր հայրական տունը 2020թ., մենք չէինք մտածում՝ ով է մեղավոր։ Մենք մտածում էինք՝ ի՞նչ անենք, որ էս վիճակը չկրկնվի, և ո՞նց հետ գնանք։ Հիմա այն մարդիկ, ովքեր քննարկում են՝ ո՞վ է մեղավոր, մսխում են մեր ռեսուրսները։ Ուզում եմ խնդրել բոլորին՝ մենք ունենք մեկ խնդիր՝ երկիրը կործանող դե ֆակտո իշխանություն և երկու թշնամի պետություն՝ Թուրքիա և Ադրբեջան։ Եկե՛ք կենտրոնանանք այդ սպառնալիքները չեզոքացնելու վրա։
- Ուզում եմ խնդրել բոլորին՝ մենք ունենք մեկ խնդիր՝ երկիրը կործանող դե ֆակտո իշխանություն և երկու թշնամի պետություն՝ Թուրքիա և Ադրբեջան։ Եկե՛ք կենտրոնանանք այդ սպառնալիքները չեզոքացնելու վրա։
- Եթե Ռուսաստանը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն այստեղ փորձում է որոշակի գործողություններ անել, ու դրա դեմը պետք է առնել, դա որոշակի զգուշացում է նաև Թուրքիային։
- Ես կասկած չունեմ, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունները սակարկում են Զանգեզուրի միջանցքի բացման գինը։ Իրենք պատրաստվում են տալ Միջանցքը։ Դա անզեն աչքով էլ է նկատելի։
- Հայաստանը դառնալու է Թուրքիայի կցորդ փոքրիկ նահանգ, եթե այս միտումները պահպանվեն։ Մենք դառնում ենք մի երկիր, որը կատարում է Թուրքիայի պահանջները։
Մանրամասները՝ տեսանյութում։